Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/Կ-ներն ու միությունները՝ նույն հարթության վրա

Դեկտեմբեր 12,2009 00:00

\"\"ԱԺ-ն կողմ է «համահարթեցմա՞ն»

Ինչպես բոլոր ստեղծագործական միավորումները, այնպես էլ Հայաստանի թատերական գործիչներինը (ՀԹԳՄ) անհամբեր սպասում էին հ/կ-ների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն, որով կհստակեցվեին ստեղծագործական միությունների դերն ու գործառույթները: Ի վերջո, տարբերակում կմտցվեր հ/կ-ների եւ ստեղծագործական միությունների միջեւ՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով համագումար հրավիրել համաձայն ստեղծագործական միությունների կանոնադրության՝ ոչ ուշ, քան չորս տարին մեկ: Սակայն վերջերս ԱԺ-ն 90 օրով հետաձգեց օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, այսպիսով հասկացնել տալով ստեղծագործական միություններին, որ նրանք ոչնչով չեն տարբերվում մեր երկրում գրանցված 3000-ից ավելի հ/կ-ներից: Փաստորեն, ԱԺ-ն ստեղծագործական միությունները եւ տարբեր մանր-մունր խնդիրներով զբաղվող հ/կ-ներին դրեց նույն հարթության վրա եւ, ինչպես ոմանք են նկատում, հող նախապատրաստելով հետագայում դրանց լուծարման ու ունեցած շենքներն օտարելու համար:

Հիշեցնենք, որ գործող օրենքը պահանջում է համագումար հրավիրել երկու տարին մեկ եւ, ի տարբերություն այլ ստեղծագործական միությունների, ՀԹԳՄ-ն պետք է իր հերթական համագումարը հրավիրի մինչեւ տարեվերջ: Լինելով օրինապահ միավորում, ինչպես օրերս քարտուղարության եւ վարչության ընդլայնված նիստում հայտարարեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, իրենք պարտավոր են ենթարկվել օրենքի տառին, հերթական համագումարն էլ անցկացնել մինչեւ Ամանոր: Որոշում կայացվեց համագումար հրավիրել դեկտեմբերի 23-ին: «Առավոտի» հարցին, որ եթե Ազգային ժողովն ու արդարադատության նախարարությունը չեն ուզում հարգել ստեղծագործական միություններին, ապա ինչո՞ւ եք դուք անձնատուր լինում ի սկզբանե սխալ օրենքին, Հ. Ղազանչյանը պատասխանեց. «Օրենքն ընդունում է պետությունը, ու մենք պարտավոր ենք այն հարգել ու ենթարկվել: Իսկ եթե մինչեւ տարեվերջ չհրավիրենք համագումար, ապա ես կհամարվեմ ոչ լեգիտիմ նախագահ»: Հաջորդ հարցին՝ մտավախություն չունի՞, որ շուտափույթ հրավիրվող համագումարը կտուժի կազմակերպչական առումով, եւ գուցե ինքը չի ստանա ձայների այն քանակը, որն անհրաժեշտ է՝ վերընտրվելու համար, ՀԹԳՄ նախագահը հավաստիացրեց, որ օրերս կայացած միության ընդլայնված նիստում թվով ավելի շատ թատերարվեստի մարդիկ են եղել, քան համագումարին են լինում. «Այնպես որ, ամսի 23-ին կայանալիք համագումարը շուտափույթ չէ, ես էլ համոզված եմ, որ քվորում կապահովվի»:

Ըստ որոշ լուրերի, շրջանառվում են ՀԹԳՄ նախագահի թեկնածուների մի քանի անուններ, այդ թվում՝ Արմեն Էլբակյան, Նիկոլայ Ծատուրյան, Տիգրան Ներսիսյան, Արմեն Մարության: Թե ինչպես է գնահատում իր հնարավորությունները, պարզվում է՝ Հ. Ղազանչյանը միայն ուրախ կլինի, որ նախագահի տեղի համար թեկնածուները շատ լինեն, իսկ համագումարն էլ անցնի բաց, առիթ չտալով ասեկոսեների:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել