Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՐԱՆՑՈՒՄ՝ ԱԿՆԱԼԻՃԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Ապրիլ 04,2009 00:00 Share

\"\"Կրթական բարեփոխումների արդյունքում՝ դպրոցի ճամփան դառնալու է դժվար ու երկար

Ավագ դպրոցի մասին լուրն իսկական իրարանցում է առաջացրել ոչ միայն միջնակարգ հաստատություններում, այլեւ դպրոցականների ու նրանց ծնողների շրջանում: Դժգոհ են հատկապես գյուղական համայնքների բնակիչները, որոնց երեխաները հաջորդ ուսումնական տարվանից դպրոց գնալու համար ստիպված են լինելու երկար ու ձիգ ճանապարհ կտրել:

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում սովորողների ծնողները, օրինակ, դեմ են, որ իրենց երեխաներն ուսումը շարունակեն Մեծամորի դպրոցում, այն պարզ պատճառով, որ Մեծամորը իրենց գյուղից 5 կմ հեռու է: Աշակերտների ծնողների վրդովմունքը ոչ միայն հեռավորությունն է, այլ նաեւ, իրենց կարծիքով, երկակի ստանդարտների կիրառումը՝ ակնալիճցիք ասում են, որ գյուղի դպրոցը լիովին համապատասխանում է ավագ դպրոց դառնալու չափանիշներին:

Ակնալիճցի ծնողները 400 ստորագրությամբ դիմում են հղել Արմավիրի մարզպետին՝ խնդրելով ավագ դպրոցի կարգավիճակ տալ իրենց կրթօջախին: Դիմումում նշված է, որ կրթական բարձր որակ ապահովելու համար դպրոցն ունի լիարժեք պայմաններ. համակարգչային դասարաններ՝ ինտերնետով, լաբորատորիաներ, ակտիվ ընթերցողներով հարուստ գրադարան, հանդիսությունների ու մարզադահլիճ, ընդարձակ ճաշարան:

Չնայած դպրոցի ղեկավարությունը եւս համաձայն չէ իրենց մեծ ու հարմարավետ դպրոցն ավագների ցանկից դուրս թողնելու որոշմանը եւ լիովին կիսում է ծնողների մտահոգությունը, բայց իր վերաբերմունքը որեւէ ձեւով արտահայտել չի պատրաստվում: Նույնիսկ երբ ծնողները տնօրեն Սիլվա Թադեւոսյանին դիմել են իրենց օգնելու, ուղղություն ցույց տալու խնդրանքով, վերջինս մերժել է՝ ասելով, որ դրա իրավունքը չունի, բայց նաեւ չունի բարոյական իրավունք՝ արգելելու նրանց բարձրացնելու իրենց բողոքի ձայնը:

Ծնող Արմինե Բարսեղյանը զարմացած է, որ վերջերս հիմնանորոգված ու գազիֆիկացված դպրոցը ոչնչով չի գրավել մարզի կրթական ոլորտը համակարգողներին, որոնց որոշմամբ էլ հենց իրենց կրթօջախը հայտնվել է 8-ամյա դառնալու շեմին: Իսկ 9-րդ դասարանցի Ռաֆիկ Մարտիրոսյանն իր եւ դասընկերների անունից դժգոհեց, որ համայնքից համայնք դպրոց գնալը նախ ժամանակատար ու ծախսատար է, ապա՝ ոչ արդյունավետ: Ասաց, որ դեռ 2006 թվականին իրենց դպրոցից հինգ աշակերտ գնացել էին Մեծամորի մաթեմատիկական թեքումով դպրոցում ուսումը շարունակելու, բայց մի կիսամյակ էլ չսովորած՝ ետ են վերադարձել, ասելով, որ Ակնալիճի դպրոցն իրենց ավելին է տալիս: «Այդ երեխաներն այսօր մայր բուհի ուսանողներ են՝ շնորհիվ մեր գյուղի դպրոցի տված գիտելիքների»,- հայտարարեց Ռաֆիկը:

Բացի Ակնալիճ գյուղից, Մեծամոր կգնան նաեւ Տարոնիկ, Զեւա, Արտաշար եւ էլի մի շարք գյուղական համայնքների դպրոցների բարձր դասարանցիները: «Եթե երեխան քաղաքում է մի դպրոցից տեղափոխվում մեկ այլ դպրոց, այնքան էլ մտահոգիչ չէ, որովհետեւ տեղաշարժը քաղաքի մեջ է, բայց պատկերացնո՞ւմ եք՝ 15-16 տարեկան երեխան ամեն օր գնալ-գալու վրա մեկ ժամից ավելի է կորցնելու, էլ չեմ ասում՝ գյուղական ճանապարհների բարդությունները: Դրանից հետո ոչ սովորելու ուժ կունենա, ոչ հավես…»,- ասաց ծնող Արմինե Բարսեղյանը:

501 աշակերտ ունեցող Ակնալիճի դպրոցը վերջերս է հիմնանորոգվել. պետական միջոցների հաշվին ամբողջությամբ փոխել են տանիքն ու պատուհանները, գործի դրել լոկալ ջեռուցմամբ կաթսայատունը: Գյուղի բնակիչների ասելով՝ վերածվելով 8-ամյա դպրոցի, հսկայական շենքի որոշ մասնաբաժիններ դատարկվելու են: Այս հարցում էլ նրանք մտահոգություն ունեն. ասում են՝ ղեկավարները պարապ մնացած «կորպուսները» կհանձնեն վարձակալներին, ովքե՞ր են՝ Աստված գիտի, ինչ գործունեություն կծավալվի, ինչ օբյեկտ կբացվի:

Ակնալիճցիներն իրենց անելիքը հստակ գիտեն. պայքարելու են, որ իրենց եւ հարակից մի քանի գյուղական համայնքների երեխաների համար սովորելը՝ տառապանք, իսկ դպրոցի ճամփան դժվար ու երկար չլինի: Իսկ եթե իրենց խնդրանքն անարձագանք մնա, որոշել են 2009-2010 ուսումնական տարին մեկնարկել դասադուլով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել