Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԳՑԵԼ ԵՆ ԴՌՆԵԴՈՒՌ

Ապրիլ 25,2009 00:00

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շամխալ Զոհրաբյանը 73 տարեկան է՝ թոշակառու: Մեծահասակ այս մարդը տասը տարուց ավելի ընկած է ՀՀ իշխանությունների դռները, սակայն որեւէ մի գերատեսչություն անգամ մատը մատին չի տալիս Շ. Զոհրաբյանի խնդիրը լուծելու համար: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Շ. Զոհրաբյանն իր հետ փաստաթղթերի մի ամբողջ տրցակ էր բերել: Դատելով նրա մոտ եղած 200-ից ավելի ստացականներից, որոնք Շ. Զոհրաբյանը ստացել է բողոք-դիմումներն այս կամ այն գերատեսչություն հանձնելիս, պարզ է դառնում, որ նա այս տարիների ընթացքում գրեթե բոլոր իրավասու մարմիններին դիմել է:

«Հայաստանում այնպիսի մարմին չկա, որ դիմած չլինեմ, 1 արկղ պաշտոնական գրություններ ունեմ: Հանրապետության գլխավոր դատախազին միայն 200 նամակ եմ գրել: Մարտունու ոստիկանություն էլ եմ դիմել, մի անգամ այնտեղից եկան ու ասացին, որ եթե կաշառք տամ, հարցս կլուծեն՝ ինձ խանգարող ապօրինի ցանկապատերը կքանդեն: Սրա մասին հայտնել եմ, սակայն ինձ հարցնում են՝ որեւէ մեկը ներկա՞ է եղել այդ պահին, երբ քեզնից կաշառք են ուզել: Ես էլ ասում եմ, կաշառքը ուրիշի ներկայությամբ հո չեն ուզում, համ էլ դե թող հարցս լուծեին, բա ինչի՞ չեն լուծում»,- մեզ հետ զրույցում ասաց Շամխալ պապը: Նրա պատմելով, իրենց փողոցը գյուղի կարեւոր նշանակության փողոցներից է, սակայն ամբողջը ապօրինի կառույցներով կառուցապատվել է ու ցանկապատվել. «7 մետր լայնությամբ փողոցի 70%-ը զավթել են, եւ քանի որ իմ տունը գտնվում է փողոցի վերջում, մեզ համար խնդիրներ են առաջանում: Բացի այդ, ժամանակին այդ փողոցի 2 կողմերից ջրատարներ կային, մեկն ընդհանրապես փակվել է, մյուսն էլ այնքան են նեղացրել, որ կեղտը դուրս է գալիս՝ լցվում փողոց: Ժամանակին բոլոր լիճքեցիներին 50 մետր երկարությամբ եւ 30 մետր լայնությամբ տնամերձ հողամասեր են հատկացրել, հարեւաններիս հողազավթումների պատճառով իմ հողամասի մի հատվածն իրենց տարածքում է: Իմ բնակարանի մի պատը նույնիսկ մեկ այլ մարդու հողամասի ցանկապատ է դարձել: Ես իրավասու մարմիններին դիմում եմ, որպեսզի անօրինական ցանկապատերը հանեն»: Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ, որպես գյուղապետ, իր համագյուղացու խնդիրը չի բարձրացնում: Պարզվեց՝ գյուղապետը շատ լավ տեղյակ էր Շ. Զոհրաբյանի դժգոհությանը: Նա ասաց, որ այդ անօրինական շինությունները նախորդ դարում են կառուցվել՝ 1958 թվականին, ուստի հիմա անհնար է որեւէ բան անել: Սակայն խոստացավ, որ առվի եւ խողովակների հետ կապված խնդիրների մասով ինչ իրենից հասնում է՝ կանի: Ինչ վերաբերում է Շ. Զոհրաբյանի հողամասի զավթմանը, գյուղապետն ասաց, որ տարածքում հողամասերի զավթում չի եղել: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի վարիչ Բագրատ Կռոյանն էլ վստահեցրեց, որ իրենց մասնագետը ուսումնասիրել է տարածքը եւ եկել այն եզրակացության, որ գյուղացու բողոքն անհիմն է եւ այնտեղ զավթված տարածքներ չկան: Շ. Զոհրաբյանը պնդում է, որ որեւէ մեկը չափումներ չի իրականացրել, պարզելու՝ հողազավթում եղե՞լ է, թե՝ ոչ: Ըստ նրա. «Պարզապես եկել են ձեւի համար նայել ու եզրակացություն արել: Թող չափեն՝ տեսնեն, որ մեր հողամասերի քարտեզում այլ թիվ է նշված՝ իրականում լրիվ այլ բան է մնացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել