Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԺՎԱՐՆ ԱՌԱՋԻՆՆ Է

Ապրիլ 29,2009 00:00

\"\"Մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Հաշվի առնելով, որ տվյալ մարզաձեւում այդ մակարդակի մրցաշար Հայաստանում առաջին անգամ է կայանալու, երեկ զրուցեցինք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի հետ:

– Մեր համալիրը հիմնանորոգումից հետո ի վիճակի է ընդունել տասնյակ մարզաձեւերի ամենաբարձր կարգի մրցումներ: Սակայն, որքան տեղյակ ենք, մինչեւ մարզակառույցի վերաշահագործումն էր աշխարհի առաջնության անցկացումը Հայաստանին վստահվել:

– Այո: Դա այդպես է: Ասեմ, որ ոչ մի մարզաձեւի միջազգային կամ, մեր պարագայում, եվրոպական ֆեդերացիա հենց այնպես նման պատասխանատու որոշում չի կայացնում: Աշխարհի պատանեկան առաջնությունը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է 2008 թվականի օգոստոսի 18-ին՝ Պեկինի օլիմպիական խաղերի ընթացքում կայացած AIBA-ի համաժողովում: Բայց մինչ այդ բավականին մեծ նախապատրաստական աշխատանք է կատարվել: Օլիմպիական խաղերից առաջ միջազգային ֆեդերացիայի նախագահ պարոն Վուն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով երեք օրով ժամանել էր Երեւան, ծանոթացել սպորտի բնագավառում կատարվող աշխատանքներին: Այդ ընթացքում էլ պարոն Ծառուկյանը առաջ էր քաշել Հայաստանում բարձր մակարդակի մրցում կազմակերպելու գաղափարը: Իսկ երբ պարոն Վուին ընդունեց նաեւ հանրապետության նախագահը, խնդիրը, կարելի է ասել, լուծվեց:

– Արդեն ութ ամիս է, ինչ գիտենք, որ աշխարհի հերթական առաջնությունը կայանալու է Հայաստանում: Այս ընթացքում ի՞նչ է կատարվել:

– Հսկայական աշխատանք, որն այսօր էլ շարունակվում է: Առաջինը, որ պետք է նշել, վարչապետի գլխավորությամբ կառավարական կազմկոմիտեի ստեղծումն է, որում ընդգրկվել են բոլոր շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները: Հենց վաղը նշանակված է կազմկոմիտեի հերթական նիստը, որտեղ քննարկվելու են առաջնության նախապատրաստության հետ առնչվող բոլոր հարցերը: Բացի դրանից, ՀԱՕԿ-ն ու սպորտի պետական կառույցը բոլոր աշխատանքները մշտապես պահում են ուշադրության կենտրոնում եւ հաճախակի հրավիրվող համատեղ նիստերում լուծում տալիս օրախնդիր հարցերին: Դժվարն առաջինն է: Եթե այն պատվով դուրս գանք, իսկ ես չեմ կասկածում, հետագայում ավելի բարձր մակարդակի մրցումներ էլ կլինեն:

– Դրանք շա՞տ են:

– Անթիվ-անհամար: Ու մանրուքներ չկան՝ սկսած մրցումների ու մարզումների համար միջազգային չափանիշներին համապատասխանող պայմանների ապահովումից, մինչեւ հյուրանոցներ, տրանսպորտ, սնունդ, բժշկական սպասարկում, համապատասխան մարզագույքի ձեռք բերում, մեդիայի համար աշխատանքային պայմանների ստեղծում ու էլի հազար ու մի խնդիր: Բոլորը թվարկել հնարավոր չէ:

– Հայտեր շա՞տ են ստացվել:

– Սպասվածից անհամեմատ ավելի: Այսօրվա դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել է արդեն աշխարհի 48 երկիր: Մասնակիցների նախնական քանակը մոտենում է 300-ին: Իսկ ընդհանուր առմամբ սպասում ենք շուրջ 500 պաշտոնական հյուրերի: Համեմատության համար ասեմ, որ 2007-ի առաջնությանը, որ անցկացվեց Բաքվում, մասնակցել է 39 պետության 214 պատանի բռնցքամարտիկ:

– Առաջնությունը պատշաճ մակարդակով անցկացնելու համար որքա՞ն գումար է հարկավոր:

– Կառավարությունն անցած տարի հատկացրել է 34 մլն դրամ: Սակայն արդեն իսկ պարզ է, որ դա չի բավականացնելու: Արման Մուրադյանը հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն ստանձնելով՝ ակամա բավականին լուրջ ծախսերի տակ է մտել: Սակայն, փառք Աստծո, նա սիրահոժար իր ուսերին է վերցրել այդ բեռի մեծ մասը: Ֆեդերացիան դիմել է շատ կազմակերպությունների եւ անհատ մարդկանց՝ առաջնության հովանավոր դառնալու առաջարկով: Ինձ համար անհասկանալի պատճառներով առայժմ ոչ մի արձագանք չկա: Սակայն, բարեբախտաբար, մենք սպորտում ունենք Գագիկ Ծառուկյանի նման ղեկավար, որը պատրաստ է եւ անում է ամեն բան՝ իրավիճակից արժանապատիվ դուրս գալու համար: Եվ ավելին: Պարոն Ծառուկյանը գրեթե պահանջելու աստիճան հորդորում է, որպեսզի բոլոր ֆեդերացիաներն անեն հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստան ավելի բարձր մակարդակի մրցումներ բերվեն:

– Մեր համալիրի շենքային պայմանները, իրոք, բավարարում են անգամ օլիմպիական մրցումներ կազմակերպելուն: Բայց նաեւ մասնագիտական բարձրորակ գույքի խնդիր կա:

– Մայիսի սկզբներին Մոսկվայից Երեւան կբերվի երկու ռինգ: Քանի որ մասնակիցների քանակը շատ է, որոշել ենք մինչեւ եզրափակիչը մենամարտերն անցկացնել երկու ռինգում: Ճիշտն ասած, մտադրություն կար Պեկինից օլիմպիական ռինգեր բերել: Սակայն դրա համար ժամանակը չբավականացրեց: Պայմանագիր ենք ստորագրել շվեյցարական «Swish» ֆիրմայի հետ, որն առաջնության օրերին ապահովելու է էլեկտրոնային համակարգի աշխատանքը: Նրանց մասնագետները կգան առաջնության մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ: Դա AIBA-ի պարտադիր պահանջներից մեկն է: Պատվիրել ենք նաեւ 20 էլեկտրոնային կշեռքներ, որոնք կդրվեն նաեւ հյուրանոցներում, որպեսզի մարզիկներն առանց լրացուցիչ խնդիրների կարողանան կարգավորել իրենց քաշը:

– Մրցավարության մասի՞ն ինչ կասեք:

– Կանոնադրությամբ՝ մասնակից երկրները պետք է իրենց հետ բերեին նաեւ մրցավարների: Սակայն ոչ բոլորն են ի վիճակի: Մրցավարների պակաս կար: Ես ՀԱՕԿ-ի եւ ֆեդերացիայի անունից դիմել եմ AIBA՝ մեզ, որպես կազմակերպիչ երկրի, լրացուցիչ տեղ հատկացնելու առաջարկով: Առաջարկը բավարարվել է:

– Բացի մրցումներից, այլ ծրագրեր նախատեսվա՞ծ են:

– Անշուշտ: Մրցումները պլանավորել ենք անցկացնել ժամը 14-ից 19-ը, որպեսզի հյուրերը նաեւ Երեւանին ծանոթանալու, հայ ժողովրդին ճանաչելու հնարավորություն ունենան: Պատկերացրեք, որ կան երկրներ, հավաքականներ, որոնք անգամ Հայաստանի տեղը չգիտեն: Իսկ մայիսի 28-ը հայտարարել ենք հանգստի օր. այդ օրը ծրագրված է բազմաթիվ միջոցառումներ կազմակերպել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել