Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության մարտիկ, օազիս՝ թուրքական պետության մեջ

Դեկտեմբեր 24,2009 00:00

\"\"Հրանտ Դինքի եւ նրա «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գրքի մասին

«Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի առաջին՝ «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գիրքը թուրքերեն լույս է տեսել 2008 թվականին՝ նրա ողբերգական մահվանից 1,5 տարի անց: «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից Դինքի աշխատությունն առաջին անգամ հայերեն ներկայացվում է նաեւ հայ ընթերցողին: Երեկ Արեւելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւանը» հեղինակը նվիրել է իր բնօրրանից արմատախիլ արված, կենսակերպից եւ քաղաքակրթությունից կտրված հայ ժողովրդին, ինչպես նաեւ անատոլիաբնակ հայերի, թուրքերի եւ քրդերի հիշատակին: Աշխատությունը թուրքերենից թարգմանել է Մկրտիչ Սոմունջյանը: Գրքում արտահայտվում է հեղինակի անձնական կարծիքը, մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Դինքը գրքում հանդես է գալիս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապագան կառուցելու եւ անցյալը վերանորոգելու նոր մոտեցումով: Ներկայացվում են հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառները, նորագույն պատմությունը, անդրադարձ կա նաեւ սահմանի բացմանը:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ «Դինքի պայքարը հայ մարդու, հայ մտավորականի պայքարն է հանուն պատմական արդարության»:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը շնորհանդեսի ընթացքում հիշելով Դինքի հետ իր առաջին հանդիպումը, նշեց. «Դինքը միայն մոնումենտ չէ, նրան պետք չէ միայն հիշել ու հարգել, այլ՝ կարդալ ու լսել: Հայաստանը Հրանտի համար միայն տարածք չէր: Երբ առաջին անգամ հանդիպեցի նրան, ասաց, որ անձնագիր չեն տալիս ու չի կարող Թուրքիայից դուրս գալ: Հարցրի՝ ուրեմն դուք Հայաստանում չե՞ք եղել, հարցից հետո սկսեց ինձ հետ դու-ով խոսել ու քիչ բարկացած, բարձր ձայնով ասաց. «Դո՛ւ չես եղել Հայաստանում, ես Մալաթիայում, Կարինում, Վանում, Կարսում եմ եղել, դա է իմ երկիրը»:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ «Դինքը կարեւորում էր 2 պետությունների հարաբերությունների փոփոխությունը: Ինքը միշտ շահագրգռված էր, որպեսզի Հայաստանի մասին նյութեր լինեն թուրքական մամուլում, հայերն անընդհատ ներկա լինեն թուրքական հեռուստաընկերությունների եթերում»:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տարիներ առաջ բախտ է ունեցել շփվել Հ. Դինքի հետ, լսել նրա դասախոսությունը հայ-թուրքական հարաբերությունների թեմայի շուրջ: «Թվում է, խոսում է շատ պարզ, մատչելի, բայց նրա յուրաքանչյուր տողատակում խորը, բազմիմաստ մտքեր են, Դինքն ուզում էր, որ տարածաշրջանում կայունություն, խաղաղություն լինի, ուզում էր, որ այնքան զարգանանք, որ հասնենք եվրոպական մակարդակի: Դինքը դեռ 2003-2004 թթ. էր արտահայտում իր կարծիքը, այն ժամանակ, երբ շատ քիչ էր խոսվում հայ-թուրքական հարաբերության կամ հարաբերություն չլինելու մասին: Ինչո՞վ է մեղավոր մի ամբողջ ժողովուրդ, որ ստիպված է այս պայմաններում ու հոգեվիճակում ապրել: Միայն ցեղասպանությունը ճանաչելով, դատապարտելով է հնարավոր հարաբերությունների զարգացումը»,- նշեց Հ. Հակոբյանը:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ ընդգծեց. «Նրան տարբեր գնահատականներ են տրվում՝ պատմական արդարության, իրավունքի մարտիկ, բայց ես առաջինը նրան կհամարեի խաղաղության մարտիկ: Նա մեկը կարող էր լինել, որ ավելի ամուր կկամրջեր վախեր ներշնչող Թուրքիա պետության անցյալի եւ ապագայի միջեւ, բայց նաեւ չեմ ասի, որ նրա սպանությամբ վերացավ այդ կամուրջը: Նա անգամ իր բացակայությամբ տակավին մնալու է այն հենքը, որն իր մեծ ներդրումն է ունենալու պատմական եւ ժամանակակից բաժանարար հարցերը լուծելու եւ խաղաղություն հաստատելու գործում:
 Ես Դինքին կանվանեի փոքրիկ մի օազիս՝ թուրքական պետության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել