Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ կռվացնում ենք»

Մայիս 11,2010 00:00

«Ժառանգությանն» անկեղծորեն խոստովանում է ՀՀԿ-ական պատգամավորը

Հաշվի առնելով այն, որ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին տրվող պարտադիր զինծառայությունից տարկետմամբ տեղերի քանակի կրճատման կապակցությամբ բողոքի երթին մասնակցում էին նաեւ «Ժառանգության» անդամ ուսանողներ՝ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն «Առավոտին» փոխանցել էր. «Այստեղ են ասել՝ ասա, ով է կուսակցությանդ ղեկավարը՝ ասեմ, ով ես դու: Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենասիրությունն ավարտվում է եռագույնի մոտ իր հերթապահության շոուով, Զարուհի Փոստանջյանինը՝ Ադրբեջանի պատգամավորներից Հայաստանի դեմ ստորագրություններ հավաքելով: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նաեւ նշեմ, որ նույն «Ժառանգության» կազմում կա նաեւ դրական օրինակ՝ իմ գործընկեր Արմեն Մարտիրոսյանը, որը ոչ միայն ծառայել է բանակում, այլեւ բանակից հետո հաջողությամբ շարունակել ուսումը՝ պաշտպանել թեկնածուական»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ ի պատասխան նման տարբերակման, «Առավոտին» ասաց. «Ժառանգությունում» հավաքվել են գաղափարական մարդիկ: Նրանք ընդունել են այն տեսակետները, որոնք ժամանակին արտահայտել է Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ հետագայում դրվել են «Ժառանգության»՝ իբրեւ հավաքական ուժի, հիմքում: Եվ այդ առումով որեւէ բացառություն չկա իմ եւ մնացածի միջեւ: Ընդունելով այդ գաղափարները՝ կարծել եմ, որ իմ սկզբունքները կարող եմ իրացնել «Ժառանգություն» կուսակցությունում: Այնպես որ՝ չեմ կարծում, թե տարբերակելու կարիք կա: Եվ եթե «Ժառանգության» վարչության անդամներից որեւէ մեկը ցանկանար՝ հանգիստ կարող էր մասնակցել այդ ցույցին, ինչը մենք բազմիցս ենք արել՝ եթե կա կուսակցության հստակ որոշումը: Կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ «Ժառանգությանը» նմանատիպ հարցերում մեղադրելը: Իսկ ընդհանրապես՝ մենք չենք սիրում հայրենասիրության մասին խոսքեր ասել. մենք ընդամենը մեր աշխատանքն ենք կատարում՝ իբրեւ պարտաճանաչ քաղաքացիներ»:
Այս խնդիրներին երեկ անդրադարձ եղավ նաեւ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի եւ Կարեն Ավագյանի բանավեճի ընթացքում: Վերջինս բացահայտեց, թե ինչու է բացառություն արել Արմեն Մարտիրոսյանի համար. «Ձեզ կռվացնում ենք: Ձեր կուսակցության մեջ ձեզ կռվացնում ենք»: Ստեփան Սաֆարյանը հետաքրքրվեց. «Ինչո՞ւ դո՛ւք չեք ազդվում իր օրինակից: Փոխարենը հետեւում եք բանակում չծառայելու եւ կարիերա անելու բազմաթիվ օրինակներին»: Կարեն Ավագյանը հակադարձեց. «Քեզանից ավելի մեծ կարիերիստ չկա: Եվ կարիերա անելը վատ բան չի»: Սաֆարյանի պատասխանն էր. «Ես կարիերա եմ անում, բայց ոչ այն հետնաբեմերով ու հետնամուտքերով, ինչ դուք»: «Դուք էլ նկուղներում եք անում»,- արձագանքեց Կարեն Ավագյանը:
Մեջբերենք եւս մի քանի փաստարկ-հակափաստարկ այս շատ բուռն ընթացած բանավեճից: Կարեն Ավագյանի փաստարկին՝ «Գիտությունն անպայման չէ, որ իրականացվի ասպիրանտուրայի միջոցով: Գիտությամբ զբաղվողն ամեն տեղ էլ կզբաղվի», Ստեփան Սաֆարյանը հեգնանքով արձագանքեց. «Այո, իհարկե, զորամասում կզբաղվի»: Կարեն Ավագյանը հայտարարեց, թե բանակի դեմ գործողություններ են ծավալում մարդիկ, որոնք «խոսում են հայրենասիրությունից, դոշ են ծեծում անընդհատ»: Ստեփան Սաֆարյանն ուղղեց՝ «Դոշ չէ՝ կուրծք»: Կարեն Ավագյանի արձագանքն էր. «Ճիշտ է, ձեր մոտ մարդիկ կան, որոնք կուրծք են ծեծում, եւ տենց էլ պիտի լինի, որովհետեւ իրենք դոշ չեն կարող ունենալ»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը սա համարեց ՀՀԿ-ականի կողմից ինքնախոստովանություն, թե «Բանակը հասցրել ենք այն վիճակին, որ հույսներս համալսարանի 100 ուսանողներն են մնացել»: Ստեփան Սաֆարյանի հիշատակմանը՝ «Ուսանողները բողոքում են, թե ձեր պրոտեժեներն են անցնում ասպիրանտուրա», Կարեն Ավագյանը հակադարձեց. «Պատգամավոր եք՝ գնացեք, նստեք ու տեսեք, թե ինչպես է անցնում այդ ամբողջ գործընթացը: Գնացե՛ք, ինչի՞ չեք գնում»: Սրան էլ ի պատասխան հնչեց. «Ճիշտ եք ասում՝ ԵՊՀ-ն հո «Ժառանգության» համալսարա՞նը չէ, դա Երեւանի հանրապետակա՛ն համալսարանն է»:
Եվ վերջապես նշենք, որ Ստեփան Սաֆարյանը հարց ուղղեց Կարեն Ավագյանին. «Ինչո՞ւ դուք եւ կրթության նախարարը սեփական օրինակով ցույց չեք տալիս, որ կարելի է գնալ բանակ ու ծառայել»։ Նա պատասխանեց. «Ես ցանկացա՛ծ ժամանակ կարող եմ զորակոչվել, բայց կարող եմ զորակոչվել իմ մասնագիտությամբ: Ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ: Աշոտյանն էլ է դատական բժիշկ»: Նրա հերթական հիշեցմանը, որ ինքը բժիշկ է՝ պրն Սաֆարյանն արձագանքեց այսպես. «Մեռելների՛»: Կարեն Ավագյանը հակադարձեց. «Ու ցավոք սրտի՝ քեզ չեմ կարող բուժել: Դու հետմահու ես հայտնվելու իմ մոտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել