Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ

Հուլիս 30,2010 00:00

Ղազախստանում ցորեն չմնաց, Ռուսաստանն էլ ցորենի արտահանման վրա արգելանք կդնի

«Մտավախություն կա, որ Ռուսաստանը առաջիկայում կարգելի ցորենի արտահանումը, վիճակը բարդ է, ՌԴ-ում ամենահասարակ ցորենը, որը անասնակերի կամ սպիրտի համար է տրվում, էլ չի ճարվում, որովհետեւ ռուսները դա խառնում են լավ ցորենի հետ, դարձնում միջին տեսակի ցորեն ու վաճառում, ցորենի դեֆիցիտ է: Ամեն օր Ռուսաստանից, Կրասնոդարից մեր գործընկերները գալիս են ու ասում՝ վիճակն ավելի է բարդանում, գները բարձրանալու միտում ունեն: Ղազախստանից էլ զանգում ու տեղեկացնում են՝ ցորենին ինչ գին ասեն՝ վերցրեք, Ղազախստանում ցորեն չմնաց»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր Հայաստան ցորեն ներկրող «Մանչոգրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանում երաշտի պատճառով ցորենի մեկ տոննան անցած շաբաթ $145-ից դարձավ $220. «Այսպես որ գնա, միջազգային շուկայում ցորենի մեկ տոննայի գինը շաբաթվա կտրվածքով $10-20-ով կավելանա, հետեւաբար, Հայաստանում կբարձրանա ալյուրի գինը, կարծում եմ՝ մեկ պարկի գինը մոտ 200 դրամով»: Պարոն Մոսոյանը մտավախություն ունի, որ ցորենի ճգնաժամը մեղմելու ելք չէ նույնիսկ Ստավրոպոլից ցորեն ներկրելը. «Հնարավոր է, այնտեղից էլ ցորենի արտահանման վրա արգելանք դրվի, ճգնաժամն այնտեղ էլ է հասնում, աշխատում ենք այսօրվա գներով ինչքան կարողանանք ներկրել, հետո տեսնենք՝ ինչ կլինի, եթե այլ ելք չլինի, ստիպված կլինենք ներկրել Կանադայից ու ԱՄՆ-ից, բայց ճանապարհածախսն արդեն հսկայական գումար է կազմելու»: Պարոն Մոսոյանն, անդրադառնալով մեր երկրում հացի հնարավոր թանկացումներին, վստահեցրեց, որ հացի գնի կտրուկ թանկացումներ չեն լինի. «Մեկ պարկ ալյուրը 1000 դրամով թանկանալու դեպքում հացի գինը կբարձրանա 10 դրամով: Ցորեն ներկրող ընկերություններս ունենք մեկ ամսվա պաշար, բացի դրանից, ամեն մեկս համարյա երկու ամսվա պաշար էլ հիմա տնտեսում ենք, այնպես որ՝ մի քանի ամիս ապահովված ենք: Այսօրվա հացի գները դեռ անփոփոխ կմնան, թանկացումները հետո կերեւան»:
Երեկ կառավարությունում բրիֆինգի ժամանակ ալյուրի թանկացումներին անդրադարձավ նաեւ ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը. «Մեր աշխատակիցները եղել են Ստավրոպոլում, ՌԴ-ում եւ տեղեկացնում են, որ ահավոր տարի է ցորենի արտադրության համար, ցածր բերք են կանխատեսում: Շուկան է որոշելու գինը, եթե ապրանքի պահանջարկն ավելացավ, բնականաբար, ալյուրի գինն էլ կավելանա, թե մինչեւ ո՞ւր կհասնի՝ չենք կարող ասել, մոնիտորինգ ենք անցկացնում, այս հարցով համագործակցում ենք նաեւ տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ, որ խնդրի լուծումը գտնենք: Իմ համոզմամբ՝ լավագույն լուծումը մեր տեղական ցորենի սերմարտադրությունը զարգացնելն է»:
Գործադիրը երեկ հաստատեց Հայաստանում 2010-14թթ. ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագիրը: Ծրագրի իրականացման համար կառավարությունն արդեն 558 միլիոն դրամ է հատկացրել: Գյուղնախարարի խոսքով, արդեն պայմանավորվածություն ունեն Ստավրոպոլի «Լուչ» ՍՊԸ-ի հետ՝ 950 տոննա «էլիտար» սերմ Հայաստան բերելու մասին: Նրա տեղեկացմամբ, եւս 500 տոննա ձեռք կբերեն տեղական սերմնաբուծարաններից. «2014-ին արդեն մոտ 115-120 հազար հեկտար ցորենի ցանքատարածություն կունենանք, ինչը վերջին հինգ տարվա ընթացքում բավականին նվազել է. եթե 2005-ին ունեինք 127 հազար հեկտար հացահատիկային կուլտուրաներ, ապա, նախորդ տարվա տվյալներով, դրանց թիվը հասել է 82 հազարի, պատճառը անորակ սերմն է»: Պարոն Ալավերդյանը հիշեցրեց, որ Հայաստանում արտադրվում է 2000 տոննա սերմ եւ սպառվում 30-40 հազար տոննա. «Ցորենի պահանջը, տարեկան կտրվածքով, կազմում է 650-670 հազար տոննա, որից ընդամենը մոտ 200 հազար տոննան ենք արտադրում տեղում, մնացած մասը ներկրում ենք, այս ծրագրի հաջող իրականացման դեպքում տարեկան կունենանք 350-400 հազար տոննա արտադրություն եւ կնվազեցնենք ներկրումը ու ինքնաբավության մակարդակը՝ 37%-ից կհասցնենք 55%-ի»: Գյուղնախարարը հավելեց. «Առաջին տարում ֆերմերներին կտանք սերմ՝ պայմանագրային հիմունքներով, հաջորդ տարի մեզ վերադարձնի՝ 1:2-ի հարաբերությամբ, այսինքն՝ եթե մեկ հեկտարի համար օգտագործում են 300 կգ սերմ եւ մոտավոր հաշվարկներով մեկ հեկտարից կստանան 3-4 տոննա բերք, այդ 1 հեկտարի շրջանակներում կտանք 300 կգ եւ կվերադարձնեն 600 կգ: Հաջորդ տարի մեր հավաքած խմբաքանակը կտանք առանց տարածքի սահմանափակման՝ մինչեւ 3 եւ ավելի հեկտար հողօգտագործողներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031