Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենք չունենք

Մարտ 11,2009 00:00

Կանանց հանդեպ իրականացվող բռնություններին առնչվող օրենքներ ընդունելու խնդիր ունենք

Ամեն օր կարելի է լսել, թե ինչպես են կանայք բռնության կամ ծեծի ենթարկվում իրենց ամուսնու, ընկերոջ կամ էլ փողոցային հանցախմբերի կողմից: Տարածված այս երեւույթը՝ կանանց նկատմամբ բռնությունը, դարձել է ամբողջ աշխարհի խնդիրը: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գործակալությունների ուսումնասիրությունների համաձայն՝ որոշ երկրներում յուրաքանչյուր երեք կանանցից մեկն իր կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության, ծեծի եւ այլն:

Խնդիրն արդեն գլուխ է բարձրացրել նաե ւ Հայաստանում՝ հայ կանանց եւ աղջիկների շրջանում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը մեկ տարի առաջ նախաձեռնեց մի քարոզարշավ՝ «Միավորվենք ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով՝ կոչ անելով վերջ տալ կանանց նկատմամբ բռնությանը: Քարոզարշավի մի մասն էր կազմում նաեւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱՀՏՎ) կողմից կազմակերպած Կանանց միջազգային օրվան նվիրված հատուկ միջոցառումը՝ կանայք եւ տղամարդիկ միավորվել են ընդդեմ կանանց եւ աղջիկների բռնության թեմայով: Բան Կի-Մունը Մարտի 8-ի կապակցությամբ կանանց ուղղված իր ուղերձում խորհուրդ է տալիս. «Գործենք միասին՝ հստակ բարձրաձայնելով, որ կանանց նկատմամբ բռնությունը չի հանդուրժվելու»: ՄԱԲՀ-ի գործադիր տնօրեն Թորայա Ահմեդ Օբայդին էլ իր հերթին տղամարդկանց հորդորում է ավելի շատ օգտագործել իրենց ազդեցությունը դրական փոփոխությունների համար: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովայի խոսքերով՝ հաճելի է, որ մեկ ամիս շարունակ կանանց մասին խոսում են, նրանց մեծարում. «Ցավոք, դեռեւս մեր կյանքում կան երեւույթներ, որոնք հնարավորություն չեն տալիս բոլոր կանանց լինել երջանիկ: Այս ուրախ օրերին մենք չենք կարող չհիշել նաեւ այդ կանանց, ու չենք կարող չհիշել այն իրավիճակները, որ ստեղծվում են նրանց համար»: ՄԱԲՀ ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանն ավելացրեց. «Արդեն գրեթե մեկ դար է, որ Մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային տոն, սա ոչ թե միայն լավ հնարավորություն է մեզ համար՝ եւս մեկ անգամ մեծարել եւ հիանալ մեր կանանցով, նաեւ լավ հնարավորություն է եւս մեկ անգամ բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կապված են այդ հարցի մութ կողմերի, այսինքն՝ կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունների, ոտնձգությունների հետ»: Ըստ նրա՝ բռնությունները գոյություն ունեն բոլոր երկրներում: Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց երկու ֆիլմ՝ «Սպանություն պատվի համար» (Թուրքիա) եւ «Կարմիր քարտ» (Ավստրիա), որոնցից առաջինում ներկայացված է կանանց նկատմամբ բռնության խնդիրը Թուրքիայում, երկրորդում էլ՝ թե ինչ դրսեւորում ունի նույն խնդիրը զարգացած երկրում՝ Ավստրիայում: ՄԱՀՏՎ ներկայացուցչի պաշտոնակատար Արմինե Հալաջյանը նկատեց. «Խնդրում տղամարդկանց դերը շատ մեծ է՝ դրական եւ բացասական առումներով. եթե բռնություն է կատարվում, ապա դա իրականացվում է հենց տղամարդկանց կողմից: Շատ կարեւոր է, որ տղամարդիկ խոսեն այդ բռնությունների դեմն առնելու մասին»: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերով վարչության պետ Լալա Ղազարյանն էլ գտնում է, որ հարցի լուծման մեջ կարեւորը ծրագրում տղամարդկանց ընդգրկվածությունն է. «Բռնության դեմ պայքարը՝ առանց տղամարդկանց, դժվար կլինի: Ուրախ եմ հայտարարելու, որ բավականին լուրջ կարծրատիպեր են հաղթահարվել այդ խնդիրը Հայաստանում լուսաբանելով. եթե տարիներ առաջ այլ մոտեցումներ էր ցուցաբերվում ղեկավար տղամարդկանց կողմից, այսօր վերաբերմունքը փոխվել է: 2008-ին, երբ մեկնարկեց քարոզարշավը, Հայաստանը նույնպես միացավ այդ ծրագրին եւ տարբեր մարզերում իրականացվեցին միջոցառումներ, քննարկումներ եւ այլն: Բայց հարցի լուծման մեջ կարեւորը վերջինս օրենսդրական դաշտ տեղափոխելն է: Կանանց հանդեպ իրականացվող բռնություններին առնչվող օրենքներ ընդունելու խնդիր ունենք, ինչի առիթով մշակվում են ծրագրեր: Կառավարության գործունեության ծրագրում ընդգրկել ենք գենդերային քաղաքականության, ռազմավարության հայեցակարգ եւ կառավարությունն այն պետք է հունիսին հաստատի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031