Լրահոս
Օրվա լրահոսը

Բա արդյունավետությունը՞

Հուլիս 24,2009 00:00

Սեփական եկամուտների հավաքման բարձր մակարդակ ապահովելու համար հարկ է նախ ապահովել եղած գումարների թափանցիկ եւ իմաստավորված ծախսեր

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարբեր պաշտոնյաների շուրթերով տարբեր առիթներով հայտարարում է, որ համայնքների սեփական հարկային եկամուտների՝ հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման բարձր մակարդակ ապահովելը ոչ միայն պատվի հարց է, այլ անհրաժեշտ տեղական շատ խնդիրներ լուծելու համար: Այս տարվա առաջին կեսի տվյալներով սեփական եկամուտների հավաքագրումը միջինը 65-66% է, կան համայնքներ՝ ուր ցուցանիշը ցածր է 50%-ից: Հավաքագրումն անշուշտ կարեւոր է, սակայն դրա մասին խոսակցությունների առատությունը մի տեսակ ստվերում է թողել հավաքվող գումարների եւ պետության տված սուբսիդիաների խնայողաբար եւ թափանցիկ ծախսումները հարցը: Եվ քանի որ ՀՀ կառավարությունը մտադիր է շատ ավելի «քաղցր աչքով մտիկ անել» այն համայնքներին, ուր սեփական եկամուտների հավաքագրումը բարձր մակարդակի վրա է, որոշ համայնքապետեր սկսեցին մտածել ոչ թե գյուղացուն բարեխիղճ հարկատու դառնալու գործում խրախուսելու մասին, այլ համայնքային բյուջեներում սեփական եկամուտների նվազ մակարդակ սահմանեցին, հույսով, թե՝ քիչ պլանավորածը կհավաքագրեն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ: Շատ դեպքերում անտեսվեցին հարկային ապառքները, որ կուտակվել են տարիներ շարունակ պլանավորված եկամուտները չապահովելու արդյունքում: Ալավերդիում ապառքները հասնում են 100 միլիոն դրամի, Օձունում 250 միլիոնից ավելի են: Ապառքներ ունեն գրեթե բոլոր համայնքները:

Ալավերդու բյուջեով այս տարի 2008 թվականի համեմատությամբ 10 միլիոն դրամով նվազեցված է հողի հարկից գանձվելիք եկամուտը: Բայց սրանով հարց չի լուծվում: Մի՞թե հարկ է համայնքապետերին բացատրել կամ սովորեցնել, որ գրագետ ու արդյունավետ հարկահավաքությունը ենթադրում է նախ հարկատուներին աջակցություն վճարունակ դառնալու գործում, այսինքն՝ հողի մշակման պայմանների ստեղծում, հարկատուների հիմնախնդիրների լուծում եւ, որ ամենակարեւորն է՝ հավաքագրած հարկերի խիստ թափանցիկ ծախսեր:

Ալավերդու Ակներ եւ Սանահին գյուղական թաղամասերում տարիներ շարունակ անլուծելի են մնում հողերի գոտիավորման խնդիրները, անջրդի հողերից քաղաքապետարանը ոռոգովի հողերի հարկեր է պահանջում գյուղացիներից, Սանահինի գյուղացիներից շատերը դեռեւս չգիտեն իրենց անունով սեփականաշնորհած հողերի տեղը: Մի քանի տարի առաջ Լոռու մարզպետարանի կառուցած Հաղպատ-Ակներ-Սանահին ջրագծի ոռոգման ջրին Ակներում ու Սանահինում մինչեւ օրս կարոտ են մնացել: 2008-ին բնապահպանական վճարներից 21 միլիոն դրամով իբր թե լուծվել է այս գյուղերի խմելու ջրի խնդիրը, սակայն այդ ջրագծից նույնպես գյուղացիները մինչեւ օրս չեն օգտվում: Բյուջեի եկամուտների նման ծախսումներին ականատես գյուղացիները դժվար թե կամենան բարեխիղճ հարկատու լինել: Արդյունքում Ալավերդիում 2009-ի համար նախատեսված 6,2 միլիոն հողի հարկի փոխարեն առաջին կիսամյակում հավաքվել է հազիվ 1,9 միլիոն դրամ: Հարկահավաքության վիճակը ծանր է նաեւ Օձունում, Աքորիում, Մեծ Այրումում, Մարցում, գրեթե բոլոր գյուղերում:

Օձունում այս տարի 1400 հա վարելահողերից գյուղացիները հազիվ 250 հա են մշակել: Աքորիում համայնքի բյուջեն գյուղապետ Կամո Սիմոնյանի մասնավոր սեփականությունն է: Բյուջեի նախատեսված եկամուտներին, ծախսերին այստեղ անտեղյակ են անգամ ավագանու անդամները: Աքորիում 2007-ին իբր տնկարան է կառուցվել համայնքի միջոցներով: Սակայն առայսօր տնկարանը առանց տնկիների է: 2008 թվականին նույն Աքորիում 9 միլիոն դրամով իբր թե լիճ է կառուցվել գյուղի երեխաների լողանալու եւ վարելահողերի ոռոգման համար: Աքորիում վարելահողերը գյուղացիները չեն մշակում, խոտհարք են դարձրել: Գյուղապետ Կամո Սիմոնյանն էլ բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է, որ գյուղի վարելահողերը մշակության համար պիտանի չեն: Իսկ լիճը Աքորիում առայսօր չի օգտագործվում: Ակնհայտ է, որ լճի վրա ծախսված 9 միլիոնը արդյունավետ չի եղել: Գյուղացիները նույնպես տեսնում են նման երեւույթները:

Թերեւս ավելորդ չէր լինի, որ ՀՀ կառավարությունը համայնքնապետերից հարկահավաքման բարձր մակարդակ պահանջելուն զուգահեռ ու նույնիսկ առաջին հերթին պահանջի նաեւ գումարների արդյունավետ, թափանցիկ ու իմաստավորված ծախսումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել