Լրահոս
Օրվա լրահոսը

«Քուչեքն ընկած՝ ապրում եմ»

Ապրիլ 25,2009 00:00

Տիկին Կատյան բնակվում է տնակում

«10 տարի ապրում էինք էս «դոմիկում» ու լույս չունեինք: Աստված պահի, բալա ջան, մի օր քո նման մեկը եկավ, նկարեց, ժուռնալի մեջը դրեց: Երեւանի լույսի դիրեկտորը եկավ ու լույս քաշեց, շատ լավ մարդ էր»,- մեզ հետ զրույցում պատմեց 76-ամյա Կատյա Շահազիզյանը: Նա արդեն 10 տարի բնակվում է իր քույրիկին հատկացված Էջմիածնի Չարենցի թաղամասի թիվ 52 «դոմիկում», քանի որ մնացել է անտուն: Նրա 2 որդիները բնակվում են Ռուսաստանում. «Այնտեղ ամուսնացել են, ամեն մեկը 2 երեխա ունի, բայց ի՞նչ անեն, որ մի մեր չեն կարում պահեն»:

Տիկին Կատյայի ամուսինը թոքախտով հիվանդ է եղել, եւ նրանք 1973-ին ամուսնալուծվել են՝ «որ երեխեքս էլ թոքախտով չհիվանդանան»: Ամուսնալուծությունից հետո տիկին Կատյան դիմել է Աշտարակի շրջանային ժողդատարան՝ հայց ներկայացնելով իր նախկին ամուսնու՝ Լեւոն Շահազիզյանի բնակարանի պահանջի մասին: 1973 թվականի փետրվարի 3-ին դատարանի վճռով Աշտարակի Գ. Գրիգորյան փողոցի թիվ 154 տունը բաժանվում է կողմերի միջեւ:

«Բայց հետո կեսուրս տունը կտակեց աղջկան, ինձ էլ խաբեցին, վախացրին, ես էլ վախից ինչ-որ թղթեր ստորագրեցի, ու տունս ձեռիցս առան»,- ասաց Կ. Շահազիզյանը:

Տիկին Կատյան տան հարցով դիմում է իրավասու մարմիններին, սակայն խնդիրը այդպես էլ չի լուծվում: «Հետո սովխոզը տեսավ, որ վիճակս վիճակ չի, ու ինձ 1 հա այգի հատկացրեց: Բայց էդ հարցում էլ բախտս չբերեց: Պարզվեց, որ էդ տարածքները մեզանից պետք ա վերցնեն, որ փախստականների համար տներ կառուցեն: Իսկ փոխհատուցումը անընդհատ հետաձգվում էր»,- մեզ հետ զրույցում պատմեց նա:

Այդ ամենից հետո Կ. Շահազիզյանը տեղափոխվում է տնակում ապրելու: Այս թաղամասում կա 50 տնտեսություն, սակայն խմելու ջուր չկա: Նրանք բոլորը հույս ունեն, որ «մի օր մի բարի ջրի դիրեկտոր կգա ու մի աղբյուր կսարքի էս ժողովրդի համար»:

Կ. Շահազիզյանն իր քրոջ՝ Սիրանույշի հետ երկար ժամանակ գումար է հավաքել, որ կարողանան տնակի բակում ջրհոր սարքել. «70 հազար դրամ տվեցինք հոր փորողներին: Էհ, բալա ջան, չես պատկերացնի, թե մեզ քանի ամիս ենք հաց ու ջրից զրկել, որ էդ փողը հավաքել ենք»: Տիկին Կատյան դիմում է գրել Էջմիածնի ջրային վարչություն, սակայն՝ «Էս արդեն մի ամիս կլինի, բայց պատասխան չկա»: Իսկ մինչ ջրային տնտեսության պատասխանը կգա՝ Կ. Շահազիզյանն ու նրա նման շատ բնակիչներ ստիպված են լինում խմելու ջուրը բերել մոտակա աղբյուրից: «Բայց դե մեծ կին եմ, ոտերս ցավում են, քրոջս ոտերը ուռել են, չենք կարողանում, էլ ուժ չունենք»,- ասաց տիկին Կատյան:

Տիկին Կատյան Մայր տաճարի բակում սրբապատկերներ է վաճառում: Սակայն այստեղ էլ ամեն օր նա նոր խնդիրների է հանդիպում. «Հսկիչները քաշքշում են ինձ, ծեծում են, միլիցիոներները խփում են, որ գնամ: Խաչերը, նռերը ջարդում են, սրբի նկարները՝ ճղում»: Քաղաքի բնակիչները հաճախ են օգնում նրան: Շուկայի վաճառողները աշխատանքային օրվա վերջում նրան մթերք, բանջարեղեն եւ այլ իրեր են տալիս: Կ. Շահազիզյանն իրենց թաղամասի 50 տնտեսության անունից խնդրում է համապատասխան մարմիններին, որ ջրի հարցը հնարավորինս շուտ լուծեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել