Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 25,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ հինգերորդ

ԱՆՀԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՈՎ ԽՆՁՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո նվիրյալ հեղափոխականները, հեղափոխությամբ ներշնչվածներն ու անձամբ Պետրոսյան Երվանդը գնում են իրենց տներն ու համբերությամբ սպասում են իրենց բախտին, եւ առավել գործազուրկներն ու անհամբերները վերստին հեղափոխական միջավայր ու մթնոլորտ են փնտրում, եւ առավել ժրաջաններն էդ միջավայրն ու մթնոլորտն անմիջապես գտնում են, իսկ ինչ վերաբերում է անձամբ Պետրոսյան Երվանդին, վերջինս իր բախտին համբերատար սպասելով՝ երբեմն տրտնջալով, բայց հիմնականում անտրտունջ շարունակում է մանկական ու մեծական բանաստեղծություններ գրել, եւ չնայած ընթերցողները հիմնականում նրա մանկականներին են նախապատվություն տալիս, Երվանդը նույն ոգեւորությամբ մեծականներն էլ է շարունակում եւ, փաստորեն, ակտիվորեն գրական կյանքին մասնակցելով՝ զգալիորեն ու նկատելիորեն ակտիվացնում է գրական կոչվող կյանքը, ու հենց էս պահին, ահա, Երվանդը սենյակիս դուռն է թակում, եւ ես համոզված եմ, որ ինքն է, ու վերստին ճիշտ եմ գուշակել, որովհետեւ Երվանդը մշտապես հեղափոխական լինելով՝ չափազանց մեղմ է ստեղծագործողներիս դռները թակում, ու հիմա՝ երբ էս նախադասությունս շարունակում եմ, Երվանդի հետ արդեն վերադարձել ենք բերքահավաքից, ու բերքահավաք ասածս Երվանդի ամենօրյա զբաղմունքն է, ու երեւի կանխազգալով, որ հերթական հեղափոխության հաղթանակի պտուղներից էլ է անմասն մնալու, հիմիկվանից սկսել է գլխի ճարը տեսնել, եւ արդեն երրորդ օրն է՝ Ծաղկաձորի մի երկհարկանի առանձնատան այգուց ահագին տանձ ու խնձոր է բերում եւ իր էդ բեռուբոխչից ո՛չ միայն գրողներիս է բաժին հանում, այլեւ՝ ստեղծագործական տան աշխատողներին, ու էսօր իր էդ ամենօրյա բարեգործության համար ինձ էր գործընկեր դարձրել, ու էդ գործում իմ անելիքն ընդամենը հետեւյալն էր. մինչ Երվանդն իր չափազանց երկար փետով խփում էր ծառերի գերծանրաբեռնված ճյուղերին եւ տանձերն ու խնձորները լցնում էր իր մեծ պայուսակի ու չափազանց մեծ ցելոֆանե տոպրակի մեջ, ես էդ ամբողջ ժամանակ աթանդա կանգնած՝ շուրջբոլորն էի նայում, որ եթե որեւէ մեկը հայտնվեր՝ Երվանդին իմաց անեի, բայց իմ ու Երվանդի բախտից՝ որեւէ մեկը չհայտնվեց ու չտեսավ, եւ երբ բարեհաջող պանսիոնատ հասանք, Երվանդը, նախորդ օրերի պես, իր հյուրասիրությունն սկսեց ստեղծագործական տան աշխատողներից, եւ չնայած պանսիոնատի ծաղկաձորցի աշխատողների աչքն էդ տանձուխնձորներից միանգամայն կուշտ էր, այդուհանդերձ, աշխատողները Երվանդի հյուրասիրությունը չէին մերժում, ու երբ Երվանդը մեր ավարից փայ հանեց նաեւ Մոսոյի տեղակալ Ալլային, Ալլան է՛լ Երվանդի հյուրասիրությունը գոհունակությամբ ընդունեց, բայց քիչ անց, մեր բերած տանձերն ու խնձորներն ավելի ուշադիր զննելուց հետո, զարմացած նայեց Երվանդին ու ժպտալով հարցրեց՝ «սրանք որտեղի՞ց եք քաղել», ու Երվանդը գողոնի տեղը մանրամասն նկարագրելով՝ Ալլային ասաց՝ «մարդ չի տեսել, Ալլա ջան. էդ տան տերերը երեւի Ծաղկաձորում չեն», եւ Ալլան ժպտալով ասաց՝ «էդ տան տերերն էս ժամին աշխատանքի են» եւ ինձ նայելով ժպտաց ու ասաց՝ «շատ ուժեղ գործ եք արել, Արմեն ջան» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն, էս արդեն երրորդ օրն ա՝ Երվանդն ինձ մեր բաղչի տանձուխնձորով հյուրասիրում ա», եւ երբ Երվանդը կարկամած նայեց Ալլային, Ալլան ծիծաղելով ասաց՝ «հալալ ըլնի, Երվանդ ջան», եւ երբ շիվարած Երվանդը նորից տան տեղը մանրամասն նկարագրեց, Ալլան ծիծաղելով ասաց՝ «իսկական գրող ես, Երվանդ ջան. շատ տոչնի մեր տան տեղը նկարագրեցիր»։

Ես հիմա Ալլայենց էդ տանձերն ու խնձորներն ըմբոշխնելով՝ շարունակում եմ առաջ տանել ասելիքս ու գրելիքս, ու դուռս քնքշորեն թակում են, ու պարզ է՝ Երվանդն է, ու խուճապահար Երվանդին շուրջ մի ժամ բացատրում եմ, որ տեղի ունեցածը ողբերգություն չի, ու Ալլան էլ տեղի ունեցածից չի նեղացել, բայց քանի որ Երվանդին չափազանց դժվար է բացատրել հատկապես է՛ն բաները՝ որոնք բացատրության կարիք չեն զգում, էդ անելու համար ինձնից մի ամբողջ ժամ պահանջվեց, ու Երվանդը մի կերպ համոզվելով, որ Ալլայից որեւէ վտանգ չի սպառնում, հանգստացած նայեց գրասեղանիս վրա թափթփված թղթերիս ու հարցրեց՝ «էս գրում էի՞ր. երեւի խանգարեցի, հա՞», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հեչ պարզ չի՝ խանգարեցի՞ր, թե՞ օգնեցիր», եւ Երվանդը ժպտալով հարցրեց՝ «գիտե՞ս՝ խի եմ էկել», եւ ես ասացի՝ «ուզում էիր համոզվեիր, որ Ալլան չի նեղացել», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «գլխի չընկար», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի ուզում ես բիլիարդ խաղանք», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «էլի գլխի չընկար» եւ գրասեղանին թափթփված թղթերիս նայելով հարցրեց՝ «վեպդ ե՞ս գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «էս հինգ տարի ա՝ ուրիշ բան չեմ գրում», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «մեկումեջ կարդում եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամեն ինչի ու բոլորի մասին գրում ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ոչ դեպքերի մեջ եմ խտրականություն դնում, ոչ էլ՝ մարդկանց», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ էկել եմ», եւ ես չհասկանալով հարցրի՝ «ինչի՞ համար», եւ Երվանդն ամոթխած ժպտալով ասաց՝ «ուզում եմ խնդրեմ, որ էս պատմության մասին ոչ մի բան չգրես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ր պատմության», եւ Երվանդն ամոթխած նայեց ափսեիս մեջ դեռեւս մնացած տանձերին ու խնձորներին եւ ժպտալով ասաց՝ «Ալլայենց էս տանձերի ու խնձորների», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մի քիչ ուշացել ես, Երվանդ ջան», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց եմ ուշացել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ պատմությունն արդեն գրել եմ», եւ Երվանդն ապշահար ինձ նայելով հարցրեց՝ «էդ ե՞րբ հասցրիր» եւ նեղսրտած ավելացրեց՝ «մի ժամ էլ չկա, որ էդ խնձորների տեղից էկել ենք», եւ ես պատի ժամացույցին նայելով ասացի՝ «մենակ մի ժամ կըլնի՝ քեզ համոզում եմ, որ Ալլան չի նեղացել» եւ մի քիչ էլ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «տասնհինգ րոպե խնձոր ենք քաղել, մի ժամից ավել դրա մասին գրել եմ», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր խնձոր քաղելը տասը րոպե հազիվ տեւած ըլնի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ընենց որ՝ գրելու համար մի ժամը լրիվ հերիք էր», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում. էս ընթացքում մի հատ մանկական բանաստեղծություն գրեցի», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «էս տանձուխնձորի մասի՞ն», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «մեջը տանձուխնձոր կա, բայց լրիվ ուրիշ տանձուխնձոր ա» եւ գրպանից մի թուղթ հանելով ասաց՝ «ուզո՞մ ես կարդամ», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ ուզում», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չես ուզում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որ քո գրածը կարդաս, հետո էլ պիտի պահանջես, որ ես էլ իմ գրածը կարդամ», եւ Երվանդը ժպտալով հարցրեց՝ «մեր էս գողության մասի՞ն», եւ ես ժպտալով ասացի՝ «քո՛ գողության մասին», եւ Երվանդը լրջանալով ասաց՝ «բայց դու էլ էիր հետս», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես ընդամենը աթանդա եմ կանգնել», եւ Երվանդը նեղսրտած ասաց՝ «բայց իրար հետ ենք բերել. ցելոֆանի տոպրակը դու ես բերել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «վաթսունն անց մարդ ես. հո չէի թողի, որ էդ մեծ տոպրակը դու շալակես» եւ ծիծաղելով ավելացրի՝ «համ էլ՝ ես չգիտեի, որ դրանք Ալլայենց տանձերն ու խնձորներն են», եւ Երվանդը նեղսրտած ասաց՝ «բայց… ես էլ չգիտեի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հենց ըտենց էլ գրել եմ», եւ Երվանդը հարցրեց՝ «ո՞նց ես գրել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «գրել եմ, որ էրկուսս էլ չգիտեինք», եւ Երվանդը հարցրեց՝ «ի՞նչ չգիտեինք», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեինք, որ էս տանձերն ու խնձորներն Ալլայենցն են», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու խեղճացած հարցրեց՝ «բայց պարտադի՞ր ա, որ էս պատմությունը գրես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «պիտի մի քիչ էլ իմ վիճակի մեջ մտնես, Երվանդ ջան», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ վիճակ», եւ ես ժպտալով ասացի՝ «էս վեպս, փաստորեն, ապրուստիս միակ միջոցն ա», եւ Երվանդն ասաց՝ «հետո՞ ինչ», եւ ես ժպտալով ասացի՝ «էս տեսակ հետաքրքիր պատմությունը որ ձեռիցս բաց թողեմ՝ սրանից հետաքրքիր ի՞նչ պիտի գրեմ» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «առանց էդ էլ՝ վեպս գնալով հետաքրքրությունը կորցնում ա», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու նեղացած հարցրեց՝ «այսինքն, իմ հաշվին ե՞ս ուզում վեպդ հետաքրքրացնես», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «իմ ու քո հաշվին», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դե ուրեմն կգրես, որ իրար հետ ենք էս գողությունն արել», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն գրել եմ», եւ Երվանդն ասաց՝ «էդ ե՞րբ հասցրիր էդքանը գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես շատ արագ եմ գրում, Երվանդ ջան» եւ ծիծաղելով ավելացրի՝ «շատ արագ ու շատ որակով», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա. պիտի շատ արագ գրես, որ ամեն շաբաթ «Առավոտին» հասցնես», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, վիճակիս մեջ մտնում ես», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «փաստորեն, իմ հաշվին վեպդ առաջ ես տանում», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էլ իմ հաշվին մանկական ոտանավոր ես գրում», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե քո հաշվին, այլ՝ քո շնորհիվ», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց իմ շնորհիվ», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «մոռացել ե՞ս», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «էն թվերին որ «Ծիծեռնակում» էիր աշխատում, ինձ ստիպում էիր, որ մանկական բանաստեղծություններ գրեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էլ հիմա ինձ արգելում ես, որ էս տանձերի ու խնձորների մասին գրեմ», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «արգելեմ չարգելեմ, մեկ ա՝ գրելու ես», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն գրել եմ», եւ Երվանդը սրտնեղած հարցրեց՝ «գրել ես, որ գողությո՞ւն ենք արել», եւ ես ժպտալով ասացի՝ «գողություն բառը չեմ գրել. ընդամենը մեր էդ բերքահավաքն եմ նկարագրել», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ոնց էլ նկարագրես՝ գողություն կստացվի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես մեղավոր չեմ, որ ռեալիստ եմ», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ռեալիստը ռեալիստ ես, բայց ամեն ինչ շատ ես չափազանցնում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ չափազանցրել եմ», եւ Երվանդը պատասխանեց ու ասաց՝ «զգում եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ոչ մի բան էլ չեմ չափազանցրել. ընդամենը մի պայուսակ ու մի տոպրակ միրգ ենք քաղել՝ էդքան էլ գրել եմ», եւ Երվանդը սրտնեղած հարցրեց՝ «գրել ե՞ս, որ Ալլայենց այգուց ենք քաղել. էդ մոմենտը նշե՞լ ես», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «որ էդ մոմենտը չնշեի՝ շատ անհամ պատմություն կստացվեր», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու գոհունակությամբ ասաց՝ «լավ միտք հուշեցիր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ միտք», եւ Երվանդն ինքնաբավ ժպտալով ասաց՝ «անհամ պատմություն համով խնձորների մասին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «լավ վերնագիր ա, չէ՞», եւ ես ժպտալով ասացի՝ «վատը չի», եւ Երվանդը ժպտալով հարցրեց՝ «էս վերնագիրը տալիս ե՞ս ինձ», եւ ես ժպտալով ասացի՝ «քեզ ըլնի», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ամոթխած ասաց՝ «խոսքը մեր մեջ, շատ համով խնձորներ էին», եւ ես ասացի՝ «Ալլան ասեց, որ էդ սորտի խնձոր Ծաղկաձորում մենակ իրանք ունեն», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ իսկույն ճանաչեց էդ խնձորները», եւ ես հարցրի՝ «էրեկ իրան էդ խնձորներից չէիր տվե՞լ», եւ Երվանդը կարմրելով ասաց՝ «էրեկ էլ ու էսօր էլ իրան մենակ տանձ եմ տվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը խնձորից ալերգիա ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ էրկու խնձորները դո՛ւ իրան տվիր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, իմ պատճառով էս գողությունը բացահայտվեց», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդպես ա ստացվում» եւ մի քիչ էլ մտածեց ու քթի տակ խնդալով ասաց՝ «անհամ պատմություն համով խնձորների մասին», եւ ես ժպտալով ասացի՝ «տանձերը մոռանում ես», եւ Երվանդը ծիծաղելով ասաց՝ «տանձերը քեզ ըլնի. խնձորներն ինձ լրիվ հերիք են» եւ մի քիչ մտածեց ու ոգեւորված կրկնեց՝ «անհամ պատմություն համով խնձորների մասին» եւ ժպտալով հարցրեց՝ «լավ վերնագիր չի՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «չտեսնված վերնագիր ա», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ոգեւորված բացականչեց՝ «ոչ թե վերնագիր ա, այլ՝ պատրաստի բանաստեղծություն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մնացածը տեխնիկայի հարց ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս վերնագիրը տալիս ես ինձ ու քվիտ ենք ըլնում», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «այսինքն, ինչ ուզես՝ կարաս վեպիդ մեջ գրես», եւ ես ժպտալով ասացի՝ «ինչ որ գրելու էի՝ արդեն գրել պրծել եմ», եւ Երվանդը հարցրեց՝ «հիմի էդ վերնագիրն ինձ տալի՞ս ես, թե՝ չէ», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ վերնագիրը դու հորինեցիր», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անհամը քո՛ բառն էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով կրկնեց՝ «անհամ պատմություն համով խնձորների մասին», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ուժեղ վերնագիր ա», եւ Երվանդը հիացմունքով ասաց՝ «վերնագիր չի. տեղով մեկ բանաստեղծություն ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «քեզ ըլնի», եւ Երվանդը ծիծաղելով ասաց՝ «հիմի արդեն ինչ ուզես՝ կարաս գրես», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ ուզելով չի. ինչ որ էղել ա՝ էն եմ գրելու», եւ Երվանդը խորամանկ ժպտալով ասաց՝ «բա ասում ես՝ արդեն գրել ես», եւ ես ժպտալով ասացի՝ «էս խոսակցությունն էլ կգրեմ ու վերջ», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ խոսակցություն», եւ ես ժպտալով ասացի՝ «վերնագրի մասին էս խոսակցությունը», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, ինչ լսում ես՝ տեղում գրի ես առնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն, մարդկանց ասածներն արտագրում ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իմ ասածներն էլ եմ արտագրում», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեւը լավ ես գտել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ամեն մեկս մի ձեւով տուն ենք պահում», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, իսկական ռեալիստ ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ռեալիստից մի բան էլ ավել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «նեոռեալիստ», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «Արամ Աբրահամյանն էս նեոռեալիզմիդ համար գոնե կարգին փող տալիս ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «դժգոհ չեմ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «քո պատկերացրածից մի բան էլ ավել ա տալիս», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «իմ պատկերացրածն ինչքա՞ն ա», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հարուր դոլար», եւ Երվանդն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ իմացար, որ հարուր էի մտածում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «երեւակայությանդ սահմանները մոտավորապես գիտեմ», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «ոչ թե մոտավորապես, այլ՝ ճշգրիտ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն, իսկական ռեալիստ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «նեո՛ռեալիստ», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «հարուրից ինչքա՞ն ավել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «արդեն շատ ես խորանում» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «արտասահմանում ընդունված չի, որ մարդիկ իրարից աշխատավարձի չափը հարցնեն», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «բայց էս արտասահման չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ քոնն աշխատավարձ չի. հոնորար ա», եւ ես ժպտալով ասացի՝ «հոնորար ա, բայց շատերի աշխատավարձից ավել ա», եւ Երվանդը հարցրեց՝ «ինչքա՞ն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ կարա ասեմ», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չես կարա ասես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «վախենում եմ ասեմ՝ աչքով տան», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «իմ աչքը չի կպնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ինձ նույնիսկ իմ աչքն ա կպնում», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո գործն ա. չես ուզում՝ մի ասա» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «ես Սովետից հետո մարդավարի հոնորար ստացած չկամ», եւ ես ասացի՝ «ամեն գրքից մի ավտոյի փող էինք ստանում», եւ Երվանդը հառաչելով ասաց՝ «մի՛ հիշացրու», եւ ես ասացի՝ «մոռանալու բան չի», եւ Երվանդը հոգոց հանելով ասաց՝ «հերիք չի՝ մարդավարի հոնորար չեն տալիս, գրքերս էլ մեծ դժվարությամբ են տպում», եւ ես ժպտալով ասացի՝ «մրցանակներն էլ ուրիշներին են տալիս», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «մի՛ խոսացրու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ Սովետի վախտ էինք լավ ապրում, ոչ էլ՝ հիմա», եւ ես ասացի՝ «հենց որ մեր լավ ապրելու հերթը հասավ՝ Սովետը քանդվեց», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր ձեռով քանդեցինք», եւ ես ասացի՝ «ուզեինք թե չուզեինք՝ քանդվելու էր», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու մեղավոր տոնով ասաց՝ «մեր մատն էլ էր խառը», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւմ մատը», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «մեկը՝ իմ», եւ ես զարմացած հարցրի՝ «քո մատը ո՞նց էր խառը» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «դու քո տեղը հանգիստ նստած՝ մանկական բանաստեղծություններ էիր գրում», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «մեծական էլ էի գրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Ղարաբաղյան շարժման մասին ահագին բանաստեղծություններ եմ գրել», եւ ես ասացի՝ «Շարժման մասին գրել ես, բայց էդ Շարժման ակտիվիստներից չես էղել», եւ Երվանդը զարմացած ասաց՝ «ո՞նց չեմ էղել. ոչ մի միտինգ բաց չեմ թողել», եւ ես ասացի՝ «միտինգներին սաղս էլ էղել ենք», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրեմն, Սովետը բոլորովս ենք քանդել. Հայրիկյանն ու «Ղարաբաղ» կոմիտեն մենմենակ չէին կարա Սովետ քանդեն», եւ ես ժպտալով ասացի՝ «հանգիստ էղի. Սովետը Գորբաչովն ա քանդել», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գորբաչովն իրա՛ չափով ա քանդել, մենք՝ մեր», եւ ես ժպտալով հարցրի՝ «փոշմանե՞լ ես», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ ես ասացի՝ «Սովետը քանդելու համար», եւ Երվանդն ավելի զարմացած ասաց՝ «Սովետը հո ե՞ս չեմ քանդել, որ փոշմանեմ կամ չփոշմանեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «նոր դու էիր ասում, որ ամեն մեկս մեր չափով քանդել ա», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Սովետը քանդելու գործում անձամբ իմ լուման շատ չնչին ա էղել», եւ ես հարցրի՝ «բայց Սովետի համար ափսոսո՞ւմ ես», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որպես գրող մի քիչ ափսոսում եմ, բայց որպես հայ մարդ հեչ չեմ ափսոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բոլոր դեպքերում՝ անկախությունը շատ ճիշտ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրեմն, չպիտի դժգոհես», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց եմ դժգոհել», եւ ես ժպտալով ասացի՝ «անկախությունից», եւ Երվանդն ավելի զարմացած հարցրեց՝ «անկախությունից ե՞րբ եմ դժգոհել», եւ ես ժպտալով ասացի՝ «նոր դժգոհում էիր, որ հոնորար չեն տալիս», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «հնարավոր չի՞, որ համ անկախ լինենք, համ էլ մարդավարի հոնորար ստանանք», եւ ես ժպտալով ասացի՝ «կյանքը ցույց ա տալիս, որ հնարավոր չի», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ո՞ւմ կյանքն ա ցույց տալիս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մե՛ր կյանքը», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «բայց անձամբ քո կյանքը լրիվ հակառակն ա ցույց տալիս», եւ ես զարմացած հարցրի՝ «հակառակը ո՞րն ա», եւ Երվանդը խորամանկ ժպտալով ասաց՝ «նոր դու չէիր ասո՞ւմ, որ Արամը քեզ նորմալ հոնորար ա տալիս», եւ ես ասացի՝ «ասում էի», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «այսինքն, հնարավոր ա, որ համ անկախ լինենք, համ էլ մարդավարի հոնորար ստանանք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մի ծաղկով գարուն չի գա, Երվանդ ջան», եւ Երվանդը բավական երկար մտածեց ու լրջանալով ասաց՝ «ոնց մտածում եմ՝ համակարգային փոփոխություն ա հարկավոր», եւ ես ժպտալով ասացի՝ «համակարգային փոփոխությունն արդեն տեղի ա ունեցել», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ութսունութ թվին, ավելի ճիշտ՝ իննսունմեկին», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հարկավոր ա նորից սկսել», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հարկավոր ա էս համակարգը քանդել ու նոր համակարգ ստեղծել», եւ ես ժպտալով ասացի՝ «Լեւոնի պես ես ասում», եւ Երվանդը հարցրեց՝ «ի՞նչ Լեւոն», եւ ես ասացի՝ «Տեր-Պետրոսյան», եւ Երվանդը հարցրեց՝ «Լեւոնն ի՞նչ ա ասել», եւ ես ասացի՝ «ասում ա, որ էս համակարգը հարկավոր ա կազմաքանդել», եւ Երվանդը հարցրեց՝ «ե՞րբ ա ասել», եւ ես ասացի՝ «ուրբաթ օրվա միտինգում», եւ Երվանդը հարցրեց՝ «էդ միտինգին գնացե՞լ էիր», եւ ես ասացի՝ «միտինգ չէի գնացել, բայց միտինգի իրա ճառը ծերից ծեր կարդացել եմ», եւ Երվանդը հարցրեց՝ «որտե՞ղ ես կարդացել», եւ ես ասացի՝ «էդ ճառն «Առավոտը» ծերից ծեր տպել ա», եւ Երվանդը հարցրեց՝ «էդ թերթն ունե՞ս», եւ ես ասացի՝ «կարամ տամ՝ կարդաս», եւ երբ թերթը տվի, Երվանդն աչքերը շողշողացնելով նախ Լեւոնի չորսէջանոց ճառը թերթեց, այնուհետեւ վեպիս զույգ էջերին նայեց ու ժպտալով ասաց՝ «իրա ճառը քո վեպից էրկու անգամ մեծ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ամեն շաբաթ եմ էսքան գրում», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «կարեւորը բովանդակությունն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու համակարգային փոփոխություն չես առաջարկում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ամեն ինչ էլ առաջարկում եմ, բայց հասկացող ու գնահատող չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել