Լրահոս
Օրվա լրահոսը

G20-ի առաջնորդները կծախսեն $1,1 տրիլիոն

Ապրիլ 04,2009 00:00

\"\"Հինգշաբթի օրը Լոնդոնում կայացած 20 առավել զարգացած երկրների համաժողովում որոշում է ընդունվել Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին տրամադրել ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով: Մասնավորապես, ԱՄՀ-ի միջոցները նախատեսվում է մեծացնել 3 անգամ՝ հասցնելով $750 միլիարդի: Ընդ որում, Չինաստանը հիմնադրամին կտա $40 միլիարդ, իսկ Եվրամիությունն ու Ճապոնիան՝ $100 միլիարդ: Բացի այդ, մոտ ժամանակներս $250 միլիարդ հատկացվելու է համաշխարհային առեւտուրը աշխուժացնելու համար: Սպասվում է, որ մոտ ժամանակներս պատժամիջոցներ են մտցվելու, այսպես կոչված, օֆշորային գոտիների նկատմամբ այն տարածքներում, որտեղ հարկային պարտավորությունները խիստ ցածր են, ինչը փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հնարավորություն է տալիս: Ինչպես հայտնում է BBC-ին, Լոնդոնում հաստատված միջոցառումների գնահատականը տրվելու է G20-ի հաջորդ հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել սեպտեմբերին՝ Նյու Յորքում: Համաժողովի մասնակից երկրների ղեկավարներն ընդհանուր առմամբ լավատեսական գնահատական են տվել հանդիպմանը: Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ հանդիպումն անվանեց շրջադարձային պահ միջազգային ճգնաժամի դեմ պայքարի ջանքերի առումով: «Բոլոր չափանիշներով Լոնդոնի համաժողովը պատմական էր,- նշեց Օբաման,- համաշխարհային լիդերները հրաժարվել են պրոտեկցիոնիզմից, որը հաստատ կխորացներ ճգնաժամը»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերով՝ Լոնդոնում ձեռք բերված պայմանավորվածությունները կապահովեն ֆինանսական շուկաների աշխատանքի ավելի պարզ համակարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել