Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆ Է, ԲԱՅՑ…

Մայիս 18,2010 00:00

Վտանգավոր խորհրդածություններ ղարաբաղյան հարցի միջնորդության շուրջ

Ի՞նչ է նշանակում՝ «Իրանը կարող է մասնակցել ղարաբաղյան հարցի կարգավորմանը», կամ՝ «ավելի ընդունելի է Իրանի, քան Թուրքիայի միջնորդությունը»:
Այս դիրքորոշումներով հայ քաղաքական ու փորձագիտական որոշ շրջաններ սկսել են ղարաբաղյան հարցը դարձնել «որբի գլուխ», այնպես որ, այլ երկրներ կարողանան դառնալ միջնորդներ՝ փորձարկելով այս անգամ սեփական «վարսավիրական հմտությունները» ղարաբաղյան հարցի վրա:
Թուրքիան երբեք չի թաքցրել սեփական ձգտումները՝ դառնալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ կողմ: Թուրքիայի ԱԳՆ-ը վերջերս նաեւ հայտարարել էր, թե «Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, եւ ոչ ոք չի կարող իրեն ասել, թե ինչու չխառնվի ղարաբաղյան հարցին»: Այլ հարց է, որ հակամարտող կողմերը պաշտոնական համաձայնություն են տվել ոչ թե Թուրքիան կամ Ֆինլանդիան ընդգրկող Մինսկի խմբի անդամների միջնորդությանը, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) ֆորմատին:
Բայց հայ քաղաքական ուժերը, քննարկելով թուրքական կողմի հայտարարությունը, պարզեցին, որ «ավելի լավ է Իրանի մասնակցությունը, քան Թուրքիայի», առավել եւս, երբ անցյալ ամիս Իրանի արտգործնախարարը Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների միջեւ եռակողմ հանդիպում անցկացնելու մասին առաջարկ էր արել:
Կարելի է քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնց առաջարկած կարգավորման տարբերակների անկատարության հետեւանքով է, որ հակամարտությունը 16 տարի է՝ լուծում չի գտնում: Բայց խոսել միջնորդության ֆորմատի փոփոխության մասին, նույնն է, ինչ Թուրքիայի առաջարկի համար ազատ իրացման դաշտ բացել:
Իրանը համարվում է Հայաստանին բարեկամ երկիր, բայց այստեղ ոչ այնքան գործում է երկրի անունը կամ Հայաստանի հետ ունեցած բարեկամական կապը, որքան X երկրով միջնորդության ֆորմատը փոխելու խնդիրը:
Համանախագահության ձեւաչափի ժխտումը կհանգեցնի հակամարտության կարգավորման դաշտում վակուումի, որտեղ ցանկացած երկիր (դիցուք՝ Թուրքիան) կամ միջազգային կառույց (օրինակ՝ ՎՈՒԱՄ-ը) կարող է առաջարկել սեփական միջնորդությունը՝ դրանով ավելի խորացնելով հակամարտության լուծման խոչընդոտը:
Առնվազն անտրամաբանական է նաեւ Իրանին հրավիրելու առաջարկի քաղաքական հիմքը, երբ Իրանն իր միջուկային ծրագրով դարձել է Արեւմուտքի համար պոտենցիալ սպառնալիք: Իսկ արեւմտյան երկրների հետաքրքրությունը ղարաբաղյան հարցի նկատմամբ այնքան է աճել, որ սուր քննադատության կենթարկեն հայկական կողմին, եթե վերջինս հավանություն տա Իրանի մասնակցության առաջարկին:
Արդյունքում կչեզոքանա նաեւ Հայաստանի միջազգային խաղաղարար այն իմիջը, որ փորձում էր ստեղծել Հայաստանի նախագահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով:
Եթե ենթադրենք, որ Իրանի միջնորդության մասին տեսակետի քաղաքական մոտիվը ԱՄՆ-ին կամ Եվրոպային հակադրվելն է ու Ռուսաստանին հաճոյանալը, ապա այն կրկին մնում է անտրամաբանական:
Ռուսաստանն ու Իրանը լուրջ մրցակիցներ են Կովկասում աշխարհաքաղաքական դերակատարության հարցում:
Ռուսաստանը եւս անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրով, քանի որ հնարավոր միջուկային զենքը Իրանին թույլ կտա գերակա դիրք զբաղեցնել համաշխարհային ու մասնավորապես կովկասյան քաղաքական դաշտի վրա:
Ռուսաստանն ու Իրանը նաեւ մրցակցում են գազի ոլորտում. Իրանը բնական գազի պաշարներով աշխարհում Ռուսաստանից հետո 2-րդ տեղն է զբաղեցնում. նրան է պատկանում համաշխարհային պաշարների 14%-ը:
Մոսկվայի ազդեցության հետեւանքով էր, որ INOGATE (Եվրոպա նավթի եւ գազի արտահանման) ծրագրում ընդգրկված Իրան-Հայաստան գազատարի տրամագծի չափը կրճատվեց՝ 1.4 մ-ից հասնելով 70 սմ-ի: Սա էապես նվազեցրեց Իրանի՝ Հայաստանի միջոցով գազը Եվրոպա արտահանելու հնարավորությունն ու Իրանի ստանալիք հնարավոր քաղաքական ու ֆինանսական դիվիդենդները:
Փաստորեն, Ռուսաստանին եւս ձեռնտու չէ իրանական միջնորդությունն ու տարածաշրջանում նրա ազդեցության մեծացումը:
Այսպիսով, պարզ է դառնում, որ Իրանին ղարաբաղյան հարցի բանակցությունների սեղան հրավիրելով՝ կստանանք Արեւմուտքի ու Ռուսաստանի դժգոհությունը, իսկ թե ինչ կշահենք կոնկրետ հակամարտության կարգավորման հարցում, հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել