Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԱՌԱՋԱԴՐԵՑԻՆ ԱՐԾՎԻԿԻՆ

Ապրիլ 04,2009 00:00 Share

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը պատասխանելով «Հրապարակ» թերթի հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն որոշեց իրեն առաջադրել, երբ այդ կուսակցությունում կան ավելի հայտնի եւ քաղաքականացված դեմքեր՝ ասել էր. «Դաշնակցական եմ եւ պարտավոր եմ կատարել այն որոշումը, որը կուսակցությունը կայացրել է: Բայց ավելի կոռեկտ կլինի, որ պատասխանը հնչեցվի, օրինակ, Արմեն Ռուստամյանի կողմից»: «Առավոտն» այդպես էլ վարվեց՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հավելյալ հետաքրքրվելով՝ արդյոք ճի՞շտ են լուրերը, թե Արծվիկ Մինասյանին առաջադրել են, քանի որ ինքն ու Վահան Հովհաննիսյանը հրաժարվել էին գլխավորել ցուցակը: «Պատճառը շատ հստակ է,- պատասխանեց պրն Ռուստամյանը:- Մեր ընտրողներն էլ կամաց-կամաց պիտի գիտակցեն, որ խոսքն ավագանու ընտրության մասին է: Իհարկե, այդ ընտրությունները քաղաքականացված են շատ ավելի, քան մինչեւ հիմա անցկացված տեղական ինքնակառավարման որեւէ մարմնի ընտրություն, քանի որ օրենքի տրամաբանությամբ՝ մրցում են կուսակցությունները: Սակայն մրցում են ինչի՞ համար՝ այս է խնդիրը. մրցում են ավագանու կազմում հնարավորինս շատ տեղեր ունենալու համար եւ թե՛ ավագանու, թե՛ քաղաքապետի լիազորությունները լիարժեք իրականացնելու նպատակով: Ուստի սա գնահատելով իրեն համապատասխան մակարդակով ընտրություններ՝ համարեցինք, թե մեր ներկայացրած ցուցակը լավագույնս կիրականացնի այն խնդիրները, որոնք «Երեւանի մասին» օրենքով նախատեսված են ավագանու եւ քաղաքապետի համար: Այն թիմը, որը ներկայացրել ենք՝ իսկապես լավագույնս ապահովում է դա, եւ մեր ընտրարշավի ժամանակ մանրամասն, որոշակի ցույց կտանք, թե ամեն մեկն ինչու է հայտնվել ցուցակում: Ինչ վերաբերում է մեզ՝ կարծում եմ, կուսակցության մեծության եւ կադրային բանկի հարստության մասին է վկայում այս ընտրությունը: Եվ ես չեմ հասկանում այնպիսի կուսակցությունների, որոնք ամեն տեղ ներկայացնում են նույն մարդկանց: Չի՛ կարող մի մարդն ամեն ինչի մասնագետ լինել: Անձամբ ես՝ ինքս ինձ այդպես չեմ գնահատում եւ չեմ համարում, թե կարող եմ ամեն տեղ աշխատել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել