Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 10,2009 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երկրորդ

ԱՍՔ ԻԳՈՐԻ ԳՆԴԻ ՄԱՍԻՆ

Երկու հազար ութի փետրվարի տասնվեցին, երբ հերթական հատվածս «Առավոտի» շաբաթօրյա համարում տպագրվեց, անմիջապես հասկացա, որ էդ գրածս ու տպածս նույնիսկ ինձ չի հետաքրքրում, ուր մնաց՝ ուրիշներին, ու էդ բանը դեռեւս նախորդ իրիկուն խմբագրությունում էի զգացել՝ սրբագրելով ու վերջնական տեսքի բերելով էդ, ուրեմն, հերթական հատվածս, ու էդ իրիկուն էդ հերթական հատվածս կարդում ու գրածիցս բան չէի հասկանում, որովհետեւ լարված պայմաններում ոչ միայն գրել չեմ կարողանում, այլեւ՝ կարդալ, եւ արդեն երրորդ օրն էր՝ որեւէ տող չէի գրել, որովհետեւ իրավիճակն իրոք չափազանց լարված էր, եւ Ջհանգիրյանն էլ էր արդեն բացեիբաց միացել ընդդիմությանը, եւ իրավիճակը չափից ավելի լուրջ էր, մանավանդ որ, ասում էին, Մանվելն էլ է միացած, ու էդ իրավիճակում անհեթեթ ու ծիծաղելի կլիներ, եթե ամեն օրվա պես զարթնեի ու ամեն օրվա պես սառնասրտորեն շարունակեի գրելիքս, մանավանդ որ՝ էդ օրերի գրելիքս մեր ընթացիկ կյանքի հետ որեւէ առնչություն չուներ եւ բացառապես վերաբերում էր անցյալ դարի յոթանասունվեց թվականին՝ «Ապագա բժիշկով» ու Ախալքալաքցի Աշոտով, ինչպես նաեւ՝ Բժշկականի պահակ ու պարետի տեղակալ Վարոսով, որին հատորուկես առաջ ուղարկել էի նրբերշիկները եփելու ու դեռեւս չէի վերադարձրել, ավելի ճիշտ՝ արդեն վերադարձնելու վրա էի, բայց ահա՝ ընտրություններից մի քանի օր առաջ, երբ Ջհանգիրյանը միացավ Լեւոնին ու իրավիճակն առավել լրջացրեց, ամենօրյա գրամոլությանս իմաստը վերացավ, ավելի ճիշտ՝ գրելուս իմաստը կորցրի, իսկ ավելի ստույգ՝ արդեն ի վիճակի չէի նախորդ օրերի պես հանգիստ խղճով զարթնել ու տվյալ օրվա պարտադիր գրելիքս հանգիստ խղճով գրել, որովհետեւ ես ի վիճակի եմ գրել ու մտքերս արտահայտել միայն ու միայն խաղաղ պայմաններում ու հանգիստ խղճով, մինչդեռ էդ օրերին ու մանավանդ Ջհանգիրյանի միանալուց հետո իրավիճակը չափազանց լուրջ էր, եւ խիղճս էլ՝ չափազանց անհանգիստ, որովհետեւ էդ օրերին մարդիկ ու հատուկենտ ընթերցողներս ինձանից ոչ թե ինչ-որ ինքնակենսագրական վեպ էին ակնկալում, այլ ընդամենը՝ հանրահավաքային բանավոր ելույթ, ու ես, իրենց էդ ուզածը հասկանալով հանդերձ, չէի պատրաստվում ու չէի էլ կարող էդ հանրահավաքներից մեկնումեկում ելույթ ունենալ՝ ոչ միայն էն պատճառով, որ չէի ուզում ուրիշների հազար անգամ ասածները կրկնել, ոչ միայն էն պատճառով, որ լարված պայմաններում ի վիճակի չեմ որեւէ ամփոփ միտք արտահայտել, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ ոչ մի կերպ ինձ չէի պատկերացնում էդ հարթակից ելույթ ունենալիս, եւ երբ ընտրություններն ավարտվեցին ու իրավիճակի լարվածությունը թուլանալու փոխարեն ավելի ուժեղացավ, ես արդեն ոչ միայն գրել, այլեւ մտածել չէի կարողանում ու «Առավոտում» տպվելս էլ դադարեցրի ու չէի էլ մտածում վերսկսել, որովհետեւ ոչ ոք արդեն էդ հատվածներիս չէր սպասում, եւ չնայած Արիսը, տիկին Էռնան, հորաքույրս, Արոն ու էլի մի քանիսը սպասում էին, դա բավարար հիմք ու պատճառ չէր, որովհետեւ երբ փետրվարի տասնհինգի երեկոյան խմբագրությունում հերթական հատվածս էի սրբագրում, հանկարծ զգացի ու հասկացա, որ էդ գրածս նույնիսկ իմ կողմից չի հասկացվում, եւ, բնականաբար, նաեւ հատուկենտ ընթերցողներիցս չէր հասկացվելու, որովհետեւ, էդ պահի դրությամբ, Հայաստան աշխարհում վերստին գրականության ժամանակներ չէին, եւ մեր աշխարհի երկինքը միանգամայն այլ իմաստներով էր լեփլեցուն, եւ չնայած Նիկոլն ու ուրիշներն Ազատության հրապարակի հարթակից միանգամայն լավատեսական հայացքներով էին նայում էդ ակնհայտորեն ամպամած ու չարագուշակ երկնքին, իմ ու իմպեսների մտքով միանգամայն վատ բաներ էին անցնում, եւ եթե օրվա մեջ մի քանի րոպե ինձ հաջողվում էր մտածել, բայղուշի պես միայն վատ բաներ էի մտածում, եւ հատկապես ընտրություններից հետո էի վատ բաներ մտածում, որովհետեւ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն երրորդ նախագահի քվեաթերթիկները վերջնականապես դրստել ու ընտրությունների վերջնական թվերը հայտարարել էր, երկրի ղեկը դեռեւս երկրորդ նախագահի ձեռին էր, եւ ակնհայտորեն զգացվում էր, որ Առաջինի նախագահ դառնալուց Երկրորդն ավելի էր վախենում, քան՝ Երրորդը, եւ Երկրորդի վախենալուց էլ ամենից շատ ինքս էի վախենում, որովհետեւ վերջին տասնամյակում մի քանի անգամ վախեցած Երկրորդ տեսել էի՝ իր բոլոր հետեւանքներով, ու էդ օրերին հիմնականում էս տեսակ բաներ էի մտածում, ու էս տեսակ բաներ մտածելս էր պատճառը, որ, ի տարբերություն Նիկոլի ու շատերի, չէի կարողանում լավատեսորեն նայել կյանքին, երկնքին ու ամեն ինչին, բայց, միաժամանակ ու շարունակաբար, էդ չարագուշակ մտքերն էլ էի շարունակաբար փորձում ինձանից վանել, եւ եթե նույնիսկ ստացվում էր, գլխումս համատարած դատարկություն էր առաջանում, որովհետեւ էս վեպիցս սկսած՝ ես վարժվել էի միայն ու միայն գրելով մտածել, եւ քանի որ փետրվարի տասնվեցից սկսած՝ գրելս ու տպագրվելս դադարեցրի, առանց գրելու մտածելս արդեն չէր ստացվում, ու տասնվեցից սկսած՝ նաեւ բուքմեյքերական հաճախումներս դադարեցրի, որովհետեւ գրելս ու տպագրվելս դադարեցնելով՝ փաստորեն նաեւ միակ եկամուտս էի դադարեցնում. այսինքն, ապագայից դրամական որեւէ հույս ու ակնկալիք չունենալով՝ չէի կարող բուքմեյքերական տվայտանքներս շարունակել, որովհետեւ չափազանց մոտիկից էի ծանոթ էն մարդկանց, ովքեր մշտական որեւէ եկամուտ չունենալով՝ նախ բուքմեյքերական տեսիլքների ու զանազան ղումարների մեջ են խրվում, իսկ այնուհետեւ՝ ահավոր պարտքերի ու զանազան անախորժությունների, եւ, դրանից էլ բացի, ես իմ անհանգիստ խղճով իրավունք էլ չունեի խաղադրույքներ կատարել, որովհետեւ ոչ միայն վեպ, այլեւ խաղադրույք գրելիս էլ պիտի խիղճդ հանգիստ լինի, եւ միտքդ՝ ազատ, մինչդեռ էդ օրերին միտքս ոչ միայն ազատ չէր, այլեւ ահավոր էր խցանված, եւ ինձ մնում էր լռելյայն մասնակցել ընտրություններից հետո նոր թափ ու նոր իմաստ ստացած հանրահավաքներին, բայց էստեղ էլ ինձ առանձնապես ազատ չէի զգում ու շարունակաբար փշերի վրա էի, որովհետեւ երկու հազար ութի մանավանդ հետընտրական հանրահավաքներն իմ տեսած ու իմ մասնակցած հանրահավաքներից ահագին տարբեր էին եւ հատկապես ինձ համար էին ահագին տարբեր, եւ եթե ութսունութին ու ութսունութին հաջորդած գրեթե բոլոր հանրահավաքներին ազատորեն մասնակցում ու ինձ չափազանց ազատ էի զգում, էս նորերի ընթացքում Ազատության հրապարակում ոչ մի կերպ տեղս չէի գտնում, եւ, ինչպես շուտով պարզ դարձավ, հետագայում էլ տեղս չէի գտնելու, որովհետեւ Ազատության հրապարակի տեղս անվերադարձ էի կորցրել, ու եթե նախկինում Հայաստանի ազատ քաղաքացու կարգավիճակով ազատորեն իմ տեղն էի զբաղեցնում Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում, հիմա արդեն էդ ազատ ու ընդարձակ հրապարակներում ոչ միայն տեղս չէի գտնում, այլեւ՝ նախկին կարգավիճակս, եւ չնայած իմ կարծիքով Հայաստանի նույն ազատ քաղաքացին էի, ուրիշների կարծիքով՝ արդեն մտավորական էի ու պարտավոր էի հարթակից մտավորականի իմ խոսքն ասել իմ ժողովրդին, ընդ որում՝ Ազատության հրապարակի հարթակից, որովհետեւ ընտրություններ կոչվածից հետո կյանքն ու պայքարն ամբողջովին տեղափոխվել էին Ազատության հրապարակ, եւ հատկապես ինձ համար էր էդպես, որովհետեւ էդ օրերին ամբողջովին էի կտրված բուքմեյքերական կյանքից ու պայքարից, եւ Ազատության հրապարակում արդեն վրանները խփված էին, եւ շուրջօրյա նստացույցն էլ էր արդեն սկսված, բայց ինձ մտավորական համարողներն ինձնից ոչ թե նստացույցին մասնակցել էին պահանջում, այլ՝ հարթակային ելույթ, որովհետեւ էդ օրերին ոչ միայն նստացույցն էր մշտական, այլեւ՝ հանրահավաքները. այսինքն, ելույթ ունեցողների կարիք մշտապես էր զգացվում, եւ լիքը մտավորականներ արդեն ելույթներ էին ունեցել՝ Օհան Դուրյանից սկսած եւ ուրիշներով վերջացրած, եւ միայն մեկը համառորեն ելույթ չէր ունենում, եւ այդ մեկը ես էի, եւ եթե էդպես էլ չէր՝ էդ օրերին ինձ էդպես էր թվում, եւ էդ օրերին ոչ միայն Հայաստանի սովորական ու ազատ քաղաքացիներն էին ինձանից ելույթ պահանջում, այլեւ իրենք՝ մտավորականները, ընդ որում՝ էնպիսիք, ովքեր երբեւէ ելույթ չեն ունեցել ու չեն էլ ունենալու, եւ դա նշանակում էր, որ ինձ ոչ միայն սովորականներն ու ազատներն էին կարեւոր մտավորական համարում, այլեւ իրենք՝ մտավորականները, մինչդեռ ինքս ինձ մտավորական համարելու իրավունք էլ չունեի, որովհետեւ ընդամենը մի քանի օր էր՝ ինչ ոտքս կտրել էի բուքմեյքերականներից, ընդ որում՝ ճարահատյալ ու անբավարար միջոցների պատճառով, բայց էս կարեւորագույն հանգամանքը որեւէ մեկին չէր հետաքրքրում, որովհետեւ հետընտրական էդ հանրահավաքներն էս վեպիս պես անվերջ ու շարունակելի էին, եւ հիմա՝ հետին թվով որ մտածում եմ, սկսում եմ նաեւ մտածել, որ ինձնից հանրահավաքային ելույթ պահանջողները լավ էլ հասկանում էին, որ հռետորական ձիրք ու շնորհք չունեմ, բայց էդ օրերին երեւի մտածում էին՝ մկան շեռն էլ ա ջաղացին օգուտ, իսկ երբ երբեւէ հարթակից ելույթ չունեցած մտավորականներն էին ինձանից ելույթ պահանջում, ուղեղս վերջնականապես էր խցանվում, եւ հիմա համեմատաբար բացված ուղեղովս որ մտածում եմ, էլի դրանց չեմ կարողանում հասկանալ, եւ երբ էդ հանրահավաքներից մեկում ինձ մոտեցավ երբեւէ որեւէ տեղ ելույթ չունեցած գեղանկարիչ Թադեւոսյան Վիգենն ու ականջիս մեղմիկ շշնջաց՝ «էս դո՞ւ ինչի ելույթ չես ունենում», ես հասկացա՝ որ դա վերջն է, եւ չնայած իրավապաշտպան Հարությունյան Վարդանն էլ էր էդ պահին Ազատության հրապարակում, ես ազատ քաղաքացու իրավունքներիս պաշտպանության հարցով Վարդանից որեւէ ակնկալիք ունենալ չէի կարող, որովհետեւ բոլորի պես Վարդանն էլ էր ինձանից հանրահավաքային ելույթ ակնկալում, մինչդեռ ելույթ ունենալ չէի կարող ոչ միայն էն պատճառով, որ հռետորական ձիրք ու շնորհք չունեմ, այլեւ ու առաջին հերթին էն պատճառով, որ բացարձակապես ասելիք չունեի, եւ հատկապես ու առանձնապես քաղաքական թեմայով ասելիք չունեի, մանավանդ որ՝ ամեն ինչ մի քանի անգամ ասվել ու արդեն կրկնվում էր, մինչդեռ ինձանից ելույթ ակնկալողները գտնում էին, որ ոչ թե ասելիքն է կարեւոր, այլ՝ ասողը, ու էդպիսով, փաստորեն, նվաստիս կարեւորում էին, բայց եթե չկարեւորեին էլ, էլի ինձանից ելույթ էին պահանջելու, որովհետեւ արդեն Պասկն ու Ադամը երկրորդ ու երրորդ կռուգ էին ելույթ ունենում, եւ մտավորական նոր անվան պահանջարկը կար ու արդեն խեղդում էր ու հատկապես ինձ էր խեղդում, եւ երբ խեղդոցը սաստկացավ, ես փետրվարի քսանչորսի իրիկուն ճարահատյալ հարթակ բարձրացա, եւ չնայած ութսունութի փետրվարից սկսած՝ անթիվ ու անհամար միտինգների էի մասնակցել, երկու հազար ութի փետրվարի քսանչորսի էդ իրիկուն առաջին անգամ էի հարթակ բարձրանում եւ առաջին անգամ հարթակ բարձրանալով՝ նախ Նիկոլին բարեւեցի, այնուհետեւ՝ Գուգոյին ու Բագրատյանին, եւ իմ բախտից էդ պահին Առաջինը հարթակից բացակայում էր, եւ իմ բախտից էդ պահին հարթակի վրա թեթեւակի քաշքշուկ էր, որովհետեւ, ինչպես պարզվեց, շատերն էին ուզում ելույթ ունենալ, բայց Նիկոլը չէր թողնում, ու մինչ Նիկոլի օգնականներն էդ ուզողներին ու ուզողներից հատկապես մի աժդահա մորուքավորի կարգելեին ելույթ ունենալ, ես նայեցի հրապարակին ու հազարավորներին տեսնելով՝ առաջին անգամ մտածեցի, որ ժողովրդի քանակության ճիշտ թիվը ոչ թե «Հայլուրի» տասը հազարն է, այլ Նիկոլի կես միլիոնը, ու էդ բոլորին հարթակից տեսնելով՝ մարմնովս դող անցավ, ու մինչ Նիկոլն ու օգնականներն էդ զարզանդ մորուքավորին կհամոզեին ելույթ չունենալ, ես սուսուփուս ծլկեցի հարթակից՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ կես միլիոնին ասելու բան չունեի, այլեւ էն պատճառով, որ եթե նույնիսկ ասելու շատ կարեւոր բան էլ ունենայի, էլի չէի կարողանալու ասել, եւ երբ մի առիթով Վանոն Ազատության հրապարակի էդ մարդկային ահարկու ծովը նկարագրում էր, իրեն առանձնապես չէի հասկանում, եւ երբ ասում էր թե՝ ինչ ահավոր է էդ ահարկու ու ալեկոծ ծովի դեմ կանգնելն ու ելույթ ունենալը, էլի լավ չէի պատկերացնում, բայց ահա երկու հազար ութի փետրվարի քսանչորսի էդ իրիկուն ընդամենը մի քանի վայրկյան հարթակից էդ ահարկու ծովին նայելով՝ վերջնականապես հասկացա, որ քաղաքականությունն ու մանավանդ հռետորությունը հակացուցված են ինձ, ու նաեւ հասկացա, որ մարդիկ կյանքից չեն ստանում այն՝ ինչը հատկապես են փափագում, որովհետեւ, նախքան ճողոպրելս, տեսա՝ ինչպիսի դժվարությամբ են Նիկոլն ու օգնականները զսպում ելույթ ունենալ փափագողներին ու հատկապես աժդահա մորուքավորին, եւ հիմա հիշեցի նաեւ, որ մեկ էլ ութսունութի գարնանն էի էդքան մոտեցել Ազատության հրապարակի նույն էդ հարթակին, ու էդ անգամ էլ էր հարթակում խառնաշփոթ, եւ էդ օրն Իգոր Մուրադյանի առաջնորդության ամենավերջին օրն էր, եւ Իգորն արդեն շաբաթներ առաջ հարթակից ու Շարժումից մեկուսացրել էր Վաչե Սարուխանյանին, բայց ահա ժողովրդի, իրավիճակի ու հայոց լեզվի հետ մենմենակ ու անպաշտպան մնալով՝ վերստին խուճապի մեջ էր հայտնվել, եւ խուճապի մեջ հայտնվելով՝ Ազատության հրապարակի հարթակից ժողովրդին կոչ էր անում հարձակվել Նախիջեւանի վրա, եւ էդ պահին ոչ միայն ժողովուրդն էր ապշահար նայում Մուրադյան Իգորին, այլեւ «Ղարաբաղ» կոմիտեի տղերքը՝ Վազգենը, Վանոն ու մյուսները, եւ, հիշում եմ, կոմիտեի տղերքը ժողովրդին կոչ էին անում չենթարկվել Իգորի կոչերին, եւ քանի որ Իգորի տղերքը ֆիզիկապես շատ երեւելի էին, մյուս կոմիտեականներն ստիպված էին դիմել հայոց լեզվի օգնությանը, եւ քանի որ Լեւոնը դեռեւս կոմիտեի մեջ չէր, եւ քանի որ ժողովրդի մի մասն Իգորի ռուսերենին էր նախապատվությունը տալիս, հարթակի վրա ու ներքեւում ահավոր քաշքշուկ էր սկսվել. այսինքն, Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի մի մասը հավատում էր, որ կարելի է բենզինով լի շշերով հարձակվել եւ, ուրեմն, գրավել Նախիջեւանը, եւ Իգորը, չնայած կակազելով, էնքան համոզված ու էնքան վերջնական էր հրամայում ու աղաղակում, որ Վանոն, Վազգենն ու կոմիտեի մյուս տղերքն անակնկալից ուղղակի սփրթնել էին, եւ չնայած Իգորն իր թիկնապահների միջոցով մյուս կոմիտեականներին արդեն հեռացրել էր հարթակից, կոմիտեականները ժողովրդի մեջ ժողովրդին բացատրում էին, որ չի կարելի բենզինով լի շշերով գնալ ու գրավել Նախիջեւանը, եւ էդ պահին Վանոն ինձ տեսնելով ասաց՝ «ի՞նչ ես պարապ կայնել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ պիտի անեմ», եւ Սամսոնը Վանոյի փոխարեն ասաց՝ «մարդկանց բացատրի, որ պրովոկացիայի չենթարկվեն», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց բացատրեմ», եւ Սամսոնն ասաց՝ «ասա, որ վտանգավոր ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա վտանգավոր», եւ Գեւորգյան Սամվելը Սամսոնի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Նախիջեւանի վրա գնալը», եւ ես ժպտալով հարցրի՝ «վախենում եք՝ իսկականից Նախիջեւանը գրավե՞ն», եւ Սամվելը ծիծաղելով ասաց՝ «գրավեցին՝ գրավեցին. սրանց շատ չկա», եւ Սամսոնն ասաց՝ «հանաքի վախտ չի. սիտուացիան շատ վտանգավոր ա», ու մինչ մենք խոսում էինք, Վազգենն ու Վանոն ժողովրդի մեջ ժողովրդին ինչ-որ բաներ էին բացատրում, իսկ հարթակն ամբողջովին իրենով արած Իգորը հարթակից միանձնյա ինչ-որ բաներ էր ռուսերեն աղաղակում, եւ ես Սամսոնին հարցրի՝ «դու չէիր ասո՞ւմ, որ Իգորը հանճար ա», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ ըտենց բան ասել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մի քանի օր առաջ՝ գրողների պադվալում», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հիշում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես հիշում եմ», եւ Սամվելն ինձ ասաց՝ «էս մի քանի օրվա մեջ իրավիճակը շատ ա փոխվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի չես էլ պատկերացնում, թե սիտուացիան ինչքան վտանգավոր ա», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, ադրբեջանցիների համար ա վտանգավոր», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «ադրբեջանցիների համար ինչո՞վ ա վտանգավոր», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ Իգորն ուզում ա Նախիջեւանը գրավի», եւ Սամսոնը քմծիծաղով հարցրեց՝ «հավատում ե՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի դու ավելի ես հավատում, քան՝ ես», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն եմ հավատում», եւ ես ասացի՝ «Նախիջեւանը գրավելուն», եւ Սամսոնն ասաց՝ «էրեխա ե՞ս. ո՞նց կարամ հավատամ», եւ ես հարցրի՝ «բա խի՞ ես իրար խառնվել», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շարժման համար եմ վախենում. վախենում եմ՝ շարժումն իրա հունից դուս գա», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, հանճարին չեք վստահում», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էդ բառը չեմ ասել», ու էդ պահին Վանոն մեզ մոտենալով՝ Սամսոնին ասաց՝ «գյալաջի անելու վախտ ե՞ս գտել», եւ Սամսոնը Վանոյին հարցրեց՝ «ի՞նչ պիտի անենք», եւ Վանոն Սամսոնին ու Սամվելին ասաց՝ «բարձրանում ենք հարթակ», ու էդ ասելով՝ Վանոն մարդկանց մի մեծ խմբի գլխով նշան արեց ու էդ խմբին առաջնորդելով՝ շարժվեց դեպի հարթակ, եւ Սամվելն ու Սամսոնը հետեւեցին նրանց, եւ Վանոյից առաջ Վազգենն ու Սմբոն էլ էին արդեն հարթակի մատույցներում, եւ քիչ անց հարթակի վրա ահավոր ձեռնամարտ սկսվեց, եւ չնայած սկզբում Իգորն ու իր տղերքը բռնցքամարտ հիշեցնող որոշակի շարժումներ էին անում, շատ չանցած՝ ինքն ու իր թիկնապահները տեղի տվին, եւ քիչ անց հարթակն արդեն գրավված էր կոմիտեականների ու ժողովրդական զանգվածի կողմից, եւ ոչ միայն հարթակն էր գրավված, այլեւ Իգորի ձեռքից խլված էր մեգաֆոնը, որն արդեն Վազգենի ձեռքին շողշողում էր երեկոյան արեւի վերջին ճառագայթներից, եւ Վազգենն արդեն հանդարտության կոչ էր անում, եւ ժողովրդի մեծ մասն արդեն լքել էր Ազատության հրապարակը, որովհետեւ ժողովուրդը ոչ թե Նախիջեւանը գրավելու համար էր հրապարակ եկել, այլ եկել էր հանճարի ռուսերենն ունկնդրելու, եւ Ազատության հրապարակում մնացած ու չհեռացած ժողովուրդն էլ առանձնապես տրամադրված չէր բենզինի շշերով գրավել Նախիջեւանը, մանավանդ որ՝ բենզինի էդ շշերը չկային էլ, եւ հիմնականում էդ էր պատճառը, որ Ազատության հրապարակում մնացած ժողովուրդը հակված էր ենթարկվել Վազգենի հանդարտության կոչերին, եւ իրավիճակը քիչ թե շատ պատկերացնողների ու հասկացողների համար արդեն պարզից էլ պարզ էր, որ «Ղարաբաղ» կոմիտեի նախագահի պաշտոնը վերջնականապես խլված է Մուրադյան Իգորից, եւ չնայած էդ իրիկուն չհայտարարվեց, հասկացողներս արդեն հասկանում էինք, որ էդ պահից սկսած՝ «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը Մանուկյան Վազգենն է, ու էդպես էլ եղավ, ու էդ պահի դրությամբ Լեւոնը դեռեւս կոմիտեի անդամ չէր, եւ որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ երբեւէ կդառնա, եւ մանավանդ իմ մտքով չէր կարող էդպիսի բան անցնել, եւ Լեոնին որոշ չափով ճանաչելով ու իմանալով՝ չէի պատկերացնի, որ երբեւէ կարող է քաղաքականությամբ ու հեղափոխությամբ զբաղվել, եւ չնայած Վանոյի առումով էլ էդ բանը երբեւէ չէի պատկերացրել, ութսունութի գարնան էդ օրերի դրությամբ՝ Վանոն արդեն փաստ էր ու արդեն հիմնավորապես էր խրված քաղաքականության ու հեղափոխության մեջ, մինչդեռ Լեւոնը դեռեւս չէր հայտնվել, եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում, թե՝ երբեւէ կհայտնվի, որովհետեւ ինքը հիմնականում գիտությամբ էր զբաղվում եւ աշխատանքից հետո համարյա ամեն օր Վանոյի հետ «Պապլավոկում» շախմատ էր խաղում, եւ իրենց էդ ամենօրյա շախմատը մի քիչ արտասովոր էր, որովհետեւ ինչքան որ Վանոն իր բնավորությամբ շախմատին չէր սազում, էդքան էլ Լեւոնը՝ «Պապլավոկին», բայց իրենց էդ շախմատը Շարժումից ահագին առաջ էր սկսվել ու շարունակվում, եւ Շարժման հետ իրենց էդ շախմատը դադարեց, որովհետեւ Շարժումից մի քանի օր անց արդեն Վանոն ու Շարժումն իրար փոխադարձաբար ու վերջնականապես գտան, եւ Շարժումից ընդամենը մի քանի օր անց Լեւոնին պատահաբար հանդիպեցի իմ հարսանիքի քավոր Գագոյի տանը, եւ Լեւոնն իր որդու՝ Դավթի հետ էր, եւ երբ իմացա, որ իր աժդահա որդին ընդամենը վեցերորդ դասարանցի է, զարմանքից ուղղակի ապշեցի, եւ երբ զարմանքս արտահայտեցի, Լեւոնը ժպտալով ասաց՝ «մեծանա՝ Իգորի պես հերոս ա դառնալու», եւ Գագոյենց տանն էդ օրը ֆուտբոլ էինք նայում, եւ էդ օրն իմացա, որ Լեւոնը շատ թունդ ֆուտբոլասեր է, բայց «Արարատն» արդեն սկսել էր շատ վատ խաղալ ու էդ օրն էլ էր «Հրազդանում» պարտվում, եւ, հիշում եմ, սեզոնի առաջին խաղն էր, եւ երբ մերոնք երկրորդ թե երրորդ գոլը կերան, մենք ֆուտբոլը թողեցինք ու սկսեցինք Շարժումից ու քաղաքականությունից խոսել, եւ էդ օրվա դրությամբ՝ մեր քաղաքական հերոսներն Իգոր Մուրադյանն ու Պարույր Հայրիկյանն էին, որովհետեւ դեռեւս մարտի կեսերն էին, եւ Իգորը դեռեւս գահընկեց չէր արվել, եւ Պարույրն էլ, փաստորեն, Իգորի միակ այլընտրանքն էր ու իր կենսագրությամբ իմ ու շատերի համար կենդանի ու քայլող լեգենդ էր, եւ մնացածների համար էլ Իգորն էր լեգենդ, եւ, ասում էին, Ալիեւին Նախիջեւանի հարցով դատի տալու նպատակով ինքն արդեն շուրջ կես միլիոն ստորագրություն հավաքել եւ ուղարկել էր Կրեմլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել