Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՂԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼ ԵՆ, ՏՈՒԳԱՆՔԻՑ՝ ՀՐԱԺԱՐՎԵԼ

Հունվար 29,2010 00:00

Տնտեսվարողները չեն ուզում պատասխան տալ հակամրցակցային համաձայնության գալու եւ հիվանդ թոշակառուներին պարտքերի տակ գցելու համար:

Դեղերի շուկայում գործող մի քանի ընկերություններ, որոնք որոշել էին սրտի, ճնշման, գրիպի, շաքարախտի եւ այլ դեղերի կարիք ունեցող թոշակառուների հաշվին հարստանալ, հակամրցակցային համաձայնության էին եկել եւ սեպտեմբերից կտրուկ թանկացրել ներկրված դեղերի գները, ինչի համար Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդ ընկերություններին տուգանել էր հասույթի 2%-ի չափով: Սակայն տուգանված տնտեսվարողներից ոչ մեկը մինչ օրս չի վճարել տուգանքը եւ, գտնելով, որ իրենց անարդարացիորեն են մեղադրում, բողոք են ներկայացրել վարչական դատարան եւ հանձնաժողովին:
Նշենք, որ խոսքը «Վագա ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Նատալի ֆարմ», «Առգո ֆարմ», «Էսկուլապ», «Ամիկուս» եւ «Արֆարմացիա» ընկերությունների մասին է, որոնց ներկայացուցիչները հանձնաժողովի նիստի ժամանակ արդարանում էին, թե իբր նույն ժամանակահատվածում բոլորի մոտ գների կտրուկ բարձրացումը զուտ պատահականություն է, որ պարզապես դեղերի միջազգային շուկայում են թանկացումներ եղել, փոխարժեքի տատանումներից են որոշ դեղեր թանկացել եւ այլն: Սակայն, երբ դիտարկում ես հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները եւ տուգանվելուց հետո ընկերությունների ցույց տված վարքագիծը, ակնհայտորեն երեւում է, որ դեղերի շուկայում գործող 25 ընկերությունից հենց 7-ը առանց որեւէ տրամաբանության, միեւնույն ժամանակահատվածում ավելացրել է մեծ պահանջարկ ունեցող սրտանոթային, հակավիրուսային, հակաշաքարախտային դեղերի իրացման գները եւ երկու ամսում թոշակառու, հիվանդ սպառողների գրպանի հաշվին բավականին խոշոր գումարների եկամուտ ստացել: Օրինակ, ըստ հանձնաժողովի ուսումնասիրությունների, «դիաբետոն» դեղը (80 մգ), առանց որի՝ շաքարախտով հիվանդները չեն կարող ապրել, «Նատալի ֆարմ» ընկերությունը սեպտեմբերին ձեռք է բերել 1728 դրամով, իրացրել՝ 2878-ով: Չնայած հոկտեմբերին դեղի գինը չի փոխվել եւ ընկերության ծախսերը նույնիսկ նվազել են, «Նատալի ֆարմը» դեղը հենց այնպես թանկացրել է 820 դրամով, ինչը 10-15 հազար դրամ թոշակով ապրող մարդկանց համար ամսական կտրվածքով բավականին խոշոր գումար է կազմում: «Պլավիքս» դեղը «Էսկուլապ» եւ «Նատալի ֆարմ» ընկերությունները ձեռք են բերել 10-11 հազար դրամով եւ իրացրել 17-18 հազար դրամով: Սակայն նոյեմբերի 1-ի դրությամբ, երբ դեղը ձեռք են բերել ընդամենը 536 դրամով թանկ, ընկերությունները, որոնք արդեն 7-8 հազար դրամի օգտվում էին մի դեղի վաճառքից, այն մեր սպառողներին վաճառել են 20-21 հազար դրամով, այսինքն՝ գինը չհիմնավորված բարձրացրել են 3-4 հազար դրամով: Նույն կերպ տնտեսվարողները թանկացրել են գրիպի եւ մրսածության համար նախատեսված «տերաֆլյուն»:
Չնայած այդ թանկացումներից գերշահույթներ ստացած տնտեսվարողները մինչ օրս ժխտում են, որ հակամրցակցային համաձայնության են եկել եւ չեն ուզում գոնե հասույթի 2%-ից բաժանվել, սակայն հենց միայն այն հանգամանքը, որ հանձնաժողովի որոշումից հետո՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին այդ ընկերությունները «խելոք ու համախմբված» կերպով միանգամից կանգնեցրին շուկայում գները, արդեն վկայում է, որ այդ դեղերի թանկացումը չհիմնավորված է եղել: Այդ ընթացքում ո՛չ միջազգային գներն են նվազել, ոչ էլ տարադրամի փոխարժեքն է կտրուկ փոխվել: Ուստի, թե ինչն է ազդել Հայաստանում այդ դեղերի գների վրա՝ անհասկանալի է: Ինչպես տեղեկացանք, հանձնաժողովի վերջին մոնիտորինգը դեղերի շուկայում եղել է հունվարի 19-ին, որը նույնպես արձանագրել է, որ դեղերի գները կամ մնացել են անփոփոխ, կամ իջել են: Օրինակ, «Նատալի ֆարմի» դեղատներում «տերաֆլյուն» էժանացել է 7.6%-ով: «Ալֆա ֆարմի» դեղատներում «պրեստարիում» դեղն էժանացել է 13%-ով, «դիաբետոնը»՝ 7%-ով, «կրեոն»՝ 10%-ով: Այս էժանացումները, ինչպես ասում են՝ սպառողների սիրուն աչքերի համար չի եղել. պարզապես տուգանվելուց հետո տնտեսվարողները փորձել են արածի տակից դուրս գալ եւ շուկայում իրավիճակը մի փոքր շտկել: Սակայն փաստը մնում է փաստ, որը շատուշատ հիվանդ մարդիկ, որոնք ամեն օր խմբագրություն էին զանգում ու լաց լինում, որ իրենց թոշակը չի բավականացնում այդքան անհրաժեշտ, բայց թանկ դեղերը գնել՝ ստիպված են եղել պարտք անել ու հարստացնել «Նատալի ֆարմի», «Ալֆա ֆարմի» եւ մյուս 5 ընկերությունների տերերին:
Նիստի ժամանակ տարբեր «…ֆարմա»-տերերը հանձնաժողովին վստահեցնում էին, թե «եթե տուգանվենք՝ մենք կսնանկանանք, չենք կարողանա այլեւս գործել, շուկայից դուրս կգանք» եւ այլն: Մինչդեռ նշենք, որ ընկերությունները ֆիքսված գումարով չեն տուգանվել, որ նրանցից ոմանք այլեւս չկարողանան մրցակցությանը դիմանալ եւ դուրս գան շուկայից: Տուգանքը յուրաքանչյուրի համար կազմել է նախորդ տարվա հասույթի 2%-ը, իսկ 300 խոշոր հարկատուների ցանկում նրանց ներկայացրած շահութահարկի եւ եկամտահարկի (ուղղակի հարկեր) չափը ցույց է տալիս, որ նման խոշոր հարկ վճարողը բավականին մեծ շահույթ է ստանում, ուստի դրա դիմաց ընդամենը 2% հասույթը հաստատ այդ ընկերություններին սնանկացման չի տանի: Օրինակ, «Նատալի ֆարմի» նախորդ տարվա հասույթը կազմել է 9 մլրդ 350 մլն դրամ, ուստի նման հասույթ ունեցող ընկերության համար ընդամենը 187 մլն դրամի տուգանքը չնչին գումար է: «Վագա ֆարմը», որի տնօրենը դժգոհում էր, որ տուգանքի տակից չի կարող դուրս գալ՝ 2 մլրդ դրամի հասույթ է ստացել, եւ նրա տուգանքի չափը կազմում է ընդամենը 40 մլն դրամ: 5.6 մլրդ դրամի հասույթ ունեցող «Ալֆա ֆարմը» պետք է վճարի 113 մլն դրամ, իսկ 1.7 մլրդ դրամի հասույթ ունեցող «Էսկուլապը»՝ ընդամենը 35.5 մլն դրամ: Պարզ է, որ նշված տուգանքի չափն այդ ընկերությունների գրպանին հավասար չափով չի հարվածի, ինչ նրանց անօրինական թանկացումները՝ հասարակ քաղաքացու գրպանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել