Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՏՎԻ ԳՈՐԾՆ Է

Մայիս 08,2009 00:00

\"\"Երեկվա «Առավոտում» խոստացել էինք զրուցել Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնության

անցկացման կազմկոմիտեի պատասխանատուներից մեկի հետ եւ ընթերցողին ավելի մանրամասն ինֆորմացիա տալ նախապատրաստական գործընթացի ավարտական փուլի մասին:

Այսօր խոստումը կատարում ենք: Մեր զրուցակիցը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխտնօրեն Դերենիկ Գաբրիելյանն է:

– Պարոն Գաբրիելյան, առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար դեռ շա՞տ անելիք կա:

– Աշխատանքների առյուծի բաժինն ավարտված է: Սակայն գրեթե ամեն օր նոր խնդիրներ են ծագում: Դրանց արագ լուծում տալու նպատակով ֆեդերացիայի գործկոմն ամեն օր հավաքվում ու քննարկում է բոլոր այդ հարցերը: Սա արվում է ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի հրահանգով: Նախագահի յուրաքանչյուր տեղակալ ունի իր աշխատանքային խումբը, կազմակերպական աշխատանքի իր հստակ ոլորտները եւ կատարման ժամկետները՝ տրանսպորտ, հյուրանոցներ, սնունդ, մրցավարություն, գովազդ եւ այլն, որոնց համար պատասխանատու է:

Մոտ օրերս կստանանք Մոսկվայում պատվիրված երկու օլիմպիական ռինգերը, «Swich» ֆիրմայից լուսատախտակներն ու մրցումների անցկացումն ապահովող էլեկտրոնային համակարգերն ու սարքավորումները, մեդալները: Այս ամենից հետո արդեն աշխատանքները կտեղափոխվեն մարզահամերգային համալիր: Պատրաստել ենք հատուկ նվերներ՝ ԱԻԲԱ-ի ընտանիքի, կազմկոմիտեի, ժամանող հյուրերի ու մասնակիցների համար: Կարծում եմ, ուշադրությունից ոչ մի մանրուք դուրս չի մնացել: Անգամ մասնակից երկրների դրոշները եւ օրհներգերը (երկուական օրինակ) մեր միջոցներով ունենալու հոգ ենք տարել, չսպասելով, որ նրանք իրենց հետ բերեն, ինչպես ընդունված է:

– Մարզահամալիրում շենքային պայմանները պատրա՞ստ են նման բարձր կարգի մրցումների պահանջները բավարարելու:

– Միանգամայն: ԱԻԲԱ-ի փորձագետներն անձամբ են եղել տեղում, մանրամասն ուսումնասիրել ամեն բան ու կատարված աշխատանքը բարձր են գնահատել: Նրանք բողոք չունեն:

– Ճգնաժամի այս իրավիճակում արժե՞ աշխարհի առաջնություն անցկացնելու համար հսկայական ծախսերի տակ մտնել, երբ հազար ու մի ներքին խնդիրներ կան լուծելու: Հնարավոր չէ՞ր հրաժարվել:

– Նախ, ԱԻԲԱ-ն Հայաստանն ընտրել է դեռ 2008 թվականի օգոստոսին՝ Պեկինի օլիմպիական խաղերի օրերին: Իսկ դրանից առաջ շատ երկար նախապատրաստական աշխատանք է կատարվել, երբ դեռ ոչ ոք չէր կարող կանխագուշակել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամ է լինելու: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան էր ժամանել ԱԻԲԱ-ի նախագահը: Նա անձամբ տեսել եւ տեղեկացել էր Հայաստանի առաջարկելիք պայմաններին: Միայն դրանից հետո Պեկինի օլիմպիական խաղերի օրերին ԱԻԲԱ-ի համընդհանուր քվեարկությամբ նախապատվությունը տրվեց մեր երկրին, ինչը միանշանակ պատիվ է մեզ համար, աշխարհում մեր երկրի վարկանիշի կտրուկ բարձրացում: Եվ հիմա այս մրցումը բարձր մակարդակով անցկացնելը մեր բոլորիս պատիվն է: Հրաժարվել, իհարկե, կարելի է: Բայց դա Հայաստանի հեղինակության, գուցե՝ անդառնալի, կորուստ կդառնա միջազգային մարզական աշխարհում: Հրաժարվելու դեպքում, իսկ դրան կարող եք չկասկածել, շատ երկրներ կգտնվեն, այդ թվում, նաեւ մեր հարեւաններից, որ ամեն բանի կգնան աշխարհի առաջնությունն իրենց մոտ տեղափոխելու համար: Ճգնաժամը կանցնի, բայց մեզ դրանից հետո այլեւս ոչ ոք չի վստահի: Սակայն հրաժարական տալուց առաջ եկեք խոսենք այլ բաների մասին, որոնք, չգիտես ինչու, անտեսվում են: Նախ, մեր պետությունը տեր կանգնեց այս նախաձեռնությանը՝ ոչ միայն բյուջեից բավականին կլորիկ գումար տրամադրելով ֆեդերացիային, այլեւ վարչապետի գլխավորությամբ կազմկոմիտե ձեւավորելով: Երկրորդ, ՀԱՕԿ-ի նախագահը, անկախ ամեն տեսակ ճգնաժամերից, տեր է կանգնել իր նախաձեռնությանը, եւ առայսօր որեւէ խնդիր չի եղել, որ լուծում չգտնի: Նշենք նաեւ ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանին, որը նույնպես լուծում է բոլոր ֆինանսական հարցերը:

– Բայց նրանք միայնակ են:

– Դա մինչեւ երեկ էր: Այսօր հովանավորներ կամ աջակիցներ արդեն կան՝ «Մուլտի Գրուպը», ԲԱՄՕ-ն, «Շեն» կոնցեռնը, «Տել-Սելը», «Աշտարակ կաթը», «Նիկիտա Մոբայլը»: Այս ցուցակը, հնարավոր է, դեռ կհամալրվի:

– Հասկանալի է, որ հեղինակության պայքար է: Բայց արդյոք դա նպատակաուղղված չէ՞ Բաքվում կայացած աշխարհի պատանիների նախորդ առաջնության ցուցանիշները հեռակա պայքարում գերազանցելուն (երկրների ու մասնակիցներ թվաքանակի գերազանցում):

– Բնավ: Պարզապես տարեցտարի նմանատիպ մրցումների մասնակիցների թիվն աճում է, եւ, ուզես, թե չուզես, համեմատություն արվում է: Հիշեք օլիմպիական խաղերը: Բայց եթե հարցը տրվեց, ասեմ. այո, մենք հիմա այդ չափորոշիչներով հաղթել ենք: Ու գիտե՞ք ինչու: Որովհետեւ 2007-ին համաշխարհային ճգնաժամ չկար: Իսկ հիմա, երբ ամբողջ աշխարհը խրված է դրա մեջ, մեծ թվով երկրներ որոշել են անպայման գալ Երեւան: Դա նաեւ երկրի գնահատման խնդիր է:

– Մեր պատանիների հավաքականն այս օրերին ինչո՞վ է զբաղված:

– Երիտասարդական հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյան քաղաքում: Ֆեդերացիայի նախագահի հետ միասին այցելել ենք նրանց: Ամեն բան ընթանում է բնականոն հունով:

– Որքան տեղյակ ենք, արտագնա մի քանի համատեղ հավաքներ էին նախատեսված, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն իրականացվել:

– Պատճառը մեկն է: Կուբայի պատանեկան հավաքականը ժամանակին դիմել է մեզ, որպեսզի այս առաջնությունից 10 օր առաջ գա եւ մեր թիմի հետ համատեղ հավաք անցկացնի: Բայց խնդրանքով, որ ծախսերը հոգանք մենք: Կուբան բռնցքամարտի աշխարհի ամենաուժեղ դպրոցն ունի: Դրանից լավ տարբերակ դժվար թե հնարավոր լիներ գտնել: Արման Մուրադյանն էլ տվեց իր համաձայնությունը: Այդ պատճառով որոշվեց նախօրոք կազմած ծրագիրը փոխել: Այս տարի Հայաստանի բռնցքամարտիկները հանդիպել են թե Եվրոպայի, թե Ասիայի դպրոցների ներկայացուցիչներին: Հիմա, մինչեւ այս տարվա մյուս կարեւոր պաշտոնական մրցումները, ամերիկյան՝ կուբայական դպրոցին ծանոթանալու հնարավորություն է ընձեռվել: Հրաժարվելը մեծ սխալ կլիներ: Մանավանդ, որ առջեւում նաեւ Սինգապուրի պատանեկան օլիմպիական անդրանիկ խաղերն են:

– Լրատվամիջոցների համար աշխատանքային ի՞նչ պայմաններ են ստեղծված:

– Այնպիսի, ինչը պահանջում է ԱԻԲԱ-ն: Հավատարմագրված թե հայաստանյան ավելի քան 30, թե արտասահմանյան լրատվամիջոցների, որոնց քանակն օրեցօր մեծանում է, ներկայացուցիչները առաջնությունը լուսաբանելու հետ կապված խնդիրներ չեն ունենա:

Հ. Գ. Դերենիկ Գաբրիելյանի հետ զրույցում շոշափվեցին առաջնության կազմակերպման ու անցկացման հետ առնչվող բազմաթիվ այլ հարցեր: Դրանք կներկայացնենք թերթի հաջորդ համարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել