Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄՏՆԵԼ ԾՆՈՂՆԵՐԻ ՆՆՋԱՍԵՆՅԱԿ

Ապրիլ 29,2009 00:00

Մամայի ու պապայի սենյակում քնելով՝ երեխան անսեռ ու անկիրք կմեծանա

«Մա՛մ, ես չեմ նայում, ականջներս էլ կփակեմ… Ինչ ուզում եք, արեք…»,- այս խոսքերով է գիշերը երեխայի ներկայությունը ամուսնական պարտականությունները կատարելուց հրաժարվելու պատճառ բռնող մորը «հանգստացրել է» 4-ամյա տղան:

Զարգացած երկրներում ընդունված է նորածին երեխայի համար հատկացնել առանձին սենյակ: Իսկ հայկական սովորության համաձայն, նորածին երեխան ծնված օրվանից քնում է ծնողների սենյակում: Մի՞թե երեխային ծնողների ննջարանում քնեցնելը բխում է ծնողների հոգատարությունից, թե՞ սա հատուկ մտածված քայլ է հայ մայրերի կողմից, որպեսզի «պետք եղած» դեպքում խուսափեն ամուսնական պարտականություններից: Հոգեբան Արմեն Կարախանյանը գտնում է, որ երեխային ծնողների հետ նույն սենյակում քնեցնելը հոգատարության եւ ուշադրության նշան չէ: Մինչեւ միջանձնային հարաբերություններին անցնելը՝ հոգեբանը երեխային ծնողների հետ նույն սենյակում քնեցնելու մի քանի պատճառ է առանձնացնում: «Սա գալիս է մեր մենտալիտետից: Պետք է նկատել, որ մեր ազգը այս սովորությունը ունեցել է: Պատճառն անցյալի ապրելակերպն է: Մոտ 150 տարի առաջ քիչ թե շատ միջին խավի պատկանող ցանկացած տուն ընդամենը մեկ սենյակ է ունեցել. նրանք, ուզեին, թե ոչ, այդպես պետք է անեին: Այդ ժամանակից ի վեր գաղափար է ձեւավորվել, որ այդպես վարվելը ճիշտ է: Մյուսը նյութական սղությունն է: Ասում են՝ հնարավորություն չունենք եւ մինչեւ երեխայի 10-15 տարին բոլորելը այդպես են ապրում»: Ըստ մեր զրուցակցի, պատճառներից մեկն էլ հարմարությունն է, որը խիստ կապված է հնարավորության հետ. «Մասնավորապես՝ երիտասարդ, նոր ամուսնացած աղջիկների համար շատ հարմար է երեխային կողքին քնեցնել: Այդպես ստիպված չես լինի վազել մի սենյակից մյուսը: Արեւմտյան երկրներում երեխան պատառ-պատառ էլ լինի, գիշերը նրան պետք է ոչ ոք մոտ չգնա: Հայկական ընտանիքներում այս հարցին ցավագին են մոտենում: Երեխայի ամեն անհանգիստ շարժման հետ մայրն ու հայրը արթնանում են, ամեն լացին պատասխանում, գրկում, հանգստացնում: Այսպես երեխան դառնում է քմահաճ եւ, հրապուրվելով իր հանդեպ ծնողների հոգատարությունից, սկսում է ավելի հաճախակի արթնանալ եւ նորից վայելել ծնողների ուշադրությունը: Օրինակ, ամերիկյան մենտալիտետի համաձայն, երեխան երբեք ծնողների սենյակում չի քնում: Արդյունքում՝ ամերիկացի 50 տարեկան հասուն մարդիկ գնում են թրեյնինգների, որպեսզի շփման դեֆիցիտը գոնե մի քիչ վերականգնեն, որովհետեւ նրանք ծնված օրվանից ջերմություն չեն տեսնում: Ասում են՝ ամեն փայտ ունի երկու ծայր. ճիշտ է՝ մեր մենտալիտետի շնորհիվ հայ երեխան շփման դեֆիցիտ չունի, բայց նա ամենատարրական ինքնուրույնություն էլ չունի: 60 տարեկան հասակում նա մտածում է՝ ոնց մաման կասի: Սա սեփական ուղեղ չունենալն է: Երեխային ծնողների սենյակում քնեցնելը զրկում է նրան ինքնուրույնությունից, սեփական որոշումները հասուն տարիքում կայացնելու ունակությունից»:

Հոգեբանը կարեւորում է եւս մեկ պատճառ՝ սեռական հարաբերություններից հեշտությամբ խուսափելու միջոց. «Սա կնոջ ենթագիտակցական ցանկությունն է՝ սեքսից խուսափելու: Ավելի հեշտ է ասել՝ երեխան սենյակում է, կտեսնի, քան՝ չեմ ուզում… Սա բավականին տարածված երեւույթ է եւ ոչ այնքան շատ ուսումնասիրված: Առաջին տուժողը այստեղ ընտանիքն է: Երբ երեխաները միեւնույն սենյակում են, այդ ընտանիքում կնոջ եւ տղամարդու ամուսնական հարաբերություն չի լինում: Այսինքն՝ նորմալ միջանձնային հարաբերություններ չեն ձեւավորվում»: Հոգեբանը փաստում է, որ երեխային ծնողների սենյակում քնեցնելը վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ. «Վտանգն այստեղ երկկողմանի է՝ ոչ մի տղամարդ առանց ինտիմի չի կարող ապրել: Տղամարդը ստիպված դա կփնտրի դրսում: Մյուս կողմից էլ՝ երեխաները մեծանում են՝ տեսնելով իրենց ծնողների հարաբերությունները, այսինքն՝ հարաբերությունների բացակայությունը: Հետագայում դա կանդրադառնա երեխայի վրա. հասուն տարիքում արդեն նրանք կունենան սխալ դիրքորոշում՝ ընդունելով կարծիք, որ դա նորմալ երեույթ է, ու նման անհեթեթ հարաբերություններով կփորձեն կառուցել իրենց հետագա կյանքը: Եվ եթե, օրինակ, աղջիկը մեծացել է, տեսնելով, որ մայրն ու հայրը քնում են իրար հետ՝ ինչպես քույրիկ եւ եղբայրիկ, նույն հիմար վերաբերմունքը կփորձի մտցնել իր ապագա ընտանիքի մեջ: Այսպես երեխաները չեն ունենա նորմալ կին եւ տղամարդ հարաբերությունների իդեալական օրինակ»: Հոգեբանի խոսքով, ճիշտ է երեխային առանձին, ծնողների ննջարանից հեռու քնեցնելը. «Եթե երեխաները առանձին քնեն, նրանց մոտ ինչ-որ կախարդական, հմայիչ, շղարշով պատված մոգական վերաբերմունք կլինի մոր ու հոր ննջարանում տեղի ունեցող երեւույթների մասին: Ճիշտ է երեխաներին ննջասենյակ մտնել խստիվ արգելելը: Այս կերպ նրանց մեջ ձեւավորվում է կարծիք, որ գիշերը չի կարելի մտնել ծնողների ննջարան. սա ավելի դրական կանդրադառնա երեխայի սեռական ձեւավորման վրա: Իսկ մոր ու հոր սենյակում քնելով՝ երեխան անսեռ ու անկիրք կմեծանա»: Սեռական հարաբերություններին ականատես լինելու արդյունքում հոգեկան խախտումների մասին էլ հոգեբանը նշեց. «Դրանք խոր հետեւանքներ ունեցող հիվանդությունների աղբյուր կարող են հանդիսանալ, որոնք կարթնանան մարդու հասուն տարիքում՝ սկսած նեւրոզներից մինչեւ սեռական անունակություն: Հարցն այն է, որ մենք, ինչքան էլ քնած ենք, լիովին անջատված չենք իրականությունից, եւ ինչ-որ չափով ականատես ենք լինում ամեն ինչին: Այժմ ունեմ նեւրոզով հիվանդ հաճախորդներ, որոնց մոտ նեւրոզի առաջացման պատճառը փոքր ժամանակ՝ 2-3 տարեկանում ինչ-որ բաներ նկատելը, ականատես լինելը կամ ձայներ լսելն է, որոնք այդ տարիքում երեխայի համար անհասկանալի երեւույթներ են թվում: Ցանկացած իրադարձություն, ինչ տեսնում է երեխան փոքր տարիքում, ձայնագրվում է նրա մեջ: Երեխայի զգայարանները քնած ժամանակ լիովին չեն անջատվում, որոշակի պատառիկներ նրա մեջ տպվում են, սակայն՝ նրա համար անհասկանալի: Արդեն հասուն տարիքում այդ ձայնագրությունները կարող են վերարտադրվել եւ քանի որ այն ուղեկցվում է չհասկանալով, հասուն տարիքում առաջացնում է կաշկանդվածություն, ամաչկոտություն, նույնիսկ իմպոտենցիա»: Հոգեբանը վստահեցնում է, որ նույնիսկ հնարավորության բացակայության դեպքում երեխաներին պետք է արգելել քնել ծնողների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել