Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 11 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Նոյեմբեր 13,2009 00:00

\"\"Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Խաչիկ Հովհաննիսյանի
նախագահությամբ, ավարտեց Էջմիածնի Կարճիկյան 2 փակուղու թիվ 1 տան բնակիչ՝ 24-ամյա Սեւակ Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Վերջինս մեղադրվում էր փեսային, երկու մանկահասակ երեխաների հորը՝ Մանուկ Միսակյանին սպանելու համար:
Սպանությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա հուլիսի 19-ին, ժ. 19.30-ի սահմաններում, նշված հասցեում:
Հայտնի է, որ Մանուկը, որը ՌԴ քաղաքացի է, տնտեսագիտության թեկնածու, գործարար, վերադարձել է Սանկտ Պետերբուրգից՝ երեխաներին տեսնելու նպատակով: Ըստ գործի նյութերի. «Մանուկ Միսակյանը զանգել է Սեւակ Թովմասյանի բջջային հեռախոսի վրա, ասել է, որ ցանկանում է տեսակցել երեխաների հետ, պայմանավորվել է հանդիպել նրանց տան մոտ: Մինչ երեխաներին նախապատրաստելը, Սեւակ Թովմասյանը տնից վերցրել է «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակը եւ դուրս եկել փողոց»: Դատարանում պարզվեց, որ մարդասպանի քրոջ եւ փեսայի հարաբերությունները վերջին մեկ տարում եղել են լարված: Քույրը Սանկտ Պետերբուրգից եկել է Էջմիածին՝ հայրական տուն: Սեւակ Թովմասյանը վիրավորական արտահայտություններով, ոգելից խմիչք օգտագործած վիճակով դիմավորել է փեսային, սկսվել է քաշքշուկ: Ամբաստանյալը «գործով չպարզված դանակով» բազմաթիվ հարվածներ է հասցել Մանուկին: Վերջինիս հետ եկած ընկերները մեքենայով Մանուկին փորձել են հասցնել հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է:
Սեւակ Թովմասյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ամբուլատոր փորձաքննության 129/09 եզրակացությամբ՝ Ս. Թովմասյանը որեւէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում եւ չի տառապել. «Որպես հոգեպես առողջ անձնավորություն, կարող էր եւ կարող է հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար եւ ղեկավարել դրանք ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ՝ ներկայումս»:
Դատարանը Ս. Թովմասյանին դատապարտեց 11 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալից, հօգուտ սպանվածի հոր՝ Ն. Միսակյանի, պետք է բռնագանձվի 2 000 000 ՀՀ դրամ, որպես հատուցում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել