Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՆԵՑՎԱԾՔԻՆ ՏԵՐ ՉԻ ԿԱՆԳՆՈՒՄ»

Հուլիս 23,2009 00:00

Երկրի կարեւորագույն գործարանները վաճառելու համար կառավարության մասին նման կարծիքի է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Մեղրիի տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ, որոնք մի քանի ամիս առաջ աշխատել են Ագարակի «Գեոպրոմայնինգ» պղնձամոլիբդենային կոմբինատում, ոչ մի հույս չունեն, որ նորից կաշխատեն, չնայած վերջերս կոմբինատը կառավարությունից 14 մլն դոլար վարկ էր ստացել աշխատանքները վերսկսելու համար: Այս առնչությամբ, Ագարակի մի խումբ բնակիչներ իրենց դժգոհությունն են հայտնել «Առավոտ» օրաթերթին եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին: Բնակիչների խնդիրները քննարկելու համար հուլիսի սկզբներին «Ժառանգության» պատգամավորներ Ա. Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Ստեփան Սաֆարյանը հրավիրվել էին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ: Պատգամավորները ծրագրել էին, որպեսզի փոխվարչապետի հետ հանդիպմանը մասնակցի նաեւ «Առավոտի» լրագրողը, սակայն պարոն Գեւորգյանը չէր համաձայնվել: «Առավոտն» իր հարցերն ուղղեց տիկին Բախշյանի միջոցով:

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգը» կոմբինատը ձեռք է բերել ամերիկյան ընկերությունից՝ վճարելով 78 մլն դոլար վարկ, որը ստացել է «ՎՏԲ» բանկից: Մեր հարցին, թե կառավարությունն արդյոք հետեւողակա՞ն է ընկերության ներդրումային ծրագրերին եւ արդյոք կոմբինատի տերերն իրենց խոստումները կատարո՞ւմ են, փոխվարչապետը պատասխանել է. «Դա մասնավոր գործարք է, եւ մենք չենք կարող միջամտել»: Փոխվարչապետի պատասխանից կարելի է ենթադրել, որ ցանկացած ընկերություն կարող է վարկով գործարաններ գնել պետությունից, հետո այն վաճառել մեկ ուրիշի, որն էլ կրկին առանց լուրջ պարտավորությունների կարող է սրտի ուզածով շահագործել:

«Կառավարությունը տեր չի կանգնում իր ունեցվածքին եւ ճիշտ ծրագրային ռազմավարություն չունի՝ թե ո՞ւմ վաճառի գործարանները եւ ինչ պայմաններով: Այդ կոմբինատը պետք է սոցիալական խնդիր լուծի, բայց ստացվում է այնպես, որ կառավարութունն ասում է՝ գիտես քո տերն այսօր «Գեոպրոմայնինգի» գայլերն են: Կուզեն՝ քեզ կմեռցնեն, կուզեն՝ կաշխատացնեն, ու դու մի կտոր հաց կունենաս: Մեր կառավարությունը լուրջ պատասխանատվություն ժողովրդի գոյության համար չի կրում: Փոխվարչապետի հետ մեր քննարկման ընթացքում հասկացանք, որ եթե «Գեոպրոմայնինգը» դրսեւորի սրտացավ վերաբերմունք, մեր ժողովուրդը կապրի, եթե չէ՝ մենք ի՞նչ անենք՝ մասնավոր գործարք է: Այդ մասնավոր գործարքում, վստահ եմ, վերեւներից մեկը փայատեր է, դա ակնհայտ է, հո հենց այնպես չե՞ն կարող ինչ ուզեն անեն: Վրացիները եկել են մեր երկիրը թալանելու, փչացնելու, էկոլոգիապես ոչնչացնելու: Գործարանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ես նրանց նպատակների մեջ ոչ մի բարի բան չտեսա, որպեսզի մարդկայնորեն շահագործեն գործարանը»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը. Տիկին Բախշյանը փոխվարչապետից հետաքրքրվել է, թե ինչ երաշխիք կա, որ այս կոմբինատի ղեկավարությունը որոշ ժամանակ անց չի հայտարարի, թե իրենց չի հաջողվել պահպանել աշխատատեղերը եւ կրճատումներ չի անի, ինչը որ արել էին դեկտեմբերին: Այս հարցին էլ Ա. Գեւորգյանը պատասխանել է. «Ես չգիտեմ ինչ է ասվել, դրա տերը չեմ, 14 մլնը ոչ միայն պարտքերը մարելու համար է, այդ գումարով նաեւ սարքավորումներ պետք է գնեն»: Իսկ եթե խոստումն այնուամենայնիվ չկատարվի, փոխվարչապետը վստահեցրել է, որ կոմբինատը հետ կվերցնեն:

Նշենք, որ Մեղրիի տարածաշրջանում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում: Դրա հիմնական պատճառն Իրան-Հայաստան սահմանի վրա գործող շուկայի փակումն է եւ «Գեոպրոմայնինգում» տեղի ունեցած կրճատումները: Շուկայի փակվելուց հետո բնակիչները բալոնով գազի 1 խմ-ն գնում են 600-700 դրամով թանկ: Բնակիչները լուրջ խնդիր համարեցին նաեւ այն, որ Արաքս գետում արգելված է ձկնորսություն անել, այն դեպքում, երբ պարսիկներն անարգել ձուկ են որսում: Փոխվարչապետի հետ «Ժառանգության» պատգամավորների հանդիպման ժամանակ էլ են քննարկվել այս նույն խնդիրները: Ա. Բախշյանի ներկայացմամբ, Արմեն Գեւորգյանն ընդամենը տարածաշրջանի ժողովրդին հորդորել է մի քիչ էլ համբերել. «2010-ից նոր ծրագրեր են ներդրվելու. Իրան-Հայաստան երկաթուղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի, Իրան-Հայաստան նավթամուղ, Արաքս գետի վրա կառուցվող ՀԷԿ, քանի դեռ այս ծրագրերը չեն գործում, ուրեմն աշխատատեղերի հույս չունենք»,- ասել է Ա. Գեւորգյանը: Ինչ վերաբերում է ձկնորսությանը, փոխվարչապետը վստահեցրել է. «Արաքս գետում ձկնորսությամբ զբաղվելու համար այս տարվա հունիսի առաջին քառօրյայում օրենք ընդունվեց, որով թույլատրվում է սահմանամերձ գետերում զբաղվել ձկնորսությամբ»: Ըստ Ա. Գեւորգյանի, սահմանամերձ շուկան էլ փակվել է, քանի որ Իրանից Հայաստան թմրամիջոցներ տեղափոխելուն շուկան նպաստում էր: Ա. Գեւորգյանը խոստացել է հեղուկ գազի խնդիրը լուծել, որպեսզի ժողովուրդը գոնե կարողանա այն էժան ձեռք բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել