Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼԸ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԾԱՆՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ

Մայիս 08,2009 00:00

\"\"Սեքսը հետաքրքրում է բոլոր առողջ մարդկանց

Աղջիկներ, մերկ մարմիններ, սեքս… Այս մասին մտածում է յուրաքանչյուր առողջ տղամարդ: Կա՞, արդյոք, մի տարիք, երբ տղամարդն այլեւս սեռական հարաբերությունների կարիք չի զգում, եւ սեքսը նրան այլեւս չի հետաքրքրում: Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց Ուրոլոգիայի կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի հետ: Ըստ նրա՝ սեքսուալ ֆունկցիան տղամարդու կյանքում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում. «Կանանց համեմատությամբ՝ տղամարդու համար սեռական ֆունկցիան ավելի կարեւոր է: Մենք հարավային երկիր ենք, այստեղ տղամարդիկ շուտ են հասունանում՝ 15-16 տարեկանում: Եվ հենց այդ տարիքից յուրաքանչյուր տղամարդու համար սեռական ֆունկցիան գալիս է առաջին պլան: Ֆիքսված տարիք չկա, որ տղամարդն այլեւս սեքսով չհետաքրքրվի: Եթե կնոջ համար գոյություն ունի կլիմակտերիկ շրջան, որը նպաստում է սեռական հարաբերությունների նկատմամբ ժամանակավոր անտարբերությանը, ապա տղամարդու համար կլիմաքս կոչված երեույթը, որպես այդպիսին, գրեթե չկա»: Բժիշկը փաստում է նաեւ, որ տղամարդկանց միայն 30%-ն է կլիմակտերիկ շրջան տանում. «Դրանք քիչ հանդիպող դեպքեր են, որոնց մոտ կլիմակտերիկ շրջանը պայմանավորվում է հորմոնալ իջեցումով: Դրա համար էլ ֆիքսված տարիք չկա. դա կարող է լինել 50-60 տարեկանում, որն էլ կախված է օրգանիզմի առողջությունից, սթրեսոգեն ֆակտորներից»:

Սեռական ֆունկցիայի մասին մեր զրուցակիցն ասաց. «Այն շատ զգայուն ֆունկցիա է՝ պայմանավորված բազմաթիվ ֆակտորներով՝ հոգեբանական, առողջական: Եվ այդ ֆակտորներից յուրաքանչյուրի խախտումից կարող է սեռական ֆունկցիան տուժել»: Սեքսապաթոլոգի խոսքով, որքան էլ տղամարդը կլիմակտերիկ շրջանում լինի, հորմոնային իջեցում ունենա, միեւնույն է, նրան միշտ հետաքրքրելու է սեքսը. «Ցանկացած առողջ տղամարդ միշտ էլ ցանկանում է սեքսուալ կյանքով ապրել: Բայց յուրաքանչյուր տղամարդու կյանքում էլ գալիս է մի շրջան, երբ նրա հնարավորությունները նվազում են, ու նա չի կարողանում իրականացնել գործողությունը: Միջին տարիքից հետո տղամարդկանց մեծ մասի մոտ սեռական ֆունկցիան զգալի չափով իջնում է: Բայց չի կարելի դոգմա ընդունել, թե 55-60 տարեկան տղամարդը չի կարող սեքսով զբաղվել»:

Սեռական ֆունկցիայի անկմանը նպաստող ազդակների մասին էլ Ա. Բարսեղյանը ասաց. «Ընդհանրապես երիտասարդների մոտ սեռական ֆունկցիայի անկման պատճառ հանդիսանում են հոգեբանական՝ հոգեծին սեռական խանգարումները: Այսինքն՝ նրանք դեռ կայացած չեն որպես անձ, սոցիալական որոշակի ստատուս չունեն, միջանձնային հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ ունեն, կնոջ կողմից ծանր հոգեբանական տրավմա են ստացել եւ այլն: Այս պարագայում հնարավոր է, որ տղամարդը հիասթափություն ապրի, եւ սեռական ֆունկցիան որոշ ժամանակ դադարի գործել»:

Ա. Բարսեղյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքա՞ն ժամանակ կարող է տղամարդը առանց սեռական կյանքի ապրել. «Սեռական կյանքից ձեռնպահ մնալը տղամարդիկ ավելի ծանր են տանում, քան կանայք: Սեռական ֆունկցիայի վերականգնումը շատ բարդ է: Երիտասարդների մոտ հեշտ է վերականգնվում սեռական ակտիվությունը, իսկ եթե միջին տարիքի տղամարդն է երկար ժամանակ ապրել առանց սեքսի, վերականգնվելը շատ բարդ է»:

Կանանց սեռական ցանկությունների անկման, ցանկությունների նվազեցման շրջանի մասին էլ խոսեցինք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ, գինեկոլոգ Մարինա Ոսկանյանի հետ: Նրա ձեւակերպմամբ, կանայք սեքսով սկսում են չհետաքրքրվել եւ դրա կարիքը չզգալ՝ 45-50 տարեկան հասակում. «Կնոջ կյանքը մի քանի փուլ ունի: Փուլերից մեկը կլիմակտերիկ շրջանն է, որը համարվում է կնոջ հասունացման, ծաղկման փուլ: Այս շրջանում կանանց ձվարանների ֆունկցիան սկսում է նվազել: Այսինքն՝ հորմոնները նվազում են: Իսկ սեռական կյանքի ձգտումը կախված է հորմոններից: Եթե հորմոնների քանակը պակասում է՝ բերում է սեքսի ցանկության նվազեցման: Տարիքային առումով շատ անհատական է. մեկի մոտ կարող է 40 տարեկանից սկսել, մյուսի մոտ՝ անգամ 35-ից, կին էլ կա, որ մինչեւ 55 տարեկանն է ձգվում»: Մ. Ոսկանյանը նշում է, որ սեռական հարաբերության ցանկությունը կապված է նյարդային համակարգի հետ. «Եթե կինը չունի սեռական կյանք՝ լավ չէ: Եթե կնոջ կյանքում սեքս չկա, ընդմիջում է, այն էլ՝ երկար, ապա նրա օրգանիզմում որոշակի փոփոխություններ են լինում՝ հորմոնները, ձվարանների ֆունկցիան աստիճանաբար մարում է: Բայց դա չի նշանակում, թե այն կինը, որը ապրում է սեռական կյանքով՝ ավելի առողջ է, քան նա, որն այդ կյանքով չի ապրում: Ամեն ինչ կախված է մարդու նյարդային համակարգից: Մարդ կարող է կանոնավոր սեռական կյանքով ապրել, բայց նյարդային համակարգը անկանոն լինի, ինչն էլ հիվանդությունների աղբյուր է»:

Կանանց մասին խոսեցինք նաեւ բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի հետ: Նրա համոզմամբ էլ, կնոջ սեքսուալ հետաքրքրությունների նվազումը պայմանավորված է հորմոնալ ֆոնի փոփոխություններով. «Սա չի խոսում այն մասին, որ կնոջը սեքսը չի հետաքրքրում: Կինը, ի տարբերություն տղամարդու, միշտ ունենում է սեռական հարաբերության ցանկություն: Կինը միշտ պատրաստ է սեքսի»: Ա. Բարսեղյանի ձեւակերպմամբ, սեսքի ցանկությունը մասնավորապես մարում է այն կանանց մոտ, որոնք 4-5 տարի ամուսիններից հեռու լինելու պատճառով ապրում են առանց սեքսի. «Այդ անկումն արտահայտվում է անօրգազմիայով՝ օրգազմ չեն ապրում, հաճույք չեն ստանում, ցանկություն չեն ունենում, առաջանում են նեւրոզներ, հիսթերիա, ագրեսիա: Սակայն նորմալ զուգընկերոջ պարագայում կամ նորմալ սեռական կյանքը վերականգնելու դեպքում սեռական ֆունկցիայի վերականգնումը հնարավոր է»:

Սեքսապաթոլոգը նաեւ հավելեց. «Առողջ սեռական կյանքով ապրելու դեպքում՝ ոչ ոքի չի սպառնա ժամանակից շուտ սեռական ակտիվության նվազումը, ֆունկցիայի մարումը: Պետք է ապրել առողջ ապրելակերպով, ունենալ նորմալ զուգընկեր, բայց, անկողնային հարաբերություններից բացի, նաեւ նորմալ հոգեբանական հարաբերություններ: Տղամարդկանց խորհուրդ կտամ մարմնավաճառների ետեւից չընկնել, որոնց հետ հարաբերությունները բերում են նեւրոզների, խախտումների, փսիխոտրավմաների եւ ամենավտանգավորը՝ սեռավարակների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել