Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՓՐԿՈՒԹՅՈ՞ՒՆ

Մայիս 01,2009 00:00

Սխալ բեղմնավորումից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել փորձառու բժշկի

2004 թ. սկսած, Հայաստանում արհեստական բեղմնավորման եղանակով 120-ից ավելի երեխա է ծնվել։ Այս մասին օրերս կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Առուստամյանը:

Մեթոդին դիմողների թիվը գնալով շատանում է. պատճառը չբերությունն է։ Սկսած 2004 թ. մայիսից, արտամարմնային բեղմնավորումն ամբողջությամբ իրականացվում է հայ մասնագետների կողմից:

Չբերության պատճառների եւ արտամարմնային բեղմնավորման մասին մանրամասներ պարզելու նպատակով զրուցեցինք բժշկական գիտությունների թեկնածու, «Մոր եւ մանկան բժշկական գիտահետազոտական կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ։

– Վերջին տարիներին չբերությունը Հայաստանում շատացել է, ո՞րն է պատճառը։

– Պատճառները շատ են՝ հորմոնալ, ինֆեկցիոն, իմունային եւ, ցավոք, դեռ կա անհայտ ծագում ունեցող չբերություն, որ գիտությանը հայտնի չէ։ Ցավոք, մեզ մոտ բժշկի շատ ուշ են դիմում, կամ ընդհանրապես չեն դիմում, կամ էլ զբաղվում են ինքնաբուժմամբ, դրա համար էլ շատանում է չբերությունը։ Եթե ժամանակին հետազոտվեն՝ հնարավոր կլինի ինչ-որ չափով կանխել։

– Չբերությունը պայմանավորող գործոններից որո՞նք են ավելի շատ տարածված։

– Աղջիկների մոտ շատ են դաշտանային ցիկլի խանգարումները: Հատկապես 90-ականների վատ տարիների սթրեսից հետո շատ աղջիկներ սկսեցին շուտ ապրել սեռական կյանքով, շատերը դիմում են հղիության ընդհատման, բժշկի հետ չեն խորհրդակցում, որ առաջին հղիությունը չընդհատեն։

– Այլ երկրների համեմատությամբ՝ Հայաստանում չբերությունը շա՞տ է, թե՞ քիչ։

– Շատ է։ Ես կոնկրետ տվյալներ չունեմ, բայց արտասահմանում բժշկի ավելի շատ են դիմում, ավելի կարգապահ են։

– Արտամարմնային բեղմնավորումը չբերության բուժման մեթոդների՞ց է։

– Այո, շատ ժամանակակից մեթոդ է եւ երբեմն միակ փրկությունն է լինում երեխաներ ցանկացող զույգերի համար։

– Համարվում է, որ տղամարդու ամլությունը ավելի դժվար է բուժվում, քան կնոջ չբերությունը։ Արտամարմնային բեղմնավորումը ե՞ւս ավելի դժվար է կատարվում, եթե չբերությունը պայմանավորված է տղամարդու գործոնով։

– 2006թ. ներմուծվել է իքսի մեթոդը, որը շատ արդյունավետ է, եւ կիրառվում է նույնիսկ, եթե շատ քիչ են սպերմատոզոիդները։ Հետեւաբար՝ որեւէ դժվարություն չկա։

– «Մոր եւ մանկան բժշկական կենտրոնն» ունի՞ դոնորների բանկ։

– Այո, զույգերի երկկողմանի համաձայնության դեպքում օգտագործում ենք դոնորի սպերման։ Բայց այժմ այլ արդյունավետ մեթոդներ կան։ Իհարկե, եթե այլ հնարավորություն չկա, նոր դիմում ենք այս մեթոդին:

– Եթե միեւնույն դոնորի սպերման մի քանի անգամ է օգտագործվում, այդ դեպքում ազգակցական խնդիրների հետ բախում չի՞ լինում։

– Մենք նայում ենք մեր դոնորների ցանկը։ Դրանով հատուկ մարդիկ են զբաղվում եւ, բնականաբար, այնպես են անում, որ նման խնդիրներ չլինեն։ Կիրառվում է նաեւ փոխնակ մոր մեթոդը։ Այս դեպքում համապատասխան ստուգումներից հետո ընտրվող փոխնակ մայրը մշտապես գտնվում է հսկողության տակ։

– Երեխայի ծնվելուց հետո փոխնակ մայրը երեխային տալիս է կենսաբանական ծնողների՞ն, թե՞ որոշ ժամանակ կերակրում է։

– Հատուկ կնքված պայմանագրի համաձայն, վերադարձնում է, եւ, բնականաբար, երեխան արդեն սնվում է արհեստական կերով։ Միայն մի դեպք է եղել, երբ կենսաբանական (ոչ փոխնակ) մոր համար այնքան ցանկալի, սպասված է եղել երեխան, որ կնոջ մոտ սկսվել է լակտացիա (կրծքով կերակրելը) եւ նա կերակրել է իր բալիկին։ Սա իսկապես հրաշք է։

– Արտամարմնային բեղմնավորումը որեւէ բացասական ազդեցություն ունի՞։

– Ինչպես ցանկացած բուժման մեթոդ, այնպես էլ արտամարմնային բեղմնավորման մեթոդում լինում է նաեւ բարդացումներ: Այստեղ բարդացումը ձվարանի հիպերստիմուլյացիայի սինդրոմն է։ Սա շատ հազվագյուտ բարդացում է, բայց մենք կարողանում ենք դրա դեմ պայքարել, առայժմ ծանր դեպքեր չեն եղել։

– Սխալ բեղմնավորում կատարելու դեպքում վատ հետեւանքներ կարո՞ղ են լինել։

– Արհեստական բեղմնավորումը շատ բարդ տեխնոլոգիա է, տարիների փորձ է պահանջում, որպեսզի կլինիկան արդյունքի հասնի։ Պարզապես, պետք է դիմել փորձառու բժիշկների։

– Հայաստանում կիրառվող մեթոդները համապատասխանո՞ւմ են միջազգային նորմերին։

– Այո՛, լիովին։ Այստեղ կան համապատասխան սարքավորումներ, կիրառվում են բոլոր մեթոդները եւ բոլորի դեպքում արդյունավետությունը 30-40% է:

– Բեղմնավորման արդյունավետությունը կախված է նաեւ տարիքի՞ց։

– Անպայման. 40 տարեկանից հետո ամեն տարին, ինչպես ասում են, իրենն ասում է։

– Արհեստական բեղմնավորման դեպքում մե՞ծ է հավանականությունը, որ մեկից ավելի երեխաներ կծնվեն, ինչպես, օրինակ, վերջերս ամերիկուհին ութնյակների մայր դարձավ։

– Մենք տեղադրում ենք 3-ից ոչ պակաս էմբրիոններ, որ գոնե 3-ից մեկը ապրի։ Այդ է պատճառը, որ բազմապտուղ երեխաներ են լինում։ Իհարկե, եթե կինը չցանկանա, մենք իրավունք չունենք 3-ից ավելի էմբրիոն տեղադրել։

– Հնարավո՞ր է որոշել երեխայի սեռը եւ ընտրել։

– Դա կոչվում է պրեիմպլանտացիոն դիագնոստիկա, որը մենք չունենք։ Մենք մի փորձառու գենետիկ ունենք, որը համագործակցում է Գերմանիայի գենետիկայի համալսարանական կենտրոնի հետ, եւ շուտով այդ մեթոդն էլ կկիրառվի Հայաստանում։ Բայց մեզ այնքան չի հետաքրքրում սեռը, որքան ժառանգական հիվանդությունները, որոնք փոխանցվում են: Ցանկանում ենք հասնել նրան, որ էմբրիոնների պրեիմպլանտացիոն դիագնոստիկայի միջոցով կարողանանք տեղադրել միայն առողջ էմբրիոններ։

– Շատացե՞լ է ձեզ դիմողների թիվը։

– Այո, չափազանց։ Մենք կարծես վստահություն ենք ձեռք բերել։ Ճիշտ է, բոլոր հիվանդների համար դրական արդյունք չենք կարող ապահովել, բայց հաճախ լինում է այնպես, որ արհեստական բեղմնավորման անհաջող փորձից մի քանի ամիս անց՝ կինը բնական ճանապարհով հղիանում է։ Կարծես սա խթան է հանդիսանում օրգանիզմի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել