Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Օգոստոս 06,2009 00:00

Դրա համար պետք է ստեղծվեն դիակիզարան եւ դիահերձման կենտրոն

Այսօր, հատկապես մարզերում, սոցիալական վատ պայմաններից ելնելով, հիմնականում մահացած մարդկանց չեն հերձում։ Եթե անգամ հերձում են, ապա միայն տնային պայմաններում, որը, ըստ մասնագետների, առողջական խնդիրներ կարող է առաջացնել մահացածի հարազատների համար։ Շատ գյուղերում դիահերձարանները չեն ծառայում իրենց նպատակին, դրանց փոխարեն վերակառուցվել են դեղատներ, հացի փռեր եւ այլ օբյեկտներ։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր պաթոլոգ-անատոմ Գարիկ Աղաբեկյանը։ Նա աշխատանքային նպատակներով շրջել է մարզերում եւ այդ ամենն իր աչքով է տեսել։ Բժշկի ներկայացմամբ, այդ խնդիրը ինքը ներկայացրել է առողջապահության նախարարին, որպեսզի միասին պայքարեն նման անօրինականությունների դեմ։ «Ներկայացրել եմ նաեւ, թե որտեղ մենք դիահերձարան ունենք, որտեղ՝ ոչ, դրանցից որոնք կարիք ունեն վերանորոգման, վերակառուցման եւ սարքավորումների»,- ասաց պարոն Աղաբեկյանը։ Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե շրջայցի ժամանակ հանդիպե՞լ է տնային պայմաններում հերձում անող մարդկանց, ինչին ի պատասխան՝ պարոն Աղաբեկյանն ասաց. «Ոչ մի հերձում անող սանիտար ռիսկ չի անի ինձ ասել, որ գնացել եւ տնային պայմաններում դիահերձում է արել։ Դա լրիվ կրիմինալ է։ Օրենքով է արգելվում։ Կա մարզ, որտեղ հերձումներ անում է հիվանդանոցի գլխավոր վիրաբույժը կամ գինեկոլոգը, որովհետեւ այնդտեղ մենք մասնագետ չունենք, սակայն տնային պայմաններում հերձում անել չի կարելի։ Ես վստահ եմ, որ եթե այդ առնչությամբ դիմում-բողոք լինի՝ հաստատ ընթացք կստանա»։ Մեր այն դիտարկմանը, որ բողոք չի լինի, քանի որ տնային պայմաններում աշխատողներն ավելի էժան են իրենց գործն անում, պարոն Աղաբեկյանը պատասխանեց. «Այո, բայց եթե ես իմանամ՝ միանշանակ ընթացք կտամ»։

Նման անօրինականություններից խուսափելու ու ոլորտի թերությունները շտկելու համար պաթանատոմը մշակել է «Պաթոլոգիաանատոմիական ծառայության բարելավման եւ պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնի ստեղծման ծրագիր»: Այս ծրագրով պարոն Աղաբեկյանն առաջարկում է ստեղծել պաթանատոմիայի կենտրոն, որը կլինի անկախ կառույց, ոչ թե կներառվի հիվանդանոցների մեջ։ Սա, նրա կարծիքով, կօգնի, որպեսզի պաթանատոմները գործեն անկախ եւ ճիշտ, քանի որ կֆինանսավորվի 1 կենտրոնից, ոչ թե հիվանդանոցներից. «Այդպիսով ոչ մի գլխավոր բժիշկ չի ազդի պաթանատոմի վրա, այլ մեր կառույցը կազդի բուժհիմնարկի վրա։ Պաթանատոմի հիմնական աշխատանքը, թե՛ հետվիրահատական, թե՛ նախավիրահատական եւ թե՛ արդեն դիակի ուսումնասիրության ժամանակ բժշկի, սխալը գտնելն է։ Ունենում ենք պաթանատոմիական կոնֆերանսներ, որոնց ժամանակ հիվանդանոցի պաթանատոմը հայտնում է, թե որ հիվանդը ինչ բուժում է ստացել եւ իրականում ինչից է մահացել։ Այս մասին հայտնելով, պաթանատոմը օգնում է, որ այլեւս սխալները չկրկնվեն։ Սա կօգնի նաեւ պատասխանատվութան ենթարկել բժիշկներին` իրենց սխալների համար։ Այսպիսի կոնֆերանսներ պետք է անցկացնեն բոլոր բուժհիմնարկները, բայց անում են, թե` ոչ, դա այլ հարց է»։ Նա ասաց, որ այս ծրագիրը ներկայացրել է առողջապահության նախարարություն. «Առողջապահության նախարարը, լինելով առողջապահության համակարգի ճիշտ կազմակերպիչ, ճիշտ որոշումներ է կայացրել եւ նրա հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է պաթանատոմիական վիճակը Հայաստանում։ Ես ուրախ եմ, որ առողջապահության նախարարը հասկանում է այս ծրագրի կարեւորությունը, քանի որ, եթե այսպես շարունակվի, մենք այս ոլորտում մասնագետ չենք ունենալու։ Հիմա մեր մասնագետները 70-ն անց մարդիկ են, երիտասարդ շատ քիչ աշխատակիցներ ունենք։ Այս ծրագրով նաեւ մեր ներկայիս 45 հազար աշխատավարձն էլ կբարձրանա։ Այդ քիչ աշխատավարձն է պատճառը, որ պաթանատոմի մասնագիտությունը դարձել է ոչ պոպուլյար»։

Բացի այս ծրագրից, հանրապետության գլխավոր պաթանատոմը շատ կարեւոր է համարում նաեւ դիակիզարանի ստեղծումը, որը կօգնի դիահերձողներին. «Եթե մահացածի հարազատները չցանկանան դիակիզարանի ծառայություններից օգտվել, ապա մենք մահացածի ներքին օրգանները կկարողանանք այրել, որ այժմ թաղվում են դիակի հետ։ Կայրվեն նաեւ աբորտի ենթարկված պտուղները»։

Մենք Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում են դիակիզարան կառուցելու աշխատանքները, քանի որ մոտ 1 տարի առաջ փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ էր նշել, որ արդեն մեծ անհրաժեշտություն է դիակիզարան ունենալը։ Քաղաքապետարանի գերեզմանների բաժնի ինժեներ Ռազմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ առնչությամբ կառավարությունը նախագծային աշխատանքները կատարելու համար պետք է մրցույթ հայտարարի. «Դրանից հետո կհստակեցվի շինարարության համար պահանջվող գումարի չափը։ Տեղն արդեն որոշված է՝ Աջափնյակ համայնքի գերեզմանատան հարեւանությամբ է եւ դրա համար հատկացվել է մոտ 10-12 հա տարածք, բայց թե իրականում ինչքան տարածք կզբաղեցնի դիակիզարանը՝ կերեւա նախագծային աշխատանքները վերջացնելուց հետո»։ Մեր այն հարցին, թե դիակիզարանը կլուծի՞ գերեզմանոցների ներկա ծանրաբեռնվածության խնդիրը, նույն բաժնի պետ Արտաշես Գաբրիելյանը պատասխանեց. «Ասեմ, որ բոլորն այն կարծիքին են, որ գերեզմանատարածքներն ընդլայնվում են փողոցների հաշվին։ Նման բան գոյություն չունի։ Կա նախագիծ, որով գերեզմանատները կառուցվում են, դրանից դուրս նրանք իրավունք չունեն տարածվելու։ Խախտումներ եղել են, իհարկե, սակայն՝ շատ վաղուց»։ Իսկ թե որտեղ կթաղվեն կիզված դիակի փոշով լեցուն սափորները, դիակը կհերձվի՞ այրելուց առաջ, թե՝ ոչ, ու ինչ կարժենա դիակիզումը, դեռ պարզ չէ։

Քաղաքաշինության նախարարությունից էլ փորձեցինք պարզել, թե դիակիզարանի նախագծման աշխատանքների մրցույթի համար ինչ ընկերություններ են դիմել եւ ինչ փուլում է այդ մրցույթը։ Պատասխանեցին, որ դեռ ոչ մի նորություն չունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել