Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության խնդրին: Նա նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարների հետ, որի արդյունքում էլ այդ նախագծի գործնական նախապատրաստման համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Հ. Բեհբահանին վստահեցրել է, որ Իրանը պատրաստակամ է օժանդակել Հայաստանին՝ հնարավորինս կարճ ժամկետներում նախագիծն իրականացնելու համար. «Հայաստանի հարավային ճանապարհն այսօր առավել քան հուսալի է, եւ մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որ հնարավորինս հեշտացվի կապը եւ երթեւեկությունը մեր երկրների միջեւ»: Տ. Սարգսյանի համոզմամբ էլ, Հայաստան-Իրան երկաթգծի գործարկումը կնպաստի, որպեսզի կտրուկ ավելանան մեր երկրում ապրանքաշրջանառության ծավալները:
Նշենք նաեւ, որ երեկ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ Համիդ Բեհբահանին նախնական հուշագիր են ստորագրել երկու երկրների միջեւ ուղիղ երկաթուղային հաղորդակցության հաստատման վերաբերյալ: Գ. Սարգսյանի ներկայացմամբ, հուշագրի վերջնական ստորագրումը ակնկալվում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլին Իրան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Նշենք, որ երկաթուղու երկարությունը կազմելու է շուրջ 480 կմ, որից 60-ը անցնելու է Իրանի, իսկ 420-ը՝ Հայաստանի տարածքով: Ըստ Հ. Բեհբահանիի, երկաթուղու նախագծման նախնական աշխատանքները կտեւեն 1-1,5 տարի, իսկ շինարարությունը՝ 3-4 տարի:


















































