Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար մարդու տասը պատվիրանները

Ապրիլ 04,2009 00:00

\"\"1. Հարգե՛ք իշխանությունը: Բիզնեսում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հարգել գործընկերներին եւ այն պետության օրենքները, որտեղ գործունեություն եք ծավալում: Հավասարապես հարգեք թե՛ ձեր ղեկավարներին, թե՛ ձեզ հավասար հասարակական դիրք ունեցող աշխատողներին եւ թե՛ ձեր ենթականերին:

2. Եղե՛ք նպատակասլաց, քանզի նպատակին հասնելու համար հարկ է կենտրոնացնել ողջ կենսական ուժը: Ձեր առջեւ միշտ կոնկրետ նպատակ դրեք եւ մի՛ շեղվեք ձեր հիմնական նպատակից: Բայց, միեւնույն ժամանակ, ձեր նպատակին հասնելու համար մի՛ խախտեք բարոյական նորմերի սահմանը:

Գործարար մարդը պետք է կարողանա ռացիոնալ օգտագործել իր ժամանակը, միջոցները եւ տաղանդը: Նրա բարոյական արժեքները եւ անձնական գործերը երբեք չպետք է հակասեն կազմակերպության շահերին ու նպատակներին, միեւնույն ժամանակ, կազմակերպության նպատակները՝ աշխատակիցների բարոյական արժեքներին ու նպատակներին:

3. Հավատարիմ եղեք ձեր խոսքին: Մի՛ տարանջատեք խոսքը եւ գործը:

Գործարար մարդը պետք է հավատարիմ լինի իր խոսքին, կատարի դրանք ու երբեք չչարաշահի կամ չկորցնի աշխատակիցների վստահությունը:

4. Քանի որ հանգիստը ստեղծագործական արդյունավետ աշխատանքի հիմնական պայմաններից է, ժամանակ տրամադրեք նաեւ ձեր հանգստին:

Կազմակերպությունում աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է աշխատողների առողջական վիճակից եւ ինքնազգացողությունից: Կանոնավոր հանգիստը վերականգնում է օրգանիզմի կենսական ուժերը, վերացնում ուղեղի գերհոգնածությունը:

5. Հարգե՛ք մեծերին, քանի որ կազմակերպության ներկան եւ ապագան հիմնվում են անցյալի վրա: Հաշվի առեք ավագ սերնդի ներկայացուցիչների կենսափորձն ու հետեւեք նրանց խորհուրդներին:

6. Հարգե՛ք մարդկային կյանքն ու մարդու իրավունքները։ Պետք է հարգել ոչ միայն ուրիշների, այլեւ՝ սեփական կյանքը: Գործարար աշխարհը թմրամոլների եւ ալկոհոլիզմով տառապողների ոլորտ չէ: Ցանկացած իրավիճակում անհրաժեշտ է առաջնորդվել բարոյականության «ոսկե» կանոնով. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես վարվեք նրանց հետ»:

7. Սիրե՛ք ձեր ընտանիքը եւ նվիրված եղեք ձեր հարազատներին. ընտանիքը հասարակության հիմքն է, իսկ ամուր ընտանիքը՝ գործարար մարդու եւ նրա հիմնարկի բարգավաճման գրավականը: Մարդը պետք է պատասխանատու լինի ընտանիքի անդամների եւ հարազատների համար:

8. Անկեղծ եւ արդարամիտ եղեք: Առանց տատանվելու մերժեք բոլոր անարդար առաջարկները: Պահպանե՛ք ձեր եւ ձեր կազմակերպության բարի համբավը:

9. Հարգե՛ք մասնավոր սեփականության իրավունքը: Միայն աշխատասեր, ստեղծագործ եւ սիրալիր մարդը կարող է աշխատանքից հաճույք եւ նյութական եկամուտներ ակնկալել: Հեղինակությունը, համբավ ձեռք բերելը, եկամուտներ ստանալը երբեք ինքնանպատակ չպիտի լինեն: Աշխատանքում ձեր հիմնական նպատակը պետք է լինի՝ կենսական ներուժի եւ ընդունակությունների սպառումը, ինքնաիրագործումը:

10. Սեփական նպատակներն իրականացնելու համար մի՛ օգտագործեք կազմակերպության միջոցները: Եվ, որ ամենակարեւորն է՝ ժամանակին վճարեք ձեր աշխատակիցների աշխատավարձերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել