Լրահոս
Օրվա լրահոսը

Միշել Օբաման կպայքարի

Մայիս 19,2010 00:00

ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման, ով ղեկավարում է երեխաների ճարպակալման դեմ պայքարի պետական ծրագիրը, մանրամասնել է ծրագրի էությունը: Սպիտակ տանն անցկացված հանդիպման ժամանակ նա ներկայացրել է 70 մեթոդներից բաղկացած փաթեթ, որն ուղղված է նվազեցնելու հավելյալ քաշից տառապող ամերիկացիների թիվը: Ներկայումս ամերիկացի երեխաների 20%-ը հավելյալ քաշ ունի: Ծրագրի հիմնական նպատակն է՝ ճարպակալմամբ տառապող երեխաների թիվը 2015 թվականին նվազեցնել 2.5%-ով, 2020թ.՝ 5%-ով, իսկ 2030թ՝ 15%-ով:

Այս ծրագրի իրականացմանը հետեւելու է ամերիկյան հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը, որը երեխաների ճարպակալման վերաբերյալ տվյալներ է հավաքում երկու տարին մեկ: Պետական նախաձեռնության շրջանակներում կառավարությունը մտադիր է լավացնել երեխաների սննդակարգը: Առողջ սնվելու ինդեքսը, որը պատկերում է օգտագործված սննդի օգտակարությունը, ներկայումս պարունակում է 55.9 կետ: Առողջ սննդի մակարդակը համապատասխանում է 80-100 կետին:

Ըստ կառավարության՝ 2015թ. այս ցուցանիշը պետք է կազմի 65 կետ, իսկ 2020թ.՝ 80: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերասարքավորել դպրոցական ճաշարանները, ճաշացանկի մեջ ներառել մրգեր եւ բանջարեղեն, կազմակերպել եւ ագարակներից դպրոց հասցնել առողջ սնունդ, ինչպես նաեւ ավելացնել ֆիզիկական վարժությունների դասաժամերը: Այս ծրագիրը ներառում է նաեւ հղի կանանց, կրծքով կերակրող մայրերի եւ ծծկեր երեխաների սննդակարգի բարելավում: Բացի այդ, ծրագրի որոշ կետեր վերաբերում են սնունդ արտադրող ընկերություններին եւ դրանք վաճառող կետերին: ԱՄՆ առողջապահության նախարարության տվյալներով՝ չափահաս ամերիկացիների 2/3-ը, ինչպես նաեւ յուրաքանչյուր 3-րդ երեխան հավելյալ քաշ ունի: Երեխաների շուրջ 17%-ը տառապում է ճարպակալմամբ: Ամերիկյան առողջապահական համակարգը ճարպակալման դեմ բուժման համար տարեկան ծախսում է մոտ 150 միլիարդ դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել