Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսներին Ղրղըզստանում նեղում են, իսկ Բակիեւը թռավ…

Ապրիլ 16,2010 00:00

\"\"Ղրղըզստանում ապրող եւ գործարարությամբ զբաղվող ռուսները բողոքում են, որ իրենց գրասենյակների եւ բնակելի տների վրա շուրջկալ հարձակումներ եւ գրոհներ են տեղի ունենում: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Լուրջ անհանգստություն է առաջացնում այն, որ վերջին օրերին Բիշքեքում Ռուսաստանի դեսպանությունը ՌԴ քաղաքացիներից եւ ռուս հայրենակիցներից բազմաթիվ դիմումներ է ստանում՝ Բիշքեքում եւ երկրի մյուս շրջաններում կենցաղային ազգայնականության դրսեւորման դեպքերի կապակցությամբ: Հարձակումներ են իրականացվում եւ գրավվում են նրանց ընկերությունների գրասենյակները, բնակելի տները»,- հայտարարել է Նեստերենկոն՝ հավելելով, որ տեղի իշխանություններն ու իրավապահ կառույցները որեւէ կերպ չեն արձագանքում ռուսների կողմից ստացվող օգնության եւ պաշտպանության խնդրանքներին: Ռուսաստանի դեսպանությունում հաղորդել են, թե էթնիկ ռուսների կողմից իրենց քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմումներն արդեն զանգվածային բնույթ են ստացել:

Հավելենք, որ աղբյուրը հաղորդում է նաեւ, որ ապրիլի 7-ից ամբողջ Ղրղըզստանի տարածքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո, այդ երկրում սկսվել են նույնքան զանգվածային հարձակումներ «ոչ ղրղզների», այդ թվում՝ սլավոնացիների, թուրքերի, չինացիների եւ այլ ազգությունների ներկայացուցիչների սեփականությունը հանդիսացող խանութների, կրպակների, ձեռնարկությունների վրա, որոնք շատ դեպքերում, թալանվելուց բացի, նաեւ փաստացի խլվում են դրանց տերերից:

Ինչ վերաբերում է այդ երկրում տեղի ունեցող զարգացումներին, ապա՝ BBC-ի մատուցմամբ, երեկ Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի կողմնակիցների կողմից Օշ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կրակոցներ են հնչել: Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել հանրահավաքում Բակիեւի ելույթի պահին: Հրապարակ, որտեղ տեղի է ունեցել Բակիեւի համախոհների հանրահավաքը, եկել է նրա ընդդիմախոսների մի շարասյուն եւ փորձել է հավաքված բազմությունը ճեղքելով՝ հասնել հարթակին: Դրանից հետո նախագահի պահպանության աշխատակիցները օդ են կրակել եւ Բակիեւին տեղափոխել են մոտակայքում գտնվող թատրոնի շենք, որին մոտեցել է նաեւ մի «Ջիփ», որով էլ նախագահը հեռացել է: Այսուհանդերձ, հաղորդվում է, որ տեղի ունեցած այդ միջադեպից հետո նոր իշխանության եւ Բակիեւի կողմնակիցների միջեւ բախումներ չեն եղել, թեեւ նման փորձեր արվել են:

Ուշ երեկոյան ռուսական կայքերը հաղորդում էին, որ Բակիեւը լքել է Ղրղըզստանի տարածքը եւ մեկնել Ջամբուլ՝ Ղազախստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել