Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՊՐԻԼԻ 22-Ը

Ապրիլ 30,2009 00:00

\"\"Ի՞նչ էր խնդրում հայր Ալիեւը 10 տարի առաջ

1995 թվականի ապրիլի 22-ին ստորագրվել է առաջին հայ-թուրքական միջկառավարական պայմանագիրը՝ Անկարայում: Համաձայնագիրը վերաբերվում էր երկու երկրների միջեւ օդային սահմանի բացմանը: Հայաստանի անունից այն ստորագրել է ՀՀ քաղավիացիայում կառավարության ներկայացուցիչ Շահեն Պետրոսյանը: Այնուհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ստորագրվել է եւս մեկ փաստաթուղթ՝ ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման մասին: Զուգադիպությամբ, թե միտումնավոր, երրորդ հայ-թուրքական փաստաթուղթը՝ եռակողմ հայտարարությունը նույնպես ստորագրվեց ապրիլի 22-ին եւ այս օրերին մեծ աժիոտաժ է առաջացրել Հայաստանում: Շահեն Պետրոսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպես ընդունվեց առաջին համաձայնությունը: «Այն ժամանակ Թուրքիայի հետ բանակցությունները վարում էր ՀՀ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, եւ դաշնակները դարձյալ նույն հիստերիան էին բարձրացրել»,- հիշում է պարոն Պետրոսյանը: Զուգահեռներ անցկացնելով այդ երկու իրադարձությունների միջեւ՝ մեր զրուցակիցը ընդգծում է. «Բայց մենք հասարակությանը տեղյակ պահում էինք, որովհետեւ համաձայնության արդյունքում ռեալ քայլ արվեց՝ օդային տարածքը բացվեց՝ առանց որեւէ նախապայմանի: Եվ այդ գործընթացը պետք է շարունակվեր: Այն ժամանակ այդ հարցը Ղարաբաղի հետ որեւէ առնչություն չուներ, եւ Թուրքիան Ադրբեջանի գործերին չէր խառնվում, իսկ հիմա հստակ հայտարարում են, որ կա նախապայման: Բանավոր զրույցներում միայն ասում էին՝ մինչեւ Քելբաջարը՝ խնդիր չկա, բայց Քելբաջարով համը հանեցիք: Ազատագրված 5 շրջանների վերադարձը հստակ է դրված դեռ 2008թ. փետրվարի 26-ի Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած փաստաթղթում: Այդ փաստաթղթի 5 կետերից միայն մեկի շուրջ համաձայնության չեկան՝ դա Լաչինի միջանցքի լայնությունն էր: Արդեն Քոչարյանի օրոք մնացյալ հարցերը համաձայնեցված էին: Ինչի՞ դաշնակները դրան ուշադրություն չէին դարձնում եւ միայն հիմա սկսեցին՝ անհասկանալի է: Հիմա դրանի՞ց է կախված հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը»:

Պարոն Պետրոսյանը պնդում է, թե հնարավոր է, որ ազատագրված 5 շրջանների այսօր նախատեսվող վերադարձը որեւէ փաստաթղթում հստակ չերեւա՝ «կգտնվեն դիվանագիտական ձեւակերպումներ, «Նաբուկո»-ն կֆինանսավորվի եւ կանցնի Հայաստանի տարածքով միայն դրանից հետո»: Ավելին՝ «Ալիեւն ու Սարգսյանը մայիսի 7-ին Պրագայում հենց դա էլ պիտի պայմանավորվեն, հնարավոր է՝ ավելի ուշ Պետերբուրգում ստորագրեն: Էրդողանի նախապայմանը՝ ԼՂՀ հարցը լուծելուց հետո սահմանը բացելու, ուժի մեջ է: Թուրքերը հենց էնպես ոչինչ չեն ասում»: Մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում հատկապես այն փաստի վրա, որ պայմանավորվածություններում Ղարաբաղը որպես կողմ բացակայելու է, մինչդեռ՝ «այն ժամանակ մենք ասում էինք, որ պայմանավորվածությունները պետք է լինեն Ղարաբաղ-Ադրբեջան, իսկ Հայաստանն ընդամենը «գարանտ» էր: Նույն «փուլային» տարբերակը դարձավ՝ կորցնելով 5 շրջան եւ 12 տարի: Մինչդեռ Ալիեւն այն ժամանակ խնդրում էր, ասում էր՝ մի գյուղ տվեք, ես ժողովրդի առաջ արդարանամ: Էսպես, թե էնպես, հասկանալի է, որ Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության գոտին վաղ թե ուշ պիտի վերադարձվի. ոչ մի միջազգային կառույց չի համակերպվի, որ մենք օկուպացնենք այդ տարածքները: «Օկուպացված», «անվտանգության գոտի»՝ դրանք բոլորն էլ բառախաղեր են իրականում: Եթե մեր խնդիրը Ղարաբաղն է, այդ շրջանները Ղարաբաղի տարածքի հետ կապ չունեն: «Պատմական հայկական հողեր»՝ միջազգային իրավունքի մեջ նման բան գոյություն չունի, իսկ մենք հարցը պետք է լուծենք միջազգային նորմերին համապատասխան, ու դա ասում են բոլորը, այդ թվում՝ նաեւ ՀՅԴ-ն: Կարծում եմ, միայն 5 շրջանների վերադարձից հետո սահմանը կբացվի»:

«Առավոտի» դիտարկմանը՝ ընդհանուր առմամբ այս զարգացումները դրակա՞ն եք գնահատում, Շահեն Պետրոսյանն արձագանքեց. «Դա անխուսափելի է. վաղ թե ուշ այդ հարցը պիտի լուծվի: Վրաստանը կայուն պետություն չի, իսկ սահմանի բացմամբ նորմալ բեռնափոխադրումներ կարող ենք ունենալ: Իզուր ինչի՞ միլիարդներ ծախսել Իրան-Հայաստան երկաթգիծ սարքել, եթե երկաթգիծ գոյություն ունի: Իսկ դրականը ես պատկերացնում եմ ծովից-ծով Հայաստանը: Իրականությունն ու երազանքը չպիտի իրար խառնենք: Դաշնակցությունն այդ է անում, ինչի պատճառով մենք չենք կարողանում այս 30 հազար կմ քառակուսին նորմալ տեսքի բերել: Եթե կարողանանք այս տարածքում նորմալ երկիր սարքել, հետո կարող ենք երազանքների մասին մտածել՝ ինչ-որ պատեհ առիթներից օգտվելով: Երազանքի մի մասը այսօր Ղարաբաղի անվտանգությունն է, որը լուծել ենք, բայց պատերազմը չենք հաղթել, ոչ մի կողմի կապիտուլյացիա չի եղել, ու այս խաղաղ գործընթացում պիտի համաձայնության գալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել