Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ԲԵՌՆԱԹԱՓԵԼ» ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՑ

Հունիս 29,2010 00:00

Ֆիզիկոս Սասուն Գեւորգյանը վստահ է, որ գիտական օջախների տարածքներն ու գույքը պետք է անհատույց օգտագործման իրավունքով հանձնել գիտնականներին:

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ֆիզիկոս Սասուն Գեւորգյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Առաջինը, որպես փորձագետ, հասարակական հիմունքներով մասնակցել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից գիտության ոլորտում իրականացված ուսումնասիրություններին:
Ինչպե՞ս բաշխել գիտության փողերը, ճշտվա՞ծ են, արդյոք, առաջնահերթությունները, ի՞նչ անել եւ ինչի՞ց սկսել: Քննարկումը այս հարցերի շուրջ էր:
Ա. Դավթյանը գտնում է, որ գիտությանը տրամադրվելիք գումարը չափելի եւ համադրելի չէ ՀՆԱ-ի հետ, եւ այս պարագայում լուրջ առաջընթացի մասին մտածելը տեղին չէ: Ս. Գեւորգյանի համոզմամբ, հարցն այն չէ, որ գիտությանը տրվող գումարները քիչ են, այլ այն, թե ինչպես են կազմակերպվում եղած գումարների ծախսերը, մանավանդ՝ ամեն երկիր իր «վերմակի չափով պետք է ոտքը ձգի»: Նա փաստում է, որ, ի տարբերություն մյուս բնագավառների, գիտությունն ամենատխուր վիճակում է. «Միայն սին խոսքեր, էն էլ նախկինում եղած նվաճումների մասին»: Նրա խոսքով, ողջ աշխարհում հիմնարար գիտությունները ֆինանսավորվում են տարբեր աղբյուրներից, իսկ Հայաստանում հույսը պետությունն է, ինչը սխալ մոտեցում է. «Սրանում մեղավոր է ժամանակը, այն մարդիկ, ովքեր մնացել են գիտության ասպարեզում… Գորշության ընդհանուր ֆոնի վրա ոչ մի նոր գաղափար՝ ո՛չ գիտական, ո՛չ էլ գիտություն կազմակերպելու: Ի վերջո, եկեք գնահատենք, թե ինչ ունենք այսօր: Նույնիսկ այս հարցին ճիշտ պատասխան չկա… Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մարդիկ ապրում են նրա հաշվին, որ Հայաստանում ճիշտ չի գնահատվում գիտության վիճակը»: Ս. Գեւորգյանի փաստմամբ՝ հարյուրավոր կառույցներ զբաղվում են գիտության հարցով, սկսած ԳԱԱ-ից, վերջացրած ԱԺ-ով ու զանազան նախարարություններով, սակայն, դրա հետ մեկտեղ, չկա իրական պատկերը գնահատելու եւ ապագան տեսնելու ցանկություն ու միտում: Հայաստանի գիտությանը հատկացվող գումարը 8 մլրդ 340 մլն դրամ է՝ մոտ 25 մլն դոլար: Ֆիզիկոսի ձեւակերպմամբ, այդքան քիչ գումարով 17000 մարդ չի կարող գիտությամբ զբաղվել: Չնայած, նրա խոսքով, իրականում գիտության մարդիկ 3500-6000 հոգի են:
Ս. Գեւորգյանը Ա. Դավթյանին հարց ուղղեց. «Դուք կարդացե՞լ եք կառավարության ընդունած գիտության զարգացման ռազմավարությունը, կարո՞ղ եք գնահատական տալ: Ձեզ բավարարո՞ւմ է այն»: Ա. Դավթյանն ասաց, որ կարդացել է եւ ամեն ինչին տեղյակ է: Գեւորգյանը շարունակեց. «Ինձ համար այնտեղ կան բաներ, որ առնվազն տարօրինակ են: Օրինակ, գրված է, որ Հայաստանը պետք է զարգացնի գիտահետազոտական տուրիզմը: Գիտական աշխարհում դա առայժմ ծիծաղ է առաջացնում… Բայց կարող է դրա տակ նաեւ խորը իմաստ կա, ու գիտության մարդիկ չեն հասկանում (հեգնում է- Գ. Հ.): Կարդալով այդ տողերը, ես նման տպավորություն եմ ստանում, որ ինչ-որ տեղ Մերձավոր Արեւելքում առավոտյան հայերի ընտանիքում արթնանալով՝ ամուսինն ասում է կնոջը՝ տիկին Շաքե, պիտի երթամ Հայաստան, երկու հատ նեյտրոն նկարեմ-գամ… Այս փաստաթղթի իմաստը ո՞րն է: Հիմա ես ինչ անեմ՝ գիտահետազոտական տուրիզմո՞վ զբաղվեմ»: Բանախոսը փաստեց, որ գերակա ուղղությունների «մասով» կառավարությունը փաստաթղթում ընդգրկել է ամբողջ աշխարհի գիտությունը՝ տիեզերքից սկսած՝ մինչեւ երկրի ընդերքը. «Մինչդեռ պիտի առաջնահերթությունները ճշտել: Ժամանակին Ալիխանյան ազգանունով մի մարդ եկավ Հայաստան եւ ասաց, որ պիտի այստեղ ֆիզիկայի ինստիտուտ հիմնի, արագացուցիչ, շուրջն էլ՝ քաղաք լինի: Հետո բոլոր գյուղերից երեխեքը լցվեցին քաղաք, հասկանում էին, որ գիտությամբ կզբաղվեն, տուն կստանան, բարձր աշխատավարձ, որից հետո ֆիզիկան Հայաստանում զարգացավ… ճիշտ է՝ 70-ականներին Ալիխանյանի ստեղծած ֆիզիկոսներն իրեն կերան, բայց ինքը հարց լուծեց»:
Ա. Դավթյանը եւս ընդունում է, որ չի կարելի անընդգրկելին ընդգրկել մի փաստաթղթում: Ասում է՝ պիտի ընտրել հիմնական ուղղությունները, օրինակ՝ հայագիտությունը կամ ՏՏ ոլորտը եւ նշել, թե ինչ քայլերի դեպքում ինչ հաջողությունների կարելի է հասնել: Սասուն Գեւորգյանն առաջարկում է գիտությունը «բեռնաթափել» 70-90 տարեկան թոշակառու գիտնականներից. «Միայն Ֆիզիկայի ինստիտուտում 180 հոգի 70-ից բարձր տարիքի է, թող գնան սոցապ նախարարություն, նարդի-դոմինո դրեք՝ խաղան»:
Ա. Դավթյանի կարծիքով, դա հարցի լուծում չէ: Ս. Գեւորգյանն առաջարկում է բոլոր գիտահետազոտական ինստիտուտներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնել հողերը եւ վրայի գույքը, ինչպես ժամանակին արեց Ռուզվելտը՝ ԱՄՆ-ում: Այսօր ԱՄՆ-ում համալսարանների բյուջեի 1/4-ը այդ հողերի եւ շենքերի իրավունքից է գոյանում: Բոլոր ինստիտուտները Երեւանում լավ տեղերում են գտնվում, եւ դրանք շատերի ախորժակն են գրգռում:
Ա. Դավթյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում երիտասարդ գիտնականներին, որոնք, գիտական աշխատանքին զուգահեռ, դիցուք՝ սրճարան են աշխատեցնում: ԱԺ պատգամավորն ասաց. «Ինչպե՞ս կարող եմ նորմալ վերաբերվել, երբ երիտասարդ գիտնականը իր ժամանակի զգալի մասը գիտության հաշվին կենցաղային խնդիրներ լուծելով է զբաղվում»: Ս. Գեւորգյանի կարծիքով, դրա մեջ վատ բան չկա. «Երեխա է, թող աշխատացնի, ինչ է նշանակում՝ գիտության հաշվին: Հո ասպիրանտների մսից քյաբաբ չի՞ պատրաստում: Դրսում էլ գիտություն գնացող երեխեքը նաեւ աշխատում են»:
«Ա1+»-ի հարցը վերաբերում էր նրան, որ «Հ1»-ին ավելի շատ գումար է բյուջեով հատկացվում, քան գիտության ոլորտին: Ա. Դավթյանը փաստեց, որ «Հ1»-ին տրվող գումարը 2 անգամ ավելի շատ է ու ինչ-որ կցկտուր պարզաբանում տվեց, թե դա ինչպես է ստացվել. «Երբ կոնկրետ գիտությանը հատկացնում ենք ավելի շատ գումար, պիտի ցույց տանք, թե ո՞ր ծախսային հոդվածն է, որ պակասեցնելով պիտի ուղղենք գիտության եւ գիտատեխնիկական ոլորտ: Բյուջեում ամեն ինչ հաշվեկշռվածության հիման վրա է գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել