«Քաղաքական բռնաճնշումների հերթական ալիքն է, որն այս անգամ ավելի համակարգված ու մասսայական են փորձում իրականացնել։ Այս իշխանությունների համար որևէ պատճառ չկա, առհասարակ անտրամաբանական է հարցնել, թե ինչ քրեական գործի շրջանակում է այս ամենը կազմակերպված։ Կա հստակ ցուցում, և այդ ցուցումով, անկախ նրանից՝ ինչպիսի պատճառ կա կամ չկա, ուժային կառույցներն անցել են գործի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում իրականացված խուզարկություններին:
Նա այսօր սկսված գործընթացները նույնպես պայմանավորեց ընդդիմության դիմադրությամբ՝ Ալիևի կողմից պարտադրվող սահմանադրության վերաբերյալ։
Անդրադառնալով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե սահմանադրության նախագիծն «Ալիևյան սահմանադրություն» որակողները գլուխները պատին են տալիս՝ Յոլյանն ասաց.
Կարդացեք նաև
«Սա արդարադատության նախարարի խոսույթ չէ։ Նախ՝ նախարարը պետք է վերանայի իր խոսույթն ու պահվածքը, որովհետև ընդդիմություն ասելով՝ պետք է նկատի ունենա այն հարյուր հազարավոր քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը և լիազորել, որ ընդդիմությունն իր մանդատներով թույլ չտա առաջ մղել Ալիևյան սահմանադրությունը»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































