Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ «ՇԱԽ» ՉԵՆ ԱՆՈՒՄ»

Դեկտեմբեր 25,2009 00:00

Ռեստորանատերերը հասկացել են, որ Ամանորի գիշերը չարժե էստրադային «աստղերին» ֆոնոգրամայի համար աստղաբաշխական գումարներ վճարել:

Նախորդ տարիներին հայտնի եւ խոշոր ռեստորանատերերը մրցում էին միմյանց հետ՝ փորձելով Ամանորի գիշերը իրենց օբյեկտ հրավիրել ոչ միայն հայ էստրադային երգիչ-երգչուհիներին, այլեւ դրսի աստղերին: Սակայն, հաշվի առնելով, որ տարեցտարի «աստղերը» թանկացնում են իրենց ու մեկ-երկու երգի համար ավելի ու ավելի մեծ գումարներ պահանջում, այս տարի ռեստորանատերերը որոշել են փոխել «աստղ» հրավիրելու ավանդույթն ու ավելի մատչելի շոուներով գրավել իրենց հաճախորդներին:
«Առավոտի» հետ զրույցում «Ուռենի» ռեստորանային համալիրի տնօրեն Արմեն Բաղդասարյանը վստահեցրեց, որ իրենց օբյեկտի երգիչներն ու 12 հոգանոց երաժշտախումբը հազար հատ «աստղ» արժեն. «Այս տարի մի աննախադեպ շոու ենք անելու, այնպիսի ծրագիր ու սցենար ունենք, որ նման բան Հայաստանում դեռ չի եղել ու հարց է՝ մեզնից հետո երբեւէ կլինի, թե ոչ: Անցյալ տարի մենք հրավիրել էինք մի քանի «աստղերի», բայց հետո զղջացել: Մեր երգիչները ոչ մի «աստղից» պակաս չեն, «աստղ» կա՝ մի երգի համար 5000 դոլար է ուզում, իսկ դա մեր հաճախորդների գրպանից պիտի վճարենք: Այս ճգնաժամի պայմաններում ինչո՞ւ մեր ժողովրդին նեղը գցենք: Այս տարի ճգնաժամի պատճառով մուտքը նույնիսկ անվճար ենք դարձրել: Այդ օրը կլինի բոլոր օրերի նման, մարդիկ կգան, մի հրաշալի շոու կդիտեն, կպատվիրեն ինչ ուզում են, կուտեն-կխմեն ու կվճարեն մեր սովորական մենյուի գները: Դրսից միայն Ձմեռ պապ ու Ձյունանուշ ենք հրավիրել, Ձմեռ պապը հումորիստ Լեւոն Մուրադյանն է լինելու, նրանք ամեն ինչ պիտի անեն, որ մարդիկ այդ օրն ի սրտե ուրախանան, եւ մատուցողից սկսած մինչեւ ամենավերջին հյուրը՝ մասնակցեն շոուին»:
«Cesar palace» ռեստորանից էլ «Առավոտին» ասացին, որ այս տարի պատրաստվում են բոլորովին այլ բան առաջարկել իրենց հաճախորդներին. «Մեզ մոտ այն շաբլոն շոու-մոուներից չի լինելու: Նախորդ տարիներին մենք հասկացել ենք, որ մեր կենդանի երաժշտությունը շատ ավելի լավ է, քան հրավիրված երգիչների ֆոնոգրաման: Մեր երաժիշտներն ավելի բարձրակարգ են, կայացած, մոտ 50-ն անց մարդիկ են, որոնք ե՛ւ լավ երաժշտություն են գրում, ե՛ւ պրոֆեսիոնալ կատարում: Պատկերացում կազմելու համար, թե ինչպիսի երաժիշտների մասին է խոսքը, ասեմ, որ մեզ մոտ է, օրինակ, երաժշտության ասպարեզում ճանաչված Սերժոյի հայրը: Այ, իրա տիպի մարդիկ են մեզ մոտ: Նախորդ տարիներին մենք տարբեր երգիչներ էինք հրավիրում: Նրանք, բացի այն, որ մեկ-երկու երգի համար շատ մեծ թվեր էին ուզում, չէին կարողանում ժողովրդին ուրախացնել: Մեր էստրադային երգիչները բոլորը Նոր տարվա գիշերը վազում են էս օբյեկտից էն օբյեկտ: Ֆոնոգրամայի տակ արագ-արագ կատարում են, իրենց դիսկը առնում ու թռնում՝ ասելով, որ տաքսին իրենց սպասում է: Մենք այս տարի կխուսափենք Նոր տարին այդպես նշելուց, որովհետեւ ամեն անգամ հենց էդ հրավիրված երգիչները դուրս էին գալիս, նոր մարդիկ սկսում էին վեր կենալ ու պարել: Ավելի լավ է մեր կենդանի երաժշտությունը, քան նրանց ֆոնոգրամա կատարումները, որոնք ոչ մեկին չեն ուրախացնում»:
«Շանթ» ռեստորանի տնօրեն Գեղամ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ հայ «աստղերից» էլ, նրանց «կրակած գումարներից» էլ մինչեւ կոկորդները կուշտ են. «Մենք ոչ մի հանրաճանաչ երգիչ-երգչուհու չենք կանչելու, առանց նրանց էլ մեծ շոու կարող ենք պատրաստել: Մեր երգիչներն էլ լրիվ ի վիճակի են մարդկանց այդ օրը իսկական աշխուժություն եւ տոն պարգեւելու: Եթե մեր էստրադային «աստղերին» կանչեի, արդեն ռեստորանի գինը շատ կբարձրանար, իսկ մեր երգիչների «պլյուսով» երգերի համար չարժի նրանց այդքան գումար տալ: 2-3 երգի համար մինիմում $1000 են ուզում, այն էլ՝ ոչ այնքան հայտնի երգիչները ու դրա դիմաց չեն էլ կարողանում «շախ» անել: Մենք այս տարի որոշել ենք նույնիսկ կազմակերպել երեխաների ժամանցը, ծնողներին զգուշացրել ենք, որ մենք ծաղրածու եւ մուլտֆիլմային կերպարներ ենք բերել, նրանք ողջ երեկոյի ընթացքում զբաղեցնելու են երեխաներին, որ ծնողները հանգիստ իրենց քեֆն անեն»:
«Փարվանա» ռեստորանից էլ ասացին, որ իրենք նույնպես կարիք չունեն դրսից «աստղեր» հրավիրելու, քանի որ իրենց ռեստորանի երգիչները լրիվ բավարար են՝ մարդկանց քեֆ-ուրախություն պարգեւելու համար. «Մեր Սպիտակցի Հայկոն, Շավոն, Թաթուլը պատրաստ են ուրախացնել յուրաքանչյուր այցելուի: Այդ օրը լինելու են նաեւ պարային համարներ եւ հումորային լավ շոու»:
Ի տարբերություն այս ռեստորանների, «Բելաջիոյում» «աստղերի» ֆոնոգրամային ծառայությունները դեռ արդիական են համարվում: Այս ռեստորանի մենեջերի խոսքերով՝ «Նոր տարվա գիշերը երգելու համար հրավիրել ենք ճանաչված եւ բոլորի կողմից սիրված երգչուհիներ Անչոկին ու Աննա Խաչատրյանին: Մեր հաճախորդները հաճույքով վայելում են նաեւ մեր «Բելաջիո» համույթի համարները: Մենք ողջ շոուն այնպես ենք պատրաստել, որ մարդիկ չգան միայն համերգ նայելու, խաղեր ենք կազմակերպելու, ժողովրդի հետ հարց ու պատասխան, մի խոսքով, ամեն ինչ անելու ենք, որ մարդիկ վեր կենան իրենց աթոռներից ու մի լավ քեֆ անեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031