Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՅՔ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵ՞Ն

Հունիս 12,2010 00:00

Թե՞ ընտանեկան բռնություններն են անվերահսկելի

«Ընտանեկան բռնության մասին հրապարակավ խոսելը մեզանում այնքան էլ ընդունված չէ: Թվում է՝ խնդիրը գոյություն չունի կամ եթե նույնիսկ ունի, ապա յուրաքանչյուրիս անձնական գործն է եւ հրապարակման արժանի չէ: Սակայն, եթե հասկանանք, որ ընտանեկան բռնությունը չի կարող բացասական հետեւանք չունենալ հասարակության վրա՝ խոչընդոտելով զարգացմանն ու առաջընթացին, ապա պարզ կդառնա, թե ինչու այս խնդրի մասին պետք է բարձրաձայնել, դատապարտել եւ, իհարկե, պայքարել դրա դեմ: Նման հանդիպումները նպատակ ունեն կանխարգելել ընտանիքում կանանց եւ երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունը, համախմբել հասարակության ուժերը ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու եւ դրա դեմ ակտիվ պայքար ծավալելու համար, ինչպես նաեւ խախտելու լռությունը կանանց նկատմամբ բռնության մասին՝ դարձնելով այն հանրային քննարկման առարկա»,- Ավ. Իսահակյանի անվան գրադարանում Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպած «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց կենտրոնի իրավաբան Սաթենիկ Գեւորգյանը, հավելելով, որ բռնությունները հայկական ընտանիքում շատ արդիական են:
Քննարկվեց ընտանեկան բռնության իրավիճակը Հայաստանում, դրա տեսակները, հիմնական պատճառները: Ըստ 2009 թ. կատարված կենտրոնի ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալների, անցյալ տարի կենտրոնին օգնության նպատակով դիմել է 268 բռնության ենթարկված հայուհի:
268 -ից 195-ը վերաբերել է ընտանիքում կնոջը հոգեբանական ճնշման ենթարկելուն, 67-ը՝ ֆիզիկական, իսկ դրանցից 6-ը՝ ընտանիքում կնոջը սեռական ճնշման ենթարկելուն:
Սա դեռ այցելությունների վիճակագրությունն էր: Կենտրոնի հոգեբան Աննա Կախաեւայի խոսքով էլ, շատ անգամ ամաչելով հարեւանների, բարեկամների, հասարակության կարծիքից, կենտրոնի օգնությանը հայ կանայք դիմում են մեծամասամբ հեռախոսազանգերով, այն էլ՝ անանուն:
«Օրինակ, անցյալ տարի մեր «Թեժ գծի» հեռախոսահամարին եղել է 435 զանգ: Դրանցից 311-ը հոգեբանական բռնության վերաբերյալ էր, 120-ը՝ ֆիզիկական, 4-ը՝ սեռական»,- հավելեց Ս. Գեւորգյանը:
Հոգեբանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ պարբերաբար առնչվում է ընտանեկան բռնության դեպքերի հետ. «Բռնության ենթարկված կանայք եւ երեխաները օգնության կարիք ունեն, մասնավորապես՝ հոգեբանական»: Իսկ թե ովքեր են կենտրոն դիմողները՝ նշեց. «Ամենատարբեր տարիքի, տարբեր մասնագիտությունների եւ բնավորության տեր մարդիկ: Եվ դիմում են այն կարգավիճակում, որ դրանից այն կողմ էլ ելք չկա: Վերջերս մի կին հազիվ քայլելով մտավ մեր կենտրոն, ամբողջովին ծեծված, կապտուկներով եւ հողաթափերով էր, չէր հասցրել անգամ փոխվել, ուղղակի փախել էր տնից: Ի դեպ, որդու խորհրդով էր փախել: Հետո որդուն էլ կանչեցինք մեզ մոտ, զրուցեցինք, ասաց, որ մորը փրկելու համար խորհուրդ է տվել տնից դուրս գալ, փախչել հոր ճիրաններից»:
Իրավաբանն էլ պատմեց, որ դեպքերի զգալի մաս գրանցվում է  մարզերում. «Օրինակ, Արարատի մարզից մի կին էր մեզ դիմել: 18 տարի ամուսնացած էր: Այդ տարիների ընթացքում պարբերաբար ծեծի է ենթարկվել, սակայն, իր խոսքով, դիմացել է՝ զոհ գնալով հասարակության կարծիքին: Երկու երեխայի մայրը՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ամուսնու հերթական ծեծից պաշտպանվելու համար վերջապես որոշել էր դիմել մեզ: Դանակ է եղել սեղանին դրված, այդ կինը դանակով պաշտպանվել է, արդյունքում՝ վնասել ամուսնուն: Քրեական գործ էր հարուցվել կնոջ դեմ: Կինն արդարացվել է, գործը կարճվել՝ որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն»:
Քիչ չեն նաեւ սեռական բռնության դեպքերը: Ա. Կախաեւայի բնութագրմամբ, սեռական բռնության մասին երբեք միանգամից չեն խոսում՝ «հիմնականում սկսում եմ ֆիզիկականից, հետո նոր պարզվում է, որ հիմքում սեռական բռնություն էլ կա: Այդ թեման բաց չէ Հայաստանում, ամաչում են խոսել: Մի կին դիմեց, ով ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվել էր սեռական բռնության: Երկար ժամանակ ամուսինը անկողնում սեռական ակտի բազմազանություն էր պահանջել, որը կինը չէր ցանկացել իրականացնել: Կնոջը չկարողանալով ստիպել, ամուսինը հաշվեհարդար լինելու համար լուցկու հատիկներով կնոջ մեջքին կետ- կետ այրելով՝ գրություն էր թողել…»:
Ինչ վերաբերում է հոգեբանական կամ տնտեսական բռնությանը, Աննան նկատեց. «Տնտեսականը հիմնականում պայմանավորվում է նրանով, որ կանանց չեն թողնում աշխատել եւ չեն տրամադրում գումար, օրինակ, առաջին անհրաժեշտ իրեր գնելու համար: Կամ բացարձակ զրկում են գումարից: Սակայն ամենամեծ եւ վտանգավոր բռնությունը հոգեբանականն է: Ամեն տեսակ բռնության հիմքում էլ հոգեբանական ճնշումն է ընկած: Մի կին էլ կար, որը ընտանիքը պահպանելու համար շարունակ հանդուրժել էր ամուսնու ամեն օր հարբած տուն վերադառնալու փաստը: Ձմռան ամիսներին, համբերության բաժակը լցված կինը որոշում է ամուսնու տուն վերադառնալու ժամերին դրսում զբոսնել երեխաների հետ՝ մինչեւ հարբած ամուսնու քնելը՝ այդպիսով խուսափելով ծեծվելուց: Նա ամիսներ շարունակ երեկոյան ժամը 10-ից մինչեւ ուշ գիշեր՝ ժամը 3-ը երեխաների հետ այգու նստարանին է անցկացրել: Սա մեծ հոգեբանական ճնշում է»:
Վերջում Ս. Գեւորգյանը գնահատելով Հայաստանում ընտանեկան բռնությունները՝ ասաց. «Կոնկրետ թիվ ու հաշվարկ չկա: Այս խնդիրը պետական հոգածության կարիքն ունի: Մեր կողմից մշակվել է սեռական բռնության դեմ պայքարի օրինագիծ եւ այժմ կառավարության քննարկմանն է սպասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել