Լրահոս
Օրվա լրահոսը

Գովազդվող մկրատը գնել է ու փոշմանել

Մայիս 05,2010 00:00

Իսկ Տելեմարկետի տնօրինությունն ապացուցեց, որ զուր է փոշմանել՝ իրենց ապրանքը որակյալ է

Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ: Սա «Գովազդի մասին» օրենքի պահանջներից է: Այսինքն՝ գովազդում որեւէ ապրանք կամ ծառայություն ներկայացնելը պետք է համապատասխանի իրականությանը:
Օրերս «Առավոտին» էր դիմել Տելեմարկետի գովազդներով հապշտապ գայթակղված եւ նույնքան էլ հապշտապ հիասթափված Ամալյա Չիդեմյանը: Նա Տելեմարկետից ձեռք է բերել «Miracle Blade3» դանակների հավաքածուն: Այն գնելու դեպքում հետը նաեւ նվեր են տալիս: Դանակների գովազդում նշվում է, որ դրանք կարող են հավերժ օգտագործել՝ այն չի ժանգոտվում եւ չի վնասվում: Նույնն ասվում է նաեւ նույն հավաքածուում եղած խոհարարական մկրատի մասին: Ըստ գովազդի, այդ մկրատով կարելի է ոչ միայն հավ կամ լավաշ կտրել, անգամ կաշի եւ այլ հաստ իրեր:
Տիկին Ամալյան անմիջապես զանգում է ընկերություն եւ 20 հազար դրամով ձեռք բերում 9 դանակ եւ 1 մկրատ: Բայց տիկնոջ ուրախությունն ընդամենը մի քանի օր է տեւում, քանի որ «հրաշք» հավաքածուի դանակներից 2-ն ամբողջությամբ ժանգոտվում են: Իսկ գովազդում նշվում է, որ դրանք չժանգոտվող մետաղից են պատրաստված: «Ես զանգեցի Տելեմարկետ եւ պահանջեցի, որ փոխեն դանակները: Նրանց աշխատակիցը եկավ ու ինքն էլ զարմացավ՝ տեսնելով ժանգոտված դանակները: 2-ը փոխեց: Ես խնդրեցի ամբողջ կոմպլեկտը փոխել, մտածելով, որ գուցե ամբողջ հավաքածուն է անորակ, բայց՝ մերժեցին: Մի քանի օր հետո փորձեցի մկրատը: Եվ ինչպես որ իրենք էին վստահեցնում, որ կարելի է նաեւ խաշած հավ կամ խոզի գոճի կտրել այդ մկրատով, այդպես էլ արեցի: Բայց երբ հավը կտրեցի՝ մկրատը մի հատվածում ճաքեր տվեց»: Տիկին Ամալյան այս անգամ մկրատը փոխելու խնդրանքով կրկին զանգել է Տելեմարկետ:  Այս անգամ ընկերությունը մերժել է փոխել կոտրված մկրատը. «Պետք է ստուգեիք, հավը երիտասա՞րդ էր, հետո նոր կտրեիք»,- այսպես էին պատճառաբանել Տելեմարկետից: «Ի՞նչ է, ես բան ու գործ չունեմ, պետք է առեւտուր անելուց առաջ հավի տարիքը հարցնե՞մ»,- դժգոհեց տիկին Ամալյան: Իսկ երբ տիկինը 3-րդ անգամ է զանգել եւ խնդրել գոնե տնօրինությանը տեղյակ պահեն, գուցե հնարավոր է մկրատը փոխել, օպերատորուհին պատասխանել է, որ այլեւս այդ ապրանքից չունեն:  
Այս առնչությամբ Տելեմարկետի գործադիր տնօրեն Բագրատ Կարապետյանը հավաստիացրեց, որ իրենք յուրաքանչյուր սպառողի բողոքին անդրադառնում են եւ բացառեց, որ օպերատորն այդպես կոպիտ է պատասխանել. «Դանակներն ու մկրատը հատուկ օգտագործելու ձեւ ունեն: Գուցե այդ կինը սխալ է օգտագործել, ինչի պատճառով մկրատը վնասվել է»:
Ապացուցելու համար, որ իրենց ապրանքն իրոք որակյալ է, պարոն Կարապետյանը մեր ներկայությամբ այն փորձարկեց՝ կտրելով իր հետ բերած եփած հավը: Մկրատը փորձարկեցինք նաեւ մենք. հանուն արդարության պետք է նշել, որ առանց դժվարությունների հավը կտրատվեց: Սակայն մկրատի վրա իսկապես ճաքեր կային: Այս առնչությամբ էլ պարոն Կարապետյանն ասաց, թե վստահ չէ, որ մկրատի ճաքերը կտրատելու ընթացքում են ի հայտ եկել. «Գուցե սպառողը ձեռքից գցե՞լ է»:
Չնայած մկրատը պիտանի էր, բայց Տելեմարկետի տնօրինությունը տիկին Ամալյային նոր մկրատ նվիրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել