Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պատմություն

Մարտ 27,2010 00:00

Մայրը համոզել է աղջկան՝ գնալ մեղքի ճանապարհով

Հայկն ու Աննան (անունները փոխված են) ընդամենը վեց ամիս էր, ինչ ամուսնացած էին: Նրանց սիրավեպը սկսվեց աշխատանքի վայրում եւ ավարտվեց ամուսնությամբ: Հայկը բանկի թիկնապահներից էր, իսկ Աննան՝ շարքային աշխատակցուհի: Ամուսնությունից հետո կյանքն էլ ավելի քաղցրացավ, երբ Աննան Հայկին հայտնեց, որ երեխա են ունենալու: «Հայկը շատ էր ուրախացել: Հենց նույն օրն էլ արդեն երեխայի համար տակաշորեր, օրորոց էր գնել: Ամեն վայրկյան զանգում, հարցնում էր՝ սիրտս ի՞նչ է ուզում, հո սովա՞ծ չեմ»,- պատմում է Աննան:
Երջանիկ օրերից մեկն էր: Հայկը սովորականի պես աշխատանքի գնաց, իսկ Աննան տանն էր: Ընդմիջման ժամին Հայկը, զանգելով Աննային, իր սովորական  հարցն է տալիս՝ «Սիրելիս, ի՞նչ ես ուզում քեզ բերեմ»: «Երեւի միայն հղի կանայք ինձ կհասկանան. թթու վարունգ էի ուզում: Հայկին ասացի, խոստացավ, որ անպայման կբերի»: Խոստացավ, բայց խոստումը կատարել չհասցրեց: Ավելի ճիշտ՝ թթու վարունգը գնել էր, բայց այն այդպես էլ Աննային չհասավ:  
«Աննան չէր հավատում, ասում էր՝ էդ իմ Հայկը չի, խաբում եք ինձ, շատ բարդ իրավիճակ էր ստեղծվել. ընդամենը վեց ամիս առաջ էին ամուսնացել ու ընդամենը երկու ամսական հղի էր»,- պատմում է Աննայի մայրը: Հայկի մահը բոլորին էր  ցնցել: Մյուս կողմից էլ Աննայի՝ միայնակ մայր դառնալու հեռանկարն էր: Թվում էր՝ միակ ելքը հղիության ընդհատումն էր: Բոլորն  այդ դժվար որոշումը թողեցին Աննային: Կարծես չէին ուզում խառնվել, բայց անընդհատ ասում էին. «Միայնակ մայր ես լինելու: Երեխա պահելը մեր օրերում հեշտ չի: Դու էլ ջահել ես, դեռ նոր կյանք պիտի սկսես: Համ էլ էդքան սթրեսներից հետո ի՞նչ երեխա պիտի ծնվի»: Միայն Աննայի մորաքույրն էր հակառակը պնդում: «Ասում էի՝ հանկարծ այդպիսի բան չանես, քո սիրած տղամարդու երեխան է, ո՞նց կարող ես սպանել: Աստված քեզ Հայկից հիշատակ է թողել: Մի պահ հաջողվել էր համոզել, բայց քույրս էլ չթողեց, որ տեսնեմ Աննային ու ինձնից թաքուն նրան տարավ հիվանդանոց»,- հիշում է Աննայի մորաքույրը:
Այդ օրը Աննան համոզված էր, որ ճիշտ է վարվում: Մտածում էր, որ մայրը սխալ խորհուրդ չի տա: Կարծում էր, որ երեխայից ազատվելով՝ կազատվի նաեւ հավերժ թվացող մղձավանջից: «Ես էլ իմ երեխայի մասին էի մտածում, հասկանո՞ւմ եք: Ինձ թվում էր՝ այդպես ավելի ճիշտ կլինի, բայց սխալվում էի: Այդ օրը երբեք չեմ մոռանա: Ընդհանուր անզգայացումից ուշքի գալով՝ գոռում էր. «Հա՜յկ, կներե՜ս, խնդրում եմ, կներե՜ս: Ես սպանեցի մեր բալիկին, կներե՜ս»:  Գոռում էր ու հեկեկալով լացում: Հենց այդ պահին էլ հասկացա, որ աղջկաս սխալ քայլի եմ դրդել»,- պատմում է մայրը:
Անցել է երեք ամիս: Աննան աշխատանքից դուրս է եկել: Ամբողջ օրը տանն է անցկացնում: Նրա սենյակում է երեխայի համար Հայկի գնած օրորոցը, պահարանում խնամքով դասավորված են փոքրիկի շորերը: «Հիմա ինքս ինձ վրա զարմանում եմ: Ո՞նց կարող էի Հայկի երեխային սպանել: Աստված Հայկին տարավ, բայց փոխարենը երեխա պարգեւեց ինձ, իսկ ես այդ մեծ նվերը չհասկացա: Ինչպես տեսնում եք, ես էլ ոչինչ չունեմ այս կյանքում: Ապրում եմ այս օրորոցով, շորերով ու հուշերով: Ամենացավալին այն է, որ Հայկը երազում հայտնվեց ու  ասաց, թե ինձ երբեք չի ների»,-ասում է դժբախտ կինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել