Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԵՎՈՐԴԸ

Մարտ 13,2009 00:00

\"\"3 տարի առաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ մենակատարների կատարմամբ Մոցարտի «Grand Messa»-ն հիանալի մեկնաբանեց ամերիկացի անվանի դիրիժոր Ջոն Նելսընը: Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների ու երգչախմբի հետ, Ֆիլհարմոնիկ նվագախմբի երգչախմբի եւ մենակատարների մասնակցությամբ, նա կմեկնաբանի Բեթհովենի «Missa Solemnis» մեծակտավ երկը:

Ջոն Նելսընը ղեկավարել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հեղինակավոր կոլեկտիվներ, այդ թվում՝ Նյու Յորքի, Բոստոնի, Լոս Անջելեսի, Քլիվլենդի, Սան Ֆրանցիսկոյի, Ռոտերդամի, Լայպցիգի նվագախմբերը, իսկ որպես օպերային դիրիժոր՝ երբեմն հանդես է եկել աշխարհահռչակ թատրոններում: «Առավոտը», գլխավոր փորձին ներկա գտնվելով, նկատեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ դիրիժորին ուղեկցում է կինը: Հետաքրքրվեցինք՝ նա իր ամուսնու աշխատանքային գործերո՞վ է զբաղվում եւ ո՞վ է մասնագիտությամբ: Ջ. Նելսընը ընդհատելով հազիվ երկու բառ արտաբերած իր տիկնոջը, ասաց. «Միասին ապրում ենք արդեն 45 տարի: Առանց կնոջս չեմ մեկնում եւ ոչ մի ուղեւորության: Ինչ վերաբերում է նրա մասնագիտությանը, նա մասնագիտությամբ իմ կինն է ու երեխաներիս մայրը»:

Հետաքրքրվեցինք՝ նախ, կոնկրետ ի՞նչ հավատքի տեր է Ջ. Նելսընը եւ, արդյոք, դրանի՞ց չի բխում, որ դիրիժորը վերջին տարիներին իրեն նվիրել է հատկապես հոգեւոր երաժշտությանը: Շրջանցելով հարցի առաջին հատվածը՝ մեր զրուցակիցը նշեց, որ մինչ օրս իր համար անգերազանցելի են Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի թողած հոգեւոր արժեքները, հետո էլ առանց մեկնաբանելու՝ ավելացրեց. «Յուրաքանչյուրին առաջնորդում է իր աստվածը»:

Հարցրինք՝ հնարավո՞ր է դիրիժորին հետագայում տեսնել նաեւ Երեւանի ազգային օպերային թատրոնում: Ի տարբերություն մեզ հետ զրուցած որոշ իր կոլեգաների, Ջ. Նելսընն ասաց. «Ասել եմ եւ պնդում եմ, որ օպերային եւ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորությունը տարբեր մասնագիտություններ են: Իսկ թե ինչու եմ մեկ-մեկ ղեկավարում նաեւ օպերային ներկայացում, բացատրությունը մեկն է՝ սիրում եմ օպերային արվեստը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել