Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազբորկա՝ մահացու ելքով

Ապրիլ 04,2009 00:00 Share

\"\"ՀՀԿ-ականները կրակել են իրար վրա

«Ապրիլի 2-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Կարեն Հակոբյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի հետնամասում հրազենային վնասվածքը Կ. Հակոբյանին հասցրել է անհայտ անձը եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր եւ 4 պարկուճ: Կատարվում է նախաքննություն»: Սա ոստիկանության պաշտոնական կայքէջից վերցված տեղեկատվությունն է նախորդ գիշերը Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած «ռազբորկայի» մասին: Դեպքի առիթով «Առավոտին» հաջողվեց ճշտել որոշ մանրամասներ: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, Կարեն Սամվելի Հակոբյանի վրա (մականունը «Կիսատ») կրակել է ոչ թե անհայտ անձը, այլ այժմ փախուստի մեջ գտնվող Արթուր Անդրանիկի Սեդրակյանը՝ «Տիզ» մականունով: Ի դեպ, գիշերը ոստիկանության բաժանմունք են տարել Արթուրի հորը՝ Անդրանիկ Սեդրակյանին, եւ երեկ նա դեռ բաժանմունքում էր: Իսկ Սեդրակյանների ընտանիքի մյուս անդամները նույնպես փախուստի մեջ են: Կարեն Հակոբյանը եւ Արթուր Սեդրակյանը նույն՝ «Բ1» կոչվող թաղամասի բնակիչներ են, երկուսն էլ համայնքի ավագանու անդամներ, երկուսն էլ ընդգրկված են նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ նախընտրական ցուցակում. Կարեն Հակոբյանը՝ 101-րդ հորիզոնականում, Արթուր Սեդրակյանը՝ 43-րդ հորիզոնականում: Ի դեպ, երկու երիտասարդներն էլ ավագանու պաշտոնում «փոխարինում» էին իրենց ծնողներին, որոնք անցյալում նույնպես երկու ժամկետ համայնքի ավագանու անդամ էին:

Այս պահին շրջանառվում է վիճաբանության երկու պատճառ: Մեկ, որ դա վաղուցվա վեճ է եւ տնտեսական հիմք ունի: Եվ երկրորդ՝ նոր սկսված հակամարտություն է եւ կապ ունի առաջիկա ընտրությունների հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ-ում ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ցուցակում անցողիկ կհամարվեն ոչ թե հերթական համարները, այլ այն անձինք, ովքեր, ըստ ընտրատեղամասերի, առավել շատ քանակով ձայներ կապահովեն կուսակցության համար: Կարեն Հակոբյանը եւ Արթուր Սեդրակյանը նույն թաղամասի բնակիչներ են, եւ նրանց ընտրողները պետք է միեւնույն տեղամասերում քվեարկեին: Այսինքն՝ վերջիններս «ձայներ կիսելու» խնդիր են ունեցել:

Մեր տեղեկություններով, այս վիճաբանության արդյունքում երիտասարդներից մեկի ընկերն էլ գտնվում է հիվանդանոցում, ծանր վիճակում: Նրան դանակահարել են կռվի ընթացքում: Մինչդեռ պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ չի ասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել