Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻ ՈՒ ՀՆԴԻԿՆԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ապրիլ 09,2010 00:00

Փաստում է դերասանը

«Այսօր հայկական մշակույթը կառավարում են հիմնականում ոչ պրոֆեսիոնալները՝ այն աբսուրդ վիճակում է»,- ասում է Հնդկաստանի Բոլիվուդի 5 ֆիլմերում նկարահանված դերասան, երգիչ, պարող («Կյանքի գինը» հեռուստասերիալի՝ Գեորգի Պլատոնովիչի դերակատար) Արմեն Գրիգորյանը:
Բոլիվուդ Արմենը հասել է իր ուժերով, իսկ հնդկական ֆիլմերում նկարահանվելու մասին երազել՝ մանկուց: Իր խոսքով, ամեն ինչ սկսվել է 7 տարեկանից, երբ առաջին անգամ դիտել է հնդկական «Disco Dancer» ֆիլմը. «Այդ օրվանից սիրահարվեցի հնդկական կինոյին, եւ ընդհանրապես՝ բեմին, պարին: Ծնվեցին երազանքներս՝ դառնալ պարող, երգող, դերասան եւ ամենամեծ երազանքս՝ խաղալ հնդկական ֆիլմերում: 1993 թվին տեղափոխվեցի Ուկրաինա՝ ծնողներիս մոտ: Այնտեղ երկու տարի ապրելով զգացի, որ այդ երկիրն իմ երազանքներն իրականացնելու համար ոչ մի հնարավորություն չունի, ու ես՝ 16 տարեկան պատանիս, տեղափոխվեցի Մոսկվա՝ առանց ծնողների: Այստեղ, ինչպես թվում էր սկզբում, ինձ գրկաբաց չդիմավորեցին. քնում էի դրսում, օրերով սոված մնում, բայց չէի հիասթափվում. երազանքս՝ դառնալ դերասան, տաքացնում էր ինձ»:
«2007-ին, երբ արդեն Մոսկվան հարմարվել էր իմ ներկայությանը, թողեցի ամեն ինչ ու գնացի Հնդկաստան՝ Մումբայ: Ոչ լեզու գիտեի, ոչ մարդ, ոչ ծանոթ… Գնացի առանց մտածելու, թե ինձ հետ ինչ կլինի: Մեկ տարվա ընթացքում սովորեցի հնդկերեն, անգլերեն, նկարվեցի հնդկական ֆիլմերում՝ «VEER», «World of Fashion», «Aesi dewangi», «World cup 2011», «Ullo ka Pattha»,- թվում է Ա. Գրիգորյանն ու հավելում:- Իհարկե՝ ոչ մեծ դերերում, բայց դա իմ մուտքն էր Բոլիվուդ»:
Հնդկաստանի մասին հնդկական ֆիլմերում նկարահանված հայ դերասանն ասաց. «Նրանք դժվար ազգ են, խաբեբա… Կինոաշխարհը, որ դրսից այդպես փայլում էր իմ աչքին, իրականում այդքան էլ փայլուն չէ. չկամեցող ու ստոր մարդիկ են հնդիկները, հատկապես դրսի մարդկանց հանդեպ: Իրենց քթից այն կողմ մարդ չեն տեսնում՝ հատկապես, երբ զգում են, որ ուզում ես հիմնավորվել, մտնել իրենց կինոաշխարհ, թեկուզեւ լավ էլ խաղաս դերերդ, լավ պարես, իրենցից լավ անես ամեն ինչ, միեւնույն է՝ չեն ընդունում, չեն գնահատում: Բայց, բնականաբար, ինչպես ուրիշ տեղերում, այնպես էլ Հնդկաստանում՝ ոչ բոլորն էին այդպես: Ինձ բախտ վիճակվեց հանդիպել այնպիսի մարդկանց, որոնց շնորհիվ նկարահանվեցի ֆիլմերում»:
Հետաքրքրվեցինք հնդիկների՝ հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքից. «Մի քիչ վիրավորական է, բայց հնդիկների մեծ մասը չգիտի հայն ինչ է՝ ուտելու բան, իր, թե մեքենա: Պատճառն իրենց ինքնասիրահարվածությունն է՝ նրանք միայն իրենց են տեսնում: Բայց միայն հայերի նկատմամբ այդպես չեն, օրինակ՝ ռուսներին լավ գիտեն ու ինձ նմանեցնում էին ռուսի. ես էլ բարկանում էի ու երկար-բարակ բացատրում, որ հայ եմ, որ հայն ու ռուսը տարբեր ազգեր են:
Հայաստանի մասին էլ որ խոսում էի՝ զարմացած նայում էին ինձ: Միայն գիտեն այն երկրները, որտեղ հնդկական կինոն մեծ սեր է վայելում, ինչպես՝ Ռուսաստանը. որ հարցնում ես՝ ասում են՝ հա, այն, որ մեր ֆիլմերը լավ հայտնի են, այն, որ Ջիմմիին շատ են սիրում, այդ երկիրը: Իրենց շոու-բիզնեսն էլ է, մերի պես, կեղտոտ, խուժան ու այլանդակ: Շատ դժվար էր այնտեղ հայտնվելը, ինձ լսող չկար: Մտածում էի, որ հանդիպեմ Միթհուն Չաքրաբորտիին (նկատի ունի հնդկական ֆիլմերից հայտնի Ջիմմիի դերասանին- Լ. Շ.), ամեն ինչ լավ կլինի, բայց դա ընդամենը երիտասարդի վառ երեւակայություն էր»:
Թե ինչ նմանություն ու տարբերություններ ունենք հայերս հնդիկների հետ՝ Արմենը նշեց. «Նրանց լեզվի մեջ կան շատ նման խոսքեր, որոնք մենք էլ ենք կիրառում, նաեւ ավանդույթների մեջ կան նմանություններ: Իսկ ամենից շատ՝ հայերն ու հնդիկները խաբեբայությամբ են իրար նման»:
Կարիերայի ճանապարհին Արմենը նաեւ ազատազրկման է ենթարկվել: Իր անցած ուղու համար երիտասարդ դերասանը չի զղջում, միայն անհիմն պատճառներով բանտ ընկնելու, բանտախցում կորցրած 4 տարիների համար է ափսոսում. «Բանտում հայտնվելուս պատճառը հանցագործությունը չէր, այլ ընդամենը կասկածը: Դա եղել է Մոսկվայում, երբ վերադարձա Հայաստանից՝ պապիս թաղման արարողությունից: Անմիջապես օդանավակայանից ինձ ձերբակալեցին՝ կասկածելով մարդասպանության մեջ, դատապարտեցին 4 տարի ազատազրկման: Արդյունքում իմ ծրագրերը 4 տարով հետաձգվեցին, բայց ես դրա համար էլ չեմ զղջում: Ամեն վատ, ինչպես եւ լավ բան մարդու համար է, եւ կոփում է մարդուն»:
Բացի դերասան եւ պարող լինելուց, նա նաեւ երգի ասպարեզում է փորձել իր ուժերը. «Եթե չլիներ իմ ազատազրկումը, հիմա գուցե ամեն ինչ այլ լիներ ու այլ վայրում ես լինեի՝ երգչի ու դերասանի իմ կարիերան կայացած կլիներ Մոսկվայում: Ես այն եմ, ինչ կամ եւ գոհ եմ եւ, ամենակարեւորը՝ կյանքի ոչ մի դժվարություն ինձ ծնկի չի իջեցրել. անգամ բերդի չորս պատերը»:
Այժմ Արմենը բնակվում է Մոսկվայում, ունի սեփական գիշերային ակումբ՝ «Utro», որտեղ կազմակերպում է տարբեր միջոցառումներ՝ հատուկ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար. «Ռուսների հետ շատ հեշտ է աշխատելը: Ակումբային մարդիկ են: Իսկ իմ հյուրերը միշտ այլազգիներ են լինում՝ ռուսներ, աֆրիկացիներ, հնդիկներ ու նաեւ հայեր: Բայց հայերից մի քիչ խուսափում եմ, որովհետեւ ակումբային կյանքը այլ կերպ են պատկերացնում: Օրինակ, նույն երեկույթները ես չեմ կարող Հայաստանում անել, հայերի համար ակումբ գնալ՝ նշանակում է նստել եւ նայել, թե ով ինչ է անում, ինչ է հագել, ով ում ինչպես բարեւեց, համբուրեց, գրկախառնվեց եւ այլն: Ռուսների համար ակումբային կյանքը դա կատարյալ հանգիստ է՝ նրանք հանգստանում են, նրանց չի հետաքրքրում ով կա այդտեղ ու ինչ է անում, ինչ է խմում, գինովցած է, թե ոչ…»:
Արմենը նաեւ ասաց, որ Մոսկվայում ինքը հայ լինելու համար շատերի հետ է կռվել, հպարտ է, որ հայ է, բայց հայրենիքում իրեն լավ չի զգում. «Ես ինձ չեմ կարողանում գտնել հայերի մեջ: Ուզում էի հաստատվել Հայաստանում՝ երբ խաղացի հայկական սերիալում, բայց շուտով կերպարիս սպանեցին ըստ սյուժեի, եւ դրա հետ սպանեցին նաեւ իմ բոլոր հույսերը Հայաստանի հետ կապված: Աբսուրդ երկիր է, իսկ մեր մշակույթն էլ՝ չգիտես ում ձեռքերում է: Ճիշտ է, ես ամենալավը չեմ, բայց ամենավատն էլ չեմ, եւ իմ մեջ կա այն, ինչ Հայաստանում շատերի մեջ չկա: Ես կարող էի եւ ուզում էի Հայաստանում նկարահանվել, առաջ գնալ… Բայց պարզվեց՝ մի քանիսի քմահաճույքով է պայմանավորված, թե ով ինչ կանի ու ինչպես կանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել