Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանին պետք է նշանակովի քաղաքապետ

Ապրիլ 04,2009 00:00 Share

\"\"ՄԻԱԿ-ում այս կարծիքին են

Միացյալ ազատական ազգային կուսակցությանը (ՄԻԱԿ) հետաքրքրում եւ մտահոգում են հանրապետությունում տեղի ունեցող բոլոր քաղաքական իրադարձությունները, պարզապես վերջերս տեղի ունեցած համագումարի որոշմանը հավատարիմ՝ երկամյա պատմություն ունեցող կուսակցությունում առաջնահերթ են համարում կուսակցական շինարարությունը: Ի դեպ, դա զուգորդվում է նաեւ առաջիկայում «օրենսդիր մարմնում լրջագույն մասնակցություն ունենալու» պատրաստություններով: Այդ է պատճառը, որ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին ՄԻԱԿ-ը չի մասնակցում: Բայց այդ մասին ուրույն կարծիք ունեն: «Քանի որ Երեւանը մեծ ֆինանսական եւ մարդկային ռեսուրս ունեցող համայնք է, ուստի Երեւանի քաղաքապետի պաշտոնը պետք է լինի նշանակովի՝ հանրապետության նախագահի կողմից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կուսակցության քարտուղար Վահան Բաբայանը: ՄԻԱԿ-ում, իհարկե, դեմ չեն Հայաստանի ժողովրդավարացմանը եւ եվրոպական արժեքներին ինտեգրմանը, բայց՝ «Մենք ցանկանում ենք մեր երկրում տեսնել ավելի կազմակերպված կառավարում եւ հստակ նախանշված ծրագրերի իրականացում: Դրա համար էլ պատահական չէ, որ դեռեւս նախընտրական քարոզարշավը չսկսված՝ մայրաքաղաքում բավականին լարված մթնոլորտ է, եւ ընդդիմությունն էլ հայտարարում է, որ այս ընտրությունները համարում է նախագահականի երկրորդ փուլ կամ սահմանադրական կարգը վերականգնելու փորձ: Երեւանի քաղաքապետի ընտրությունները, իհարկե, քաղաքական իրադարձություն են, բայց չի կարելի դա դարձնել քաղաքական ռեւանշի կամ քաղաքական չբավարարված ամբիցիաների բավարարման հարթակ: Բավականին վտանգավոր է, քանի որ բնակչության մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում: Քաղաքապետը պետք է զբաղվի քաղաքով»,- ասում է Վահան Բաբայանը: ՄԻԱԿ-ում, իհարկե, լծվելու են ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ անցկացնելու գործընթացին, թույլ չեն տալու, որ ոտնահարվեն ընտրողների իրավունքները եւ արդեն իսկ հավատացած են, որ ընտրություններն անցնելու են «բարձր մակարդակով, եւ մի քայլ առաջ ենք գնալու»: Իսկ՝ «ո՞ւմ ընտրել» հարցում կուսակցական ղեկավարությունը համակիրներին կկողմնորոշի քարոզարշավի ընթացքում: Մեր զրուցակից Վահան Բաբայանը իր քվեն տալու է ՀՀԿ-ի ցուցակին:

Իսկ ինչո՞ւ են ՄԻԱԿ-ում այդպես ինտենսիվ նախապատրաստվում խորհրդարանական ընտրությունների, արդյոք կարծո՞ւմ են, որ դրանք արտահերթ են լինելու՝ հարցին կուսակցության քարտուղարը պատասխանեց. «Հայաստանի նման քաղաքական համակարգ ունեցող երկրներում ոչինչ բացառել չի կարելի: Կայացած կուսակցությունները միշտ պետք է պատրաստ լինեն բոլոր տիպի ընտրությունների, հատկապես՝ խորհրդարանական, քանի որ կուսակցության արտահայտման լավագույն ձեւն օրենսդիր իշխանությունն է»: Ի դեպ, դառնալով խորհրդարանական կուսակցություն՝ ՄԻԱԿ-ն իր առաջարկները պաշտոնապես կներկայացնի Երեւանի քաղաքապետի նշանակովի լինելու մասով, ինչպես նաեւ՝ «երկրին ու ժողովրդին հուզող այլ հարցերի մասով»: Թերեւս, ինչպես մինչ այժմ՝ այլ կուսակցությունների օրինակով: Ինչեւէ, ՄԻԱԿ-ում շեշտը չեն դնում առաջիկա ընտրությունների վրա: «Պետք չէ բացառել առաջիկայում արտաքին քաղաքական իրադարձությունները, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները, ԼՂՀ խնդիրը: Իսկ քաղաքապետի ընտրությունները ռեւանշի ձգտելու վերջին մոլուցքն են, ամեն դեպքում, դրանք ավարտվելու են այնպես, ինչպես որ գիտենք՝ կրկին անգամ հաղթելու են հանդուրժողականությունը, երկխոսությունը, կայունությունը»,- ասաց Վահան Բաբայանը: Նկատի ունեք, որ նորից ծեծուջա՞րդ կլինի, մարդի՞կ կմահանան եւ իշխանությունը ժողովրդի նկատմամբ կտանի իր հերթական հաղթանա՞կը՝ «Առավոտի» դիտարկման արձագանքը եղավ՝ «Ես նման բան չասացի»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ո՞րն էր նպատակը՝ «Միասին» շարժման հայտնի ակցիայի շրջանակներում դասախոսների վարկաբեկման, քանր որ դրա ետեւում հենց ՄԻԱԿ-ն էր, եւ լուրեր էին շրջանառվում, որ «պախարակված» դասախոսները համարձակվել էին բարձրաձայն «տերպետրոսյանական» հայացքներ արտահայտել: Վահան Բաբայանը կտրականապես հերքեց, որ ՄԻԱԿ-ը կապ ունի ակցիայի, առավել եւս՝ «Միասինի» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել