Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 12,2010 00:00

Հայտարարված է  պահպանակների փաթեթավորման մրցույթ

Նյու Յորքի բնակիչները պահպանակների փաթեթավորումը ձեւավորելու հնարավորություն են ստացել: Բնակիչների կողմից ձեւավորված բեղմնականխման միջոցները սոցիալական ծրագրի շրջանակներում կբաշխվեն բնակչությանը, որը միտված է հիշեցնելու անվտանգ սեռական հարաբերությունների կարեւորության մասին: Ասվում է, որ նախընտրությունը տրվելու է այն դիզայներներին, ովքեր կկարողանան ձեւավորման մեջ ոչ միայն արտացոլել Նյու Յորք քաղաքին բնորոշ առանձնահատկությունները, այլեւ կաջակցեն քաղաքային իշխանություններին քարոզել անվտանգ սեռական հարաբերություններ: Ձեւավորված տարբերակները կընդունվեն մինչ 2010 թվականի հունվարի 22-ը, իսկ փետրվար ամսին արդեն հայտնի կլինեն առաջին հաղթողների անունները: Փաթեթավորման լավագույն ձեւավորումը կընտրի Նյու Յորքի բնակչությունը՝ օնլայն քվեարկության միջոցով:

Հաղթողի կողմից ձեւավորված պահպանակները սահմանափակ քանակությամբ վաճառքի կհանվեն 2010 թ. աշնանը: Այս ծրագիրը, որի նպատակն է շեշտել անվտանգ սեռական հարաբերությունների կարեւորությունը, Նյու Յորքում անցկացվում է 1970-ական թվականներից ի վեր: Առողջապահության քաղաքային դեպարտամենտի ղեկավար Ռիչարդ Դեյնեսի խոսքերով, բնակչությանը անվճար տրվող պահպանակների թիվը 3 միլիոնից (2003 թ.) հասել է 40 միլիոնի:

Կանեփի պատրաստուկն օգտակար է

Շոտլանդացի գիտնականները համոզվել են, որ կանեփի հյութամզվածքով պատրաստված ցավազրկող դեղամիջոցները 30 տոկոսով նվազեցնում են քաղցկեղով հիվանդների տանջալից ցավերը: Էդինբուրգյան համալսարանի գիտնականները պատրաստուկը փորձարկել են (աերոզոլի ձեւով) 177 հիվանդների վրա, որոնց մոտ առկա են չարորակ ուռուցքներ: Կանեփի հյութամզվածքի այսպիսի կիրառումը կարողացավ 30 տոկոսով օգնել այն հիվանդներին, որոնց չէին օգնում այլ ցավազրկող դեղանյութեր:

Աերոզոլի հեղինակների խոսքերով, պատրաստուկը պատրաստված է այնպես, որ թերապեւտիկ չափաբաժինները թմրանյութերին հատուկ ոչ մի հոգեմետ ազդեցություն չունենան: Այդուհանդերձ, ցավազրկումը տեղի է ունենում նույն մեխանիզմով՝ կաննաբինոիդային ընկալիչների խթանումը նվազեցնում է ուղեղի համապատասխան կենտրոնների ցավային ազդակները:

Էդինբուրգյան համալսարանի պրոֆեսոր Մերի Ֆելլոնը նշում է, որ այս աերոզոլի նշանակումը կարող է զգալիորեն օգնել ուժեղ ցավի դեմ պայքարելուն, սակայն շատ կարեւոր է դեղամիջոցի բժշկական նպատակներով կիրառումը տարբերակել հաճույքի համար ընդունելուց: Կանեփի հյութամզվածքով պատրաստված աերոզոլների կիրառմանը հավանություն են տվել ավելի քան 20 երկրներ: Որոշ ժամանակ առաջ ամերիկացի գիտնականները հաստատել են, որ նմանատիպ դեղամիջոցները կանխում են ցրված կարծրախտի (սկլերոզի) առաջացումը:

Կրծքի կաթով սնվելը նպաստում է կարիերայի առաջընթացին

Հիմնականում այն երեխաները, ովքեր կրծքի կաթով են սնվում, հետագայում ավելի հաջողակ են լինում եւ ավելի արագ են բարձրանում սոցիալական աստիճանով: Այդ եզրահանգմանն են եկել բրիտանացի գիտնականները՝ մի հետազոտության արդյունքում, որը տեւել է ավելի քան 60 տարի: Բրիտանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են 1400 նորածինների տվյալները, ովքեր մոտ 60 տարի հետեւում էին մասնակիցների ճակատագրին:

Գիտնականների տվյալներով, կրծքի կաթով սնված երեխաները 41%-ով ավելի հաջողակ են եւ ավելի բարձր սոցիալական դիրք ունեն՝ իրենց այն հասակակիցների համեմատությամբ, ովքեր արհեստական կաթով են սնվել: Ընդ որում, գիտնականների կարծիքով, որքան երկար ժամանակահատված են կաթ ուտում, այնքան ավելի արագ են հասնում հաջողությունների: Ի տարբերություն 30-ական թվականների՝ ներկայումս արհեստական կերը այնքան էլ շատ չի օգտագործվում: Այն ժամանակ դա այնքան տարածված էր, որ չնչին հնարավորության դեպքում էլ երեխային արհեստական կաթով էին կերակրում, նույնիսկ եթե հնարավոր էր կրծքով կերակրել: Գիտնականներից մեկը նշում է, որ կրծքի կաթն արդյունավետ է ինչպես կենսաբանական, այնպես էլ՝ հոգեբանական առումով: Նախկին հետազոտությունները ապացուցել էին, որ կրծքով սնուցումը ուղղակիորեն կապված է երեխայի ամուր առողջության հետ: Անկասկած այն, որ կրծքով սնուցումը զգայական կապ է ստեղծում մոր եւ մանկան միջեւ, նույնպես նպաստում է երեխայի հետագա առողջ եւ հաջողակ զարգացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել