Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր երեկոյան՝ «Ուլիսի» նորամուտը եվրոասպարեզում

Հուլիս 01,2010 00:00

Այսօր երեկոյան եվրոպական մրցասպարեզում իր առաջին հանդիպումը կանցկացնի Երեւանի «Ուլիսը»: Իսրայելական «Բնեի Յեհուդայի» հետ «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլի մեկնարկային խաղից առաջ Սեւադա Արզումանյանի թիմը թե կորուստներ է կրել, թե համալրվել: Այդպես, վնասվածքից դեռ չի ապաքինվել Ալեքսանդր Պետրոսյանը, իսկ առաջնության վերջին խաղում թիմը զրկվել է նաեւ փորձառու կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանից: Փոխարենը՝ Բաքվի «Ինտերի» հետ պայմանագրի ավարտից անմիջապես հետո պայմանագիր է կնքվել Վիտալի Լեդենեւի հետ: Թիմի նորեկը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:
Այս ամենի մասին թիմի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը հայտնեց խաղի նախօրեին հրավիրված մամլո ասուլիսում: Արզումանյանը նշեց նաեւ, որ թիմում կան տղաներ, ովքեր կարող են լրացնել վնասվածք ստացած ֆուտբոլիստների բացը: Ավելին, ուլիսցիները հասկանում են, որ իրենց տրվել է Հայաստանը եւ հայկական ֆուտբոլը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն ու դրանից պետք է լավագույնս օգտվել: Թեեւ մրցակցի մասին տեղեկությունները շատ սուղ են, այն էլ՝ միայն անհատ ֆուտբոլիստների ցուցադրած խաղի մասին տեղեկությունների մակարդակով, այնուամենայնիվ, Սեւադա Արզումանյանը վստահ է, որ ամբողջ խաղում հարյուր տոկոսանոց պայքարի եւ նվիրվածության պարագայում մեր թիմը չի պարտվի: Մանավանդ՝ ժամանակն է ապացուցելու, որ հայկական ֆուտբոլի վիճակն այնքան էլ վատ չէ, որքան դրա մասին խոսում են Իսրայելում: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքներից հետո «Բնեի Յեհուդայի» գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը, ում թիմերն արդեն երեք անգամ հանդիպել են հայկական ակումբների հետ, հայտարարել էր, թե իր թիմին հեշտ մրցակից է բաժին ընկել: Սեւադա Արզումանյանը փաստեց, որ Կաշտանի այդ թերահավատ հայտարարությունը զայրացրել է իրենց, ուստի «Ուլիսը» ամեն ինչ կանի՝ հայկական ֆուտբոլի թասիբը բարձրացնելու համար:
Հայկական ֆուտբոլին «Բանանցում» իր մրցելույթներով ծանոթ «Ուլիսի» նորեկ Վիտալի Լեդենեւը նույնպես կարծում է, որ մեր թիմն ի զորու է հաղթահարել իսրայելցիների արգելքը: «Ես «Բնեի Յեհուդայի» դեմ խաղացել եմ իսրայելական ակումբներում, ուստի ծանոթ եմ նրա խաղաոճին: Կարծում եմ, մենք լավ հնարավորություն ունենք՝ արժանի հանդես գալու առաջիկա խաղում»,- նշեց Լեդենեւը:
«Բնեի Յեհուդայի» ներկայիս եւ «Հապոելի» ու Իսրայելի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանն իր հերթին փաստում է, որ տարեցտարի հայկական թիմերն ավելի ուժեղանում են: «Բնականաբար, մեր նպատակը մեկն է՝ հաղթել այս խաղում ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Ձգտելու ենք առաջ գնալ եւ հանդես գալ ավելի լավ, քան նախորդ տարիներին: Սակայն «Ուլիսի» խաղին ծանոթ չեմ: Մենք փորձել ենք դիտել հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, բայց ձեր հեռուստատեսությունը շատ զբաղված է՝ ֆուտբոլ ցուցադրելու համար»,- կատակեց Կաշտանը:
Ավելացնենք, որ «Բնեի Յեհուդան» Իսրայելի նախորդ առաջնությունն ավարտել է 4-րդ հորիզոնականում, ու Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք վաստակել, քանի որ Իսրայելի գավաթի եզրափակչի մասնակից էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել