Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՎԻՐԻ «ՎԱՆ ԳՈԳԸ»

Մարտ 27,2010 00:00

Տասը տարեկան արմավիրցի Դավիթ Սահակյանին շրջապատում դիմում են «Վան Գոգ» մականունով

Ասում են, երբ սկսեց նկարել, իր վրձնահարվածներով Վան Գոգի ոճն էր հիշեցնում: «Նրան ոչ ոք չի ասել՝ այսպես նկարիր, դա իր միջից էր, հետո միայն ես նրան ցույց տվեցի Վան Գոգի նկարները»,- ասում է Արմավիրի արվեստի դպրոցի, ինչպես նաեւ Դավիթի ուսուցչուհի Նելի Նիկոյանը: «Վան Գոգ» մականունը Դավիթին դուր չի գալիս: «Ես ուզում եմ իմ անունն ունենալ, էդպես ավելի լավ կլինի»,- ասում է Դավիթը: Արդեն որոշել է, ուզում է ճանաչված նկարիչ դառնալ: Արմավիր քաղաքում հասցրել է երկու անհատական ցուցահանդես ունենալ: Մասնակցել է նաեւ «Մանկական ստեղծագործություններ» հանրապետական առաջին մրցույթին եւ լավագույն ստեղծագործող անվանակարգում առաջինն է ճանաչվել: Մրցույթում ներկայացրել էր իր հայրիկի դիմանկարը, որը հետագայում տպագրվեց 2008թ. լույս տեսած տարեգրքում՝ «Հայաստանի մանուկների եւ պատանիների լավագույն ստեղծագործություններ»: Նա ամեն վայրկյան մտածում է իր գործի մասին, մտքով եւ սրտով նկարչության մեջ է: «Մի քանի օր առաջ Ռեմբրանդտի մասին էր լսել, եկավ մի քանի բան ինձ պատմեց, ես շարունակեցի, համոզված եմ՝ մյուս օրը կգա մի ուրիշի մասին կպատմի, ուրիշ բան կուզենա իմանալ: Նկարելու պահին ժամանակի զգացողությունը նա կորցնում է, եթե ես չասեմ՝ Դավիթ ջան ուշ է, վեր կաց գնա, ինքը չի գնա»,- ասում է Դավիթի ուսուցչուհին:
Փոքրիկ նկարիչը սիրում է միայնության մեջ աշխատել ու տանել չի կարողանում, երբ իրեն կողքից դիտողություններ են անում, բացառությամբ, իհարկե, ուսուցչուհուց: «Դասատուիս խորհուրդները որ չլսեմ, երբեք առաջ չեմ գնա»,- ասում է Դավիթը: Նա փորձում է հասկանալ գույն, ծավալ, խորություն, երանգ, կոլորիտ՝ այն ամենը, ինչ նկարչությանն է վերաբերում: «Միայն հասուն մարդը կարող է էդպես լուրջ վերաբերվել նկարչությանը, դիմանկարներում նա փորձում է բնավորություն ստանալ»,- ասում է տիկին Նիկոյանը: Իր աշխատանքներից Դավիթն ամենաշատը տատի եւ մոր դիմանկարներն է սիրում: «Էս նկարի մեջ փորձել եմ ցույց տալ տատիկիս կյանքը, որ նա տանջված է, որ հեշտ կյանքով չի ապրել»,- ասում է նա:
Ազատ ժամանակ նա մայրենի լեզվից թելադրություններ է գրում, այս տարի անպայման ուզում է դպրոցում գերազանցիկ լինել: Իր ամենամոտ ընկերոջ մեջ ամենաշատը գնահատում է ճշտախոսությունը: Չի սիրում, երբ իրեն խաբում են: «Ընկերոջ համար Դավիթը ամեն ինչ կանի, հենց կռիվներ են լինում, ինքն անպայման ամեն գործ կթողնի ու կհասնի ընկերոջը օգնության»,- ասում է նրա ընկերը՝ Արսենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել