Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔ»-ՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Մայիս 07,2010 00:00

Իսկ ԿՊվՏՍսՈրրվՌՍ-ը շփոթության մեջ է գցում

«Կծանոթանամ 25 տարեկան բարեկիրթ աղջկա հետ», «Ով ուզում է հանդիպել իր կյանքի ասպետին, թող զանգահարի 091… համարով», «Ռոմանտիկ աղջիկ եմ, լուրջ նպատակներով փնտրում եմ բարձրահասակ, կրթված տղայի», «Ամուսնական նպատակով կծանոթանամ «մաքուր» աղջկա հետ»…

Թերթերում, ամսագրերում, ինտերնետային տարբեր կայքերում, անգամ գետնանցումների պատերին փակցված պաստառներին գրված նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններն արդեն սովորական են դարձել. բազմաթիվ են այն աղջիկներն ու տղաները, որոնք այս կերպ փնտրում են իրենց երկրորդ կեսին:

Ժամանակին աղջկա եւ տղայի փոխարեն նրանց ընտանիքներն էին որոշում՝ երբ եւ ում հետ ամուսնացնեն՝ առանց ամուսնացողների կարծիքները հաշվի առնելու: Իսկ 19-20-րդ դարերում գյուղերում կային հատուկ միջնորդ կանայք՝ «սաբաբներ», ովքեր քաջածանոթ լինելով երկու ընտանիքներին՝ միջնորդում էին, որպեսզի նրանց միջեւ խնամիական կապեր հաստատվեն: Հաշվի էր առնվում տնտեսական գործոնը: Լինում էր այնպես, որ երբ երեխաները ծնվում էին, արդեն որոշված էր, թե ում հետ են նրանք ամուսնանալու:

Այսօր ամեն ինչ այլ է. ամուսնության ինստիտուտը փոխվել է, եւ եթե նախկինում ծնողներն էին ընտրում, ապա այժմ հաստատ անհատն է ընտրում:

Իսկ ընտրություն կատարելը դժվարացել է. տղաները չեն կարողանում գտնել իրենց ուզած կանանց, աղջիկներն էլ չեն հավատում տղամարդկանց խոստացած լուրջ նպատակներին:

Տարիներ առաջ հայտնվեցին գրավիչ անուններով գործակալություններ, որոնք առաջարկում են միջնորդել տղա կամ աղջիկ գտնելու հարցում, դրա դիմաց ստանալով որոշակի գումարներ:

«Ամուր եւ երջանիկ ընտանի՞ք եք ցանկանում կազմել, եկեք մեզ մոտ եւ չեք լինի միայնակ, մենք կօգնենք ձեզ գտնելու ձեր երկրորդ կեսին»… Նմանօրինակ տողերով ամուսնական գործակալությունները իրենց կողմը գրավեցին մեր հասարակության չամուսնացած շերտին: Բայց շուտով այս գործակալություններին կարծես թե փոխարինելու եկան ինտերնետային տարատեսակ ծանոթությունների կայքերը:

Չնայած բազմաթիվ կայքերի՝ ԿՊվՏՍսՈրրվՌՍ-ների եւ Facebook-երի, որոնց միջոցով եւս ընտանիքներ են կազմվում, ամուսնական գործակալությունների ետեւից գնացողներ, անշուշտ, դեռ կան:

«Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մեկ տարվա գործունեության արդյունքում արդեն տասնյակ ընտանիքներ են կազմվել եւ անգամ երեխաներ ծնվել: «Երջանկության գաղտնիք» կենտրոնը Ռուսաստանի համանուն կենտրոնի մասնաճյուղն է:

Թե որքա՞ն արժեն մեկ տարվա պայմանագրով թեկնածու գտնելու որոնումները, տնօրենը խուսափեց պատասխանել, պատճառաբանելով, որ միայն զանգելու եւ իրենց դիմելու դեպքում քաղաքացին կարող է իմանալ գումարի արժեքը:

Իլոնան իրեն համարում է ամուսնացնելու գործում մասնագետ, էքսպերտ, քանի որ, ինչպես ինքն է պատմում, ամեն ինչ սկսվել է դեռ Սանկտ Պետերբուրգից, որտեղ ամուսնու հետ փորձել է իր ընկերուհիներին ամուսնացնել ամուսնու ընկերների հետ:

«Գալով Հայաստան եւ տեսնելով հայ աղջիկների դժվար կացությունը, որոշեցի նրանց ձեռք մեկնել: Շատերին ամուսնանալ չի հաջողվում ոչ թե այն պատճառով, որ անբախտ են, այլ ժամանակ չունեն, չեն հասցնում, իսկ տարիները գնում են, իրենք՝ մեծանում: Այս խնդիրը իրոք մինչ օրս կա, եւ գործակալությունը փորձում է, իր վրա վերցնելով այդ հոգսը, թեթեւացնել նրանց կյանքը»,- մեկնաբանում է տնօրենը:

Գործակալությունում գրանցվելը աղջիկների համար տարիքային սահմանափակում չունի, իսկ տղաների համար՝ ունի. «Ելնելով հաճախորդների եւ մեր անվտանգությունից՝ տղաներին միայն 25 տարեկանից բարձրերին ենք գրանցում ու մինչեւ 60-65 տարեկանը, դրանից բարձր, կարծում եմ, տղամարդուն դայակ է պետք, ոչ թե կին: Եվ հետո մեր աշխատաոճն էլ է տարբեր. եթե մեզ 20 տարեկան աղջիկ է դիմում, նրա հետ հոգեբանական թերապիա անցկացնելուց հետո ենք գրանցում, հաճախորդի նկարը ցուցադրում ենք նրան համապատասխան տղաների, որոնք, ըստ մեզ, կարող են նրա համար իդեալական ամուսին լինել: Ունենք բավական մեծ բազա եւ անհեթեթ կլիներ մեկի նկարը ցուցադրել բոլորին…»:

Թե ի՞նչ տեսակ աղջիկների պահանջ կա հայ տղամարդկանց շրջանում, Ի. Բաղիշյանի բնորոշմամբ՝ «մաքուր աղջկա պակաս ու մեծ պահանջ կա: Մեզ դիմող յուրաքանչյուր տղամարդ, լինի 30 տարեկան, թե 40, ամուսնալուծված, թե երբեք չամուսնացած, առաջին հերթին շեշտում է՝ կո՞ւյս է: Դրանից հետո նոր հետաքրքրվում են արտաքինով, կրթությամբ, մինչեւ անգամ՝ ովքեր են ծնողները»:

Աղջիկների պահանջների մասով էլ ասաց. «Հայ կանանց շրջանում տղամարդու պակաս կա: Նրանցից ամեն մեկը ցանկանում է իր կողքին իսկական տղամարդ տեսնել. ասում են՝ ինչ ուզում է լինի, տղամարդ լինի, ուժեղ լինի, որ ես նրա կողքին պաշտպանված զգամ: Իսկ կրթությունն ու մնացյալ բաները մեր աղջիկների համար երկրորդական են: Նաեւ մեծ տեղ են տալիս ապահովված լինելուն»:

Մասնագիտությամբ հոգեբան տնօրենը, այս ոլորտում ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի իր փորձը համեմատելով, շատ տարբերություններ է տեսնում հատկապես հասարակության վերաբերմունքի եւ քաղաքացիների չափանիշների միջեւ. «Նախկինում շատ ավելի վատ էր, մարդիկ ընդհանրապես հավատ չունեին, իսկ այսօր այդ վերաբերմունքը փոքր-ինչ փոխվել է: Հույս ունեմ, որ ավելի շատ կփոխվի, կդառնա այնպես, ինչպես դրսում է»:

Ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթանալուց զատ՝ այսօր մեծ տարածում ունեն նաեւ ինտերնետային եւ հեռախոսային ծանոթությունները՝ հատկապես երիտասարդների շրջանում: Թե որքանով են խոչընդոտում այլընտրանքային միջոցները գործակալության աշխատանքին, մեր զրուցակիցն ասաց. «Ոչնչով. օրինակ՝ ԿՊվՏՍսՈրրվՌՍ-ը, որն ամենատարածվածն է, շատ աղջիկների է ստիպել շփոթության մեջ ընկնել, խաբվել: Մեզ մոտ գալիս եւ ասում են՝ հանդիպեցինք ինտերնետով, պարզվեց ամուսնացած է, կամ աղջիկ էր տղայի փոխարեն խոսացողը եւ այլն… Դրանք ուղղակի անլուրջ ծանոթություններ են: Իսկ մեզ մոտ ամեն ինչ լուրջ է՝ միայն ամուսնության նպատակով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել