Լրահոս
Օրվա լրահոսը

Սայաթ-Նովան հուզել է արաբներին

Մայիս 05,2010 00:00 Share

Աբու Դաբիի երաժշտության եւ արվեստի միջազգային  ամենամյա փառատոնն այս տարի առաջին անգամ հայ մասնակից է ունեցել: Մարտի 20-ից ապրիլի 7-ը տեղի ունեցած փառատոնին Հայաստանն ու հայկական երաժշտությունն է  ներկայացրել քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը եւ «Կամերտոն» կամերային անսամբլը: Երեկվա ասուլիսում անսամբլի գեղարվեստական ղեկավար Լիանա Խանդկարյանը պատմեց, որ արաբ հանդիսատեսին ներկայացել են ոչ միայն հայ ու արտասահմանցի դասականների կատարումներով, այլեւ  ժողովրդական գործերով. «Բազմազան ծրագիր էր»: Մոտ չորս տասնյակի հասնող ու տարբեր երկրներից ժամանած մասնակիցներից արաբ հանդիսատեսը հիացել է քանոնի հայկական ելեւէջներով: Տիկին Լեյլոյանը նշեց, որ արաբ հանդիսատեսի համակրանքն ու գնահատանքը նկատել է ոչ մայն ծափողջույններից, այլեւ տեսել է նրանց աչքերում. «Պագանինիի, Շոպենի, այլ  դասականների կողքին հնչել է Բաբաջանյան, Խաչատրյան, Սայաթ-Նովա ու Նարեկացի, ներկայացրել եմ  նաեւ ջազային կատարումներ: Տպավորություններն անպատմելի էին. ամեն ելույթի ավարտին մոտենում էր արաբ հանդիսատեսը ու պատմում, թե ինչքան է հուզվել, երբ Սայաթ-Նովա  կամ «Օտար ամայի ճամփեքի վրա» ստեղծագործությունն է լսել»:
Տիկին Լեյլոյանը հպարտությամբ հայտնեց, որ իրենց համերգին ներկա է գտնվել նաեւ ԱՄԷ-ի մշակույթի եւ գիտության նախարար, փառատոնի հիմնադիր շեյխ Մուհամեդ Աբդուլահ Բին Զայեդ Ալ Նահյանը. «Ասում են՝ նա ոչ բոլոր  համերգներին է լինում»: Հենց շեյխի  ձեռքից էլ քանոնահարուհին ստացել է հատուկ մրցանակ ու մեդալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել