Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհնությամբ եղիցի

Հունվար 29,2010 00:00

Կիլիկիայի Ադիյաման քաղաքում էր մինչեւ 1915 թ. Մեծ եղեռնը բնակվում Հացպանյանների 86 հոգանոց գերդաստանը: Այդ մեծ գերդաստանից կիսամեռ վիճակում Դեր Զորի անապատ հասան միայն 3-ը՝ Մարիամը, Խանումը եւ Ծերունը: Ծերունն ամուսնացավ իր պես որբացած Արաքսի Թովմասյանի հետ, ով ծնունդով Սամոսատ քաղաքից էր: Նրանց ամուսնությունից ծնված 7 որդիներից անդրանիկը Գեւորգ Հացպանյանն էր:
Գեւորգ Հացպանյանը 18-ից մինչեւ 20 տարեկանը զինվորական ծառայությունն անցկացրեց հայկական չքնաղ Սարիղամիշ քաղաքի հանրահռչակ հեծելազորում: Զբաղեցրած պաշտոնի բերումով՝ թուրք սպայակազմը նրան «Գեւորգ Չաուշ» էր կոչում, ինչն իրեն հպարտության զգացում էր տալիս, քանի որ դա անունն էր 1907-ին զոհված հայ նշանավոր հայդուկապետի: 1947-ին Գեւորգ Հացպանյանն ամուսնացավ Ֆրանսիայի ազգային հերոս, նույնպես ադիյամանցի Միսաք Մանուշյանի հորեղբոր դստեր՝ Հռիփսիմե Մանուշյանի 7 երեխաներից մեկի՝ Մարիամի հետ, ինքն էլ 7 երեխա ունենալով: «Հակաթուրքական» որակված իր հայրենասիրական գործունեության պատճառով ձերբակալվեց ու բանտարկվեց բազմաթիվ անգամ՝ 1949, 1955-56, 1963, 1968, 1973-74, 1982 թվականներին: Բանտային աննկարագրելի տանջանքների ու ֆիզիկական կտտանքների մասին տեղի մամուլն անդրադարձավ մի շարք նյութերով ու լուսանկարներով: Չնայած այս ամենին՝ Հացպանյանն անմնացորդ նվիրվեց Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հայկական մասունքների պահպանման գործին: Դա աներեւակայելի խիզախություն էր պահանջում, եթե հաշվի ենք առնում, թե ինչպիսի ռասիստական երկիր էր Թուրքիան այդ տարիներին: Կիլիկիացի հայերը նրան «Խիվ Գիվուրգ» իսկ թուրքերը՝ «Դելի», այսինքն՝ «Խենթ» մականունն էին տվել: Նա 1964-ի մայիսին Ալեքսանդրեթ քաղաքում, իր տանը հյուրընկալեց մեծ գրող Վիլյամ Սարոյանին, ով զարմացած եւ հիացած համատարած թուրքական շրջապատում նրա դրսեւորած անկոտրում վարքից՝ ասաց. «Գեւորգ Հացպանյանն իր յուրաքանչյուր 24 ժամը բոլորիս փոխարեն հողի իսկական տիրոջ իրավունքով ապրող մեծատառով ՀԱՅ ՄԱՐԴ է եւ, իբրեւ այդպիսին, հրաշքին հավասար ապրելու կամք դրսեւորող, միայն մատների վրա հաշվելու չափ քիչ մարդկանց տեսակին է պատկանում»:
1986-ին ստիպված եղավ տիկնոջ՝ Մարիամ Հացպանյանի հետ թողնել հայրենի Կիլիկիան եւ տեղափոխվել ֆրանսաբնակ կրտսեր որդու՝ Սարգիս Հացպանյանի մոտ, ով ճակատագրի հեգնանքով այժմ քաղբանտարկյալ է հենց Հայաստանում:
Գեւորգ Հացպանյանի՝ թուրքական բանտերում անցկացրած դաժան ընթացքը, կյանքի ամենժամյա անմարդկային հարվածներին դիմագրավելու ճիգերն անհետեւանք չանցան. նա ձեռք բերեց երիկամների քաղցկեղի անբուժելի հիվանդություն: Մահամերձի շուրջը հավաքվեցին նրա զավակները, բացառությամբ կրտսեր որդու՝ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի, ով թուրքերի դեմ շարունակելով հոր պայքարը, այնուհետեւ Ղարաբաղում տալով սեփական բազմամյա կռիվը, այժմ բանտում է. ո՛չ թե թուրքական, այլ՝ հայկական: Ու չգիտենք՝ Հայոց բանակի ծննդյան օրվա առթիվ շնորհավորե՞նք Սարգիս Հացպանյանին, թե՞ համբերություն ցանկանք հերոսական հոր կորստի վիշտը բանտի պատերի մեջ անտրտունջ տանելու համար:
28 հունվարի 2010 թ.
Ազատամարտիկ, ներկայումս
 քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հայաստանյան հարյուրավոր ընկերների անունից՝ Միքայէլ Հայրապետեան,
Պետրոս Մակեյան, Ժիրայր Սեֆիլյան, Դավիթ Մաթեւոսյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031