Լրահոս
Օրվա լրահոսը

Մատչելի է 4 ամիս

Հունիս 04,2009 00:00

Քաղաքապետի թեկնածուները մասնակցեցին առանց հայտարարագրերի

Ընտրողները չկարողացան իմանալ իրենց թեկնածուների գույքի եւ եկամուտների մասին մանրամասները, քանի որ այս տարվա հունվարի 1-ից ընտրություններին մասնակցող թեկնածուներն այլեւս Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրեր: Թեեւ Ընտրական օրենսգիրքը սահմանում էր հայտարարագրերի հրապարակայնությունը, սակայն 2009թ. հունվարի 1-ից «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ նոր օրենքը՝ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին», այլեւս չի պարտադրում ԿԸՀ ներկայացնել թեկնածու առաջադրված քաղաքացիների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, ինչի արդյունքում ամբողջովին խախտվել է հայտարարագրերի հրապարակայնության սկզբունքը: Այսպես, նախկինում ցանկացողները կարող էին դիմել եւ ստանալ նախորդող տարիների պաշտոնատար անձանց հայտարարագրերի պատճենները, սակայն այժմ հայտարարագրերին կարելի է ծանոթանալ միայն վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար: Մեկ այլ սահմանափակում էլ է դրվել. հայտարարագրերին կարելի է ծանոթանալ բացառապես տվյալ տարվա օգոստոսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած հատվածում: Այսինքն՝ հայտարարագրերը հանրությանը տարվա մեջ միայն 4 ամիս են մատչելի: Բացի այդ, հայտարարագրերը կարող են ստանալ միայն այն ԶԼՄ-ները, ովքեր ունեն մշտական անվանում, հերթական համար եւ ամսաթիվ, պարբերական թողարկումներով նյութական կրիչի վրա թողարկվում եւ տարածվում են ՀՀ-ում եւ որոնց միեւնույն բովանդակության օրինակների քանակը պակաս չէ երեք հազարից:

Թե ԿԸՀ-ից եւ թե ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեից փորձեցինք պարզել հայտարարագրերի հրապարակայնության սահմանափակման պատճառը, ստացանք պատասխան, որ այդպիսին է օրենքի պահանջը: Կառավարությունն էլ խոսում է շահերի բացահայտման ինստիտուտի ներդրման մասին. ընդամենը վերջերս՝ մայիսի 14-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը իր խոսքում նշեց. «ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը («Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքը- խմբ.) ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք՝ պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ ՀՀ-ում լիակատար իրացվի»։ Սակայն, միեւնույն ժամանակ, շահերի բացահայտման արդեն առկա մեխանիզմը՝ թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի եւ եկամուտների հայտարարագիրը ԿԸՀ ներկայացնելու պահանջը, վերացվում է, այն էլ՝ անհիմն, առանց բացատրության: Արդյունքում՝ գնացինք եւ կգնանք ընտրությունների՝ առանց թեկնածուների գույքի ու եկամուտների մասին տեղեկատվություն ունենալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել