Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհները նորոգում են, Չախալյաններին՝ ճնշում

Հուլիս 02,2009 00:00

«Ա-Ինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ հուրախություն ախալքալաքցիների, վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում Ախալքալաքի արտաքին տեսքի բարեկարգմանը՝ ասֆալտապատվում են ճանապարհները, հողահարթեցման աշխատանքներ են տարվում գյուղեր տանող ճանապարհահատվածներում, գիշերային լուսավորություն է անցկացվում քաղաքի փողոցներում: Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության եւ ենթակառույցների զարգացման ծառայության պետ Վահան Բաթոյանն «Ա-Ինֆոյին» ասել է, որ աշխատանքները իրականացվում են տարբեր աղբյուրների միջոցներով՝ տեղական բյուջեն հատկացրել է 150 հազար լարի՝ գյուղական ճանապարհների հողահարթեցման աշխատանքների համար, իսկ պետական բյուջեի 250 հազար լարիով ասֆալտապատվում են քաղաքի փողոցները: «Մունիցիպալ զարգացման հիմնադրամը» քաղաքի փողոցների ասֆալտապատման համար 1,4 միլիոն լարի է առանձնացրել: Ախալքալաքից մինչեւ Թուրքիայի սահման տանող ճանապարհը կնորոգվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով:

Իսկ Երեւանում խոսելով ջավախահայության խնդիրների մասին, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին հայտարարել է, թե Վրաստանի նախագահի Հայաստան այցից որեւէ ակնկալիք չուներ: Արծրունու խոսքով, Ջավախքը շատ կտուժի, եթե Ջավախքի խնդիրների լուծումը սահմանափակվի հայ-վրացական միջպետական հարաբերություններով: «Ջավախքի հարցը համահայկական, միջազգային խնդիր է։ Այն վերաբերում է Վրաստանում ապրող մեծ փոքրամասնության իրավունքներին, որոնց նկատմամբ Վրաստանն իր պարտականությունները պետք է կատարի։ Դա լուծվելու է համայն հայության ճնշումների միջոցով։ Եթե Հայաստանի պետական պաշտոնական կողմը կարող է օգնել, բնականաբար, օգնելու է կուլիսների հետեւում։ Իսկ եթե ոչ, չի նշանակում, թե մենք պետք է Ջավախքից հրաժարվենք»,- ասել է Սեւակ Արծրունին։

Ջավախքի խնդիրների մասին հրապարակավ արտահայտված ջավախեցի Վահագն Չախալյանը այժմ ազատազրկված է եւ, ըստ լուրերի, հաճախ դաժան վերաբերմունքի է արժանանում: Առաջին ատյանի դատավճռով 10 տարի ազատազրկման դատապարտվելուց հետո Չախալյանը դիմել է վերաքննիչ դատարան: «Երկիր» միությունում կարծում են, որ վերաքննիչ դատարանն անընդհատ հետաձգում էր այս հայցի քննությունը մեկ պատճառով: Հունիսի 24-ին Վրաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, համաձայն որի՝ օտարերկրյա փաստաբանը չի կարող Վրաստանում պաշտպանություն իրականացնել: Իսկ Չախալյանի պաշտպաններից մեկը Հայաստանից էր, մյուսը՝ Ֆրանսիայից: «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Վրաստանի խորհրդարանի որոշումը կայացվել է հենց Վահագն Չախալյանի համար, որ փաստաբանին թույլ չտան նրան պաշտպանել: Բնականաբար, փաստաբանը բողոքարկելու է որոշումը»,- հայտարարել են «Երկիր» միության ներկայացուցիչները: Ըստ նրանց, այժմ Չախալյանի դատապաշտպան է նշանակվել «Վրաստանի մարդու իրավունքների կենտրոն» հ/կ փաստաբան Նինո Անդրեաշվիլին: «Երկիր» միությունը տեղեկություններ ունի, որ Չախալյանին բանտում ճնշելուն զուգահեռ, վրացական իշխանությունը ճնշումներ է կիրառում նաեւ Չախալյանի ընտանիքի վրա: Արդյունքում՝ Չախալյանների ընտանիքը գտնվում է ֆինանսական ծանր դրության մեջ: «Երկիր» միությունը պատրաստ է Չախալյանի հարցը հասցնել մինչեւ եվրոպական ատյաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել