Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 03,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ հինգերորդ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ

Եվ Նինան մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էս տեսակ բան էլի ա հետս պատահել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ տեսակ բան», եւ Նինան մտահոգ ասաց՝ «էլի ա պատահել, որ մի քանի րոպե առաջվա ասածներս լրիվ մոռացել եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի գերծանրաբեռնվածությունից ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի ճիշտ՝ գերհոգնածությունից», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ իմաստով եմ գերհոգնած», եւ ես ժպտալով ասացի՝ «թեկուզ ֆիզիկական իմաստով», եւ Նինան մի քիչ մտածեց ու թախծոտ ասաց՝ «ավելի շուտ՝ հոգեկանի իմաստով եմ գերհոգնած» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, դու իմ մասին արդեն համարյա ամեն ինչ գիտես, բայց ես քո մասին ոչինչ չգիտեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «իմ մասին ի՞նչ ես ուզում իմանաս» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հարցրու՝ ասեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հարցնելով չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու ինձ ոչինչ չես հարցրել, բայց, փաստորեն, իմ մասին արդեն ամեն ինչ գիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համարյա ամեն ինչ», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու ոչինչ չասացի, եւ որոշ լռությունից հետո Նինան ժպտալով ասաց՝ «փաստորեն, փակ մարդ ես» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «առաջին հայացքից թվում ա՝ բաց մարդ ես, բայց իրականում լավ էլ փակ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «առաջին տպավորությունը խաբուսիկ ա», եւ Նինան ավելի լրջանալով ասաց՝ «ես հազվադեպ եմ սխալվում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց քո առումով սխալվեցի», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ հետաքրքիր աղջիկ ես», եւ Նինան հարցրեց՝ «ինչո՞վ եմ հետաքրքիր», եւ ես ժպտալով ասացի՝ «տեղաշորի մեջ քեզ շատ հասարակ ես պահում, բայց հենց ոտի ես կանգնում, միանգամից սկսում ես փիլիսոփայել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «փաստորեն, անկողնում իսկական քարտուղարուհի եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հենց ոտի ես կանգնում, միանգամից դառնում ես ասպիրանտ ու գրաքննադատ», եւ Նինան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ուզում ես ասես՝ անկողնում վուլգա՞ր եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հենց ոտի ես կանգնում, միանգամից լրջանում ես», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ուզում ես ասես՝ անկողնում անլո՞ւրջ եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ուզում ես ասես՝ անկողնում լրջությունը վնասակա՞ր ա», եւ ես հարցրի՝ «ինչի՞ն ա վնասակար», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «առողջությանը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շա՜տ ժլատն ես, հա՜», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ եմ ժլատ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «դու սուրճիդ հետ մի գլուխ ծխում ես, բայց ինձ չես հյուրասիրում», եւ ես ժպտալով ասացի՝ «ծխելն էլ ա առողջությանը վնասակար», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «բայց դու մի գլուխ ծխում ես» եւ ժպտալով ավելացրեց՝ «ու ինձ էլ չես հյուրասիրում», եւ ես լրջանալով ասացի՝ «չգիտեի, որ ծխում ես», եւ Նինան ժպտալով ասաց՝ «արդեն մի հատիկ ծխել եմ», եւ ես ասացի՝ «մոռացել էի», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «շա՜տ մոռացկոտն ես», եւ ես ասացի՝ «սեղանին դրված ա, վերցրու՝ ծխի», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «բա ջենտլմենությո՞ւնն ուր մնաց», եւ ես տուփից սիգարետ հանեցի եւ երբ սիգարետն իր բերանը դրի, Նինան զարմացած հարցրեց՝ «էս ի՞նչ ես անում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ջենտլմենություն» եւ իր սիգարետը վառելով ասացի՝ «ծխի», եւ Նինան ծուխը ներս քաշելով՝ սկսեց շատ ուժեղ հազալ, եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «կարգին ծխել էլ չգիտես», եւ Նինան ժպտալով ասաց՝ «շա՜տ կոպիտ ջենտլմեն ես» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «որ սիգարետը բերանս դրիր, ինձ թվաց՝ ինչ-որ նամյոկներ ես անում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ նամյոկներ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ի՞նչ իմանամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հնդեվրոպացիների մտքով ինչ ասես կարա անցնի», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, քո մտքով անցավ», եւ Նինան նայեց ինձ ու ծիծաղելով ասաց՝ «իմ մտքով անցավ, բայց դո՛ւ կարմրեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «ես միշտ էլ կարմիր եմ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «բայց հենց լրջանում ես, ահավոր ես սեւանում», եւ ես հարցրի՝ «ե՞րբ եմ լրջացել», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «հենց ոտդ տեղաշորից դուրս ես դնում, միանգամից լրջանում ես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «արդեն տեղաշորից դուրս էլ ես քեզ բնական պահում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ինձ համբուրելով ասաց՝ «պարզվում ա, քո համար բնական վիճակն անլրջությունն ա», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «էս խի՞ չես ծխում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էդ արդեն ուժերիցս վեր ա», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ի՞նչն ա ուժերիցդ վեր», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «չեմ կարողանում միաժամանակ համբուրվել ու ծխել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «համ էլ՝ հիշեցի, որ հնդեվրոպացիք չեն սիրում», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ի՞նչ չեն սիրում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ծխող աղջիկներին», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «շատ լավ էլ սիրում են», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սիրում են, բայց հետները չեն ամուսնանում», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «հիմի ծխել ե՞ս ուզում, թե՞ ամուսնանալ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ծխել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էսօր շատ ամուսնացանք», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «բա խի՞ չես ծխում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «որովհետեւ սիգարետս հանգել ա» եւ հանգած սիգարետը բերանը դնելով ասաց՝ «մի հատ էլ ծխացրու», եւ ես Նինայի սիգարետը վառելով ասացի՝ «հանգիստ ծխի», եւ Նինան ծուխը ներս քաշելով ասաց՝ «էլ չհամբուրես», եւ ես հարցրի՝ «ինչի՞», եւ Նինան ասաց՝ «հենց սկսում ենք համբուրվել, սիգարետը հանգում ա», եւ ես ասացի՝ «որովհետեւ տեղական սիգարետ ա», եւ Նինան ծխախոտի տուփը զննելով հարցրեց՝ «էս տեղական ա՞», եւ ես ասացի՝ «որոշ չափով», եւ Նինան հարցրեց՝ «այսինքն», եւ ես ասացի՝ «հնդեվրոպական ա», եւ Նինան տառերը զննելով հարցրեց՝ «էս ձեր տառերն ե՞ն», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հա», եւ Նինան ինձ ասաց՝ «մի համբուրի» եւ տառերին նայելով հարցրեց՝ «ի՞նչ ա գրված», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Էրեբունի», եւ Նինան ծուխը ներս քաշելով՝ սկսեց հազալ ու հազալով հարցրեց՝ «էդ ի՞նչ ա նշանակում», եւ ես ասացի՝ «Էրեբունին Երեւանի հին անունն ա», եւ Նինան ծխախոտը մոխրամանի մեջ ճզմելով ասաց՝ «երեւի տոննաներով Երեւանից հետդ բերել ես, որ էստեղ միայն հնդեվրոպական ծխես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էստեղից եմ առնում», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «էստեղ էս սիգարետից կա՞», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հա. «Արմենիա» խանութից եմ առնում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «արդեն կարաս համբուրես» եւ մի քիչ մտածեց ու ինձ համբուրելով հարցրեց՝ «էդ խանութը մեր ինստիտուտի հակառակ մայթին ա, չէ՞», եւ ես Նինային համբուրելով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էդ խանութում հայկական կոնյակ էլ կա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «մոտդ կոնյակ չունե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ» եւ Նինային համբուրելով ավելացրի՝ «որ իմանայի սիրում ես՝ կառնեի», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «քեզ ե՞մ սիրում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «չէ՝ կոնյակ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ինձ համբուրելով ասաց՝ «խմիչքի հանդեպ առանձնապես սեր չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բայց արժեր մեր էս մտերմությունը հայկական կոնյակով նշել», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ ծիծաղում», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ի՞նչ ես անում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ուրախանում եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ ես ուրախանում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «պատճառ ունեմ» եւ մի քիչ մտածելով ավելացրեց՝ «ուրախանալու շատ լուրջ պատճառ ունեմ», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ի՞նչ պատճառ ա», եւ Նինան կտրուկ վեր կացավ, արագ հագնվեց, կոշիկներն ու բաճկոնն էլ արագ-արագ հագավ ու դուռը բացելով ասաց՝ «մի քանի րոպե որ համբերես՝ կիմանաս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու էլ հագնվի՝ մինչեւ գամ» ու էդ էլ ասելով՝ սենյակից դուրս թռավ, եւ, հիշում եմ, էդ պահին արդեն տասնմեկն էր, ու մտքովս անցավ, որ իմ պատճառով Նինան ուշանում է աշխատանքից, եւ, հիշում եմ, մի պահ մտքովս անցավ նաեւ, որ հնարավոր է՝ ինքը աշխատանքի վազեց, բայց հետո մտածեցի, որ ինքը դժվար թե առանց ինձ նախազգուշացնելու աշխատանքի վազեր, ու մինչ կփորձեի կռահել Նինայի գտնվելու վայրը, ինքն ինչքան հանկարծակի որ թռել էր, նույնքան հանկարծակի էլ հայտնվեց դռների մեջ՝ դեմքին չափազանց երջանիկ ժպիտ ու ձեռքին՝ փոքրիկ ու գույնզգույն մի փաթեթ, եւ ես էդ փոքրիկ փաթեթը տեսնելով հարցրի՝ «էդ ի՞նչ ա», եւ Նինան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քաղցրավենիք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հանկարծ հիշեցի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հիշեցիր», եւ Նինան ժպտալով ասաց՝ «հանկարծ հիշեցի, որ պահարանի մեջ մի շիշ հայկական կոնյակ ունեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ կոնյակ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մի հատ ուզբեկ ա նվիրել», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ի՞նչ ուզբեկ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «հեռակայի ուսանողներից ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ահագին բացականեր ուներ. դասախոսներին խնդրեցի՝ էդ բացակաները ներկա դարձրին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «թե չէ՝ ինստիտուտից դուրս էր մնալու», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, կաշառք ես վերցրել», եւ Նինան բաճկոնը հանելով ու փաթեթը սեղանին դնելով ասաց՝ «զոռով տվեց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չէի վերցնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ես ի՞նչ իմանայի, որ էսօրվա օրով պետք ա գալու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամառվանից պահարանումս գցած ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞նց ա՝ մինչեւ հիմի չես խմել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մենակ խմելու սովորություն չունեմ» եւ ինձ համբուրելով ավելացրեց՝ «հիմա արդեն կխմեմ», եւ ես հարցրի՝ «բա աշխատա՞նքդ», եւ Նինան ուրախ բացականչեց՝ «կորչի՛ աշխատանքը» եւ ինձ համբուրելով ավելացրեց՝ «չես պատկերացնի՝ էսօր ինչքան հաջող օր ա» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «երկուշաբթի ա, բայց շատ հաջող օր ա», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «պահակի մոտից զանգեցի պրոռեկտորի քարտուղարուհուն, ասեցի, որ կարող ա ընդմիջումից հետո գնամ», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «հետո՞», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «Վալյան խոստացավ, որ իմ տեղում կնստի ու գործերս կանի», եւ ես հարցրի՝ «Վալյան ո՞վ ա», եւ Նինան ասաց՝ «պրոռեկտորի՝ Սիդորովի քարտուղարուհին ա» եւ ինձ համբուրելով ավելացրեց՝ «Վալյան ասեց, որ կարամ վաբշե գործի չգնամ. ասեց, որ բոլոր գործերս կանի», եւ ես հարցրի՝ «բա Սիդորո՞վը», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «Սիդորովն արտասահման գործուղման ա», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «փաստորեն, սաղ ինստիտուտը Վալյայի հույսին եք թողել», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էդպես ա ստացվում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «դժգո՞հ ես» եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «շատ գոհ եմ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «չի զգացվում, որ գոհ ես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ուղղակի՝ անսպասելի էր», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «մանավանդ կոնյակն էր անսպասելի, չէ՞» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «մտքիցս լրիվ թռել էր», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «բա էդ ի՞նչ քաղցրավենիք ա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «դիմացի մթերայինից առա» եւ ժպտալով ավելացրեց՝ «հանկարծ հիշեցի, որ սոված ենք» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հանկարծ հիշեցի, որ քաղցրավենիք շատ ես սիրում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ սիրում եմ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ինստիտուտի բուֆետում հազար անգամ տեսել եմ՝ ոնց ես պեռոժնիները վրա-վրա խժռում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «փաստորեն, ինձ հետեւել ես», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «հատուկ չեմ արել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինձնից անկախ ա ստացվել», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտելով ասացի՝ «ինձ անհարմար վիճակի մեջ ես դնում», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ անհարմար վիճակ», եւ ես նեղսրտած ասացի՝ «օրենքով՝ ե՛ս պիտի խանութ վազեի», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «էդ ո՞ր օրենքով», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ջենտլմենության օրենքով», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք հնդեվրոպական օրենքներով ենք առաջնորդվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «համ էլ՝ ամոթ չի՞ քո տարիքի մարդուն խանութ վազացնեմ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «տարիքի առումով կակռազ շատ համապատասխան ենք», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ո՞վ ասեց, որ համապատասխան ենք», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «կյանքն ա ցույց տալի», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ո՞ր կյանքը», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «իմ ու քո կյանքը», եւ Նինան մի քիչ մտածեց ու հանկարծակի լրջանալով ասաց՝ «ցավոք սրտի՝ իմ ու քո կյանք գոյություն չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «կյանքը համընդհանուր ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մեր էս վերջին օրերի կյանքն ու էս վերջին ժամերը միանգամայն անձնական են», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «անձնական են, բայց հեչ իրական չեն» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «ցավոք սրտի՝ իրականն ու իսկականը մնացած օրերն ու ժամերն են», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էլի լրջացար», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ինձ լուրջ չի սազո՞ւմ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «որ լրջանում ես՝ իսկական ասպիրանտ ես դառնում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «շատ ժլատն ես» եւ ժպտալով ավելացրեց՝ «գոնե գիտությունների թեկնածու ասեիր», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «որ լրջանում ես՝ իսկական դոկտոր ես դառնում», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «քեզ քարտուղարուհի ա պետք, չէ՞», եւ ես ծիծաղելով ասացի՝ «նայած քարտուղարուհի» եւ Նինային համբուրելով ավելացրի՝ «ինձ դու ես պետք», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «քեզ մի քիչ կոնյակ ա պետք» եւ ժպտալով ավելացրեց՝ «մի քիչ էլ՝ քաղցրավենիք», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «բեր տենանք՝ ի՞նչ կոնյակ ա», եւ Նինան տեղից վեր թռավ ու ասաց՝ «հաճույքով» եւ պահարանի խորքերից կոնյակը հանելով՝ մեկնեց ինձ ու հարցրեց՝ «էս լավ կոնյակ ա՞», եւ ես կոնյակը վերցնելով ասացի՝ «չորս աստղանի ա», եւ Նինան հարցրեց՝ «էդ ի՞նչ ա նշանակում», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «էդ նշանակում ա, որ ուզբեկը շատ էժան ա պրծել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես չէի վերցնում. զոռով տվեց», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ճիշտ ա արել», եւ Նինան մտահոգ հարցրեց՝ «ասում ես՝ վատ կոնյակ ա՞», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հայկական կոնյակը չի կարա վատն ըլնի», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «եթե նույնիսկ վատը լինի՝ քեզ հետ մեծ հաճույքով կխմեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քեզ հետ նույնիսկ թույն կխմեի», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «քեզ հետ նույնիսկ ադրբեջանական կոնյակ կխմեի», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «ադրբեջանականը թույնից էլ ա՞ վատ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «չեմ փորձել», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «թո՞ւյն», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «ադրբեջանական կոնյակ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «վատ բաների մասին չխոսենք» եւ ժպտալով ավելացրեց՝ «էդ կոնյակը բաց արա՝ մինչեւ մի հատ մարդավարի սուրճ եփեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «հա. էս խմածներիցս բան չհասկացանք», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «երեւի մյուսներից էլ բան չենք հասկանա», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «սուրճն ու կոնյակն իրար համար են ստեղծված», եւ Նինան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «մենք էլ ենք իրար համար ստեղծված» եւ ավելի կարմրելով ավելացրեց՝ «էս սրճեփով լիքը սուրճ կեփեմ, որ ամեն անգամ նորից չդնեմ» եւ ջուրը, սուրճն ու շաքարավազը սրճեփի մեջ լցնելով ասաց՝ «կոնյակի հետ կխմենք ու կծխենք», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էս կոնյակն Աստված ուղարկեց», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «ուզբեկի միջոցով», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ուզբեկն ընդամենը միջնորդի դեր ա կատարել», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էդ շիշը բաց արա. ո՞ւմ ես սպասում», եւ ես շիշը բացելով հարցրի՝ «ուզբեկը ե՞րբ ա էս կոնյակը տվել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հունիսի սկզբներին», եւ ես հաշվելով ասացի՝ «վեց ամիս համբերել ես՝ մի րոպե չե՞ս համբերում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ի վիճակի չեմ համբերել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էնքան անհամբեր ես, որ բաժակները մոռացել ես», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «նույն բաժակներով չե՞նք սուրճը խմելու», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա կոնյա՞կն ինչով ենք խմելու», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «խելքս լրիվ թռցրել եմ» եւ պահարանի դուռը բացելով հարցրեց՝ «թեյի բաժակներով կոնյակ խմո՞ւմ են», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Նինան բաժակները սեղանին դնելով ճչաց՝ «սուրճը թափվե՜ց» եւ սրճեփը շտապ անջատելով ավելացրեց՝ «որ ասում եմ՝ խելքս լրիվ թռցրել եմ, չես հավատում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հավատում եմ», եւ Նինան սուրճը բաժակների մեջ լցնելով ասաց՝ «նույնը քեզ եմ ցանկանում» եւ մի քիչ մտածեց ու կարմրելով ավելացրեց՝ «ցանկանում եմ, որ դու էլ խելքդ թռցնես», եւ ես կոնյակը բաժակների մեջ լցնելով ասացի՝ «արդեն երրորդ օրն ա՝ ես էլ եմ խելքս թռցրել», եւ Նինան իր բաժակն իմ բաժակին խփելով հարցրեց՝ «էնքան ես խելքդ թռցրել, որ մի հատ կենաց չե՞ս կարող ասել», եւ ես բաժակս Նինայի բաժակին խփելով ասացի՝ «մեր կենացը» եւ մի քիչ մտածեցի ու նորից բաժակս իր բաժակին խփելով ավելացրի՝ «իմ ու քո կենացը», եւ Նինան մի քիչ մտածեց ու ինձ համբուրելով ասաց՝ «շատ գեղեցիկ կենաց ասացիր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարճ ու բովանդակալից» եւ նորից իր բաժակը բաժակիս խփելով ասաց՝ «մեր կենացը» եւ մինչեւ վերջ խմեց, եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «մեր կենացը» եւ մի քանի կում արեցի, եւ Նինան զարմացած հարցրեց՝ «էդ ինչի՞ լրիվ չխմեցիր. մեր կենացը կիսատ ե՞ս խմում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «կոնյակը կում-կում են խմում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «առաջին անգամ եմ լսում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «մի բան որ խնդրեմ՝ կանե՞ս», եւ ես ասացի՝ «ասա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էս կենացը մինչեւ վերջ խմի՝ հետո նոր կում-կում կխմենք», եւ ես Նինային համբուրելով ու բաժակս բարձրանցնելով ասացի՝ «մեր կենացը» եւ մինչեւ վերջ խմեցի, եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «իսկ հիմա անցնենք քաղցրավենիքին» եւ փաթեթը բացեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «տեսնենք քանի՞ վայրկյանում էսքանը կխժռես», եւ ես նեղացած ասացի՝ «որ ձեռ ես առնում՝ չեմ ուտի», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ձեռ չեմ առնում. կատակ եմ անում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «կեսը դու կուտես, կեսը՝ ես», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «որ շատ ես խնդրում, մի հատ կուտեմ», եւ ես հաշվելով ասացի՝ «վեց հատ ա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «հինգը՝ քեզ, մեկը՝ ինձ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էլի ես ձեռ առնում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «բուֆետինը լավ էլ խժռում ես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «պարզվում ա՝ ինձ շատ ուշադիր ես ուսումնասիրել», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «շարունակում եմ ուսումնասիրել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ես էլ քեզ կուսումնասիրեմ», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «բա էսքան ժամանակ ինչո՞վ ես զբաղված», եւ ես Նինային համբուրելով պատասխանեցի ու ասացի՝ «քեզ համբուրելով», եւ Նինան ժպտալով ինձ հարցրեց՝ «համբուրելու ընթացքում ինձ չես ուսումնասիրո՞ւմ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ուսումնասիրելու համար դեռ շատ ժամանակ կունենամ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «համբուրվելու ժամանակ էլ շատ կունենանք» եւ բաժակները լցնելով ավելացրեց՝ «հիմա խմենք», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմա էլ դու կենաց ասա», եւ Նինան բաժակը բաժակիս խփելով ու ինձ համբուրելով ասաց՝ «քո կենացը», եւ ես ասացի՝ «սկզբում քո՛ կենացը խմենք», եւ Նինան ժպտալով ասաց՝ «արդեն ուշացար» եւ ինձ համբուրելով ավելացրեց՝ «հիմա քո կենացն ենք խմում» եւ բաժակը նորից բաժակիս խփելով ասաց՝ «կենացդ» եւ բաժակը շրթունքներին մոտեցնելով կում արեց, եւ ես ժպտալով ասացի՝ «մերսի» եւ բաժակիցս կում անելով ավելացրի՝ «շատ բովանդակալից կենաց էր», եւ Նինան ժպտալով ասաց՝ «շատ կարճ եւ շատ բովանդակալից» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ոտից գլուխ բովանդակություն ես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «դու էլ ես ոտից գլուխ բովանդակություն», եւ Նինան ժպտալով ասաց՝ «իմ ասածն ես կրկնում» եւ ժպտալով ավելացրեց՝ «թե կենաց ես ասում, պիտի փորձես նորություն ասել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ոտից գլուխ նորություն ես» եւ բաժակս իր բաժակին խփելով ավելացրի՝ «կենացդ» եւ բաժակիցս կում արեցի, եւ Նինան իր բաժակից կում անելով ժպտաց ու ասաց՝ «որ ուզում ես՝ լավ էլ շողոքորթում ես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «չեմ շողոքորթում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «որ ուզում ես՝ լավ էլ հաճոյախոսություններ ես անում», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ստացվո՞ւմ ա», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «էն էլ ո՜նց ա ստացվում» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էս ոգով որ շարունակես՝ մեծ հաջողությունների կհասնես»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել