Լրահոս
Օրվա լրահոսը

11 հազար դրամով են ապրում

Փետրվար 27,2009 00:00

\"\"Սարգսյանների ընտանեկան նպաստի հատկացումը դադարեցվել է՝ չնայած նրանց վիճակը որեւէ կերպ չի բարելավվել:

Մի քանի ամիս է՝ Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Թամարա Սարգսյանի ընտանիքը գոյատեւում է 18-ամյա որդու՝ առաջին կարգի հաշմանդամ Սուրենի 11 հազար դրամ թոշակով: Ընտանիքը ընտանեկան նպաստի ցուցակներից դուրս է մնացել, չնայած այս ընտանիքի վիճակը որեւէ կերպ չի բարելավվել: Սոցիալական ծառայության պատասխանատուները պատճառաբանել են, որ նրանց կրտսեր դուստրն արդեն չափահաս է եւ կարող է աշխատել: Տիկին Թամարան ու նրա ամուսինը չեն աշխատում: Գյուղում աշխատատեղ չկա: Սարգսյանների երկու աղջիկները նույնպես գործազուրկ են: Նրանց մեծ աղջիկը, ճիշտ է, բարձրագույն կրթություն ունի, բայց ոչ միայն Դսեղում գործ չի գտնում, այլեւ շրջկենտրոնում՝ Վանաձորում: Թ. Սարգսյանի խոսքերով. «Մինչեւ անցյալ տարի՝ փոքր աղջկաս չափահաս դառնալը, գոնե պետության կողմից ընտանեկան նպաստ էինք ստանում, եւ ընտանիքիս հոգսը փոքր-ինչ թեթեւանում էր: Հիմա ապրելը շատ դժվար է: Դրան գումարած հաշմանդամ երեխա, որին անհրաժեշտ է նորմալ սնունդ»:

Տիկին Թամարան ընտանեկան նպաստը վերականգնելու խնդրանքով մոտ մեկ ամիս առաջ նամակով դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրանց ղեկավարած գերատեսչություններից պատասխանել են, որ նամակն ուղարկվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Սակայն նախարարությունից առայժմ որեւէ պատասխան Սարգսյաններին չեն տվել:

Տիկին Թամարայի պատմելով, երկար տարիներ է՝ իր ընտանիքը դժբախտություններից «ուշքի չի գալիս». մի քանի տարի առաջ մահացել է նրանց անբուժելի հիվանդությամբ տառապող որդին՝ Անդրանիկը: Հիվանդությունը երեխայի մոտ ի հայտ է եկել չորրորդ դասարանում, որից հետո նա չի կարողացել քայլել, իսկ 18 տարեկանում՝ մահացել է: Երկրորդ որդին՝ Սուրենը, նույնպես հիվանդ է ծնվել: Նա էլ ընդամենը մի քանի ամիս է դպրոց գնացել, քանի որ, բացի քայլել չկարողանալը, նրա մտավոր կարողությունները թերզարգացած են: Նա ամբողջ օրն անց է կացնում տանը՝ բազմոցին նստած: Նրա միակ զբաղմունքը խաղալիքներն են ու հեռուստացույցը, չնայած որ արդեն 18 տարեկան է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել