Լրահոս
Օրվա լրահոսը

Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված«SHINE» ստեղծագործությունը

Ապրիլ 30,2024 15:25

Լոս Անջելես, Կալիֆորնիա. 2024 թ. ապրիլի 30. «Գրեմմիի» ներկայացված հայտնի արտիստ Ալոե Բլեքը կներկայացնի իր «SHINE» ստեղծագործությունը՝ նվիրված «Ավրորայի» հերոսներին: Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ Լոս Անջելեսում: «Ավրորա» մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) կշնորհվի բացառիկ հերոսի՝ հիմք ընդունելով նրա ցուցաբերած խիզախությունը, նվիրվածությունը եւ ունեցած ազդեցությունը: «SHINE» երգի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այն հերոսներն իրենց համառությամբ եւ խիզախությամբ, որոնք պայքարում են հանուն արդարության եւ մարդկության: Այս նոր ստեղծագործությունը կթողարկվի բոլոր հարթակներում պրեմիերայի կենդանի կատարմանը զուգընթաց՝ 2024 թ. մայիսի 9-ին՝ Կալիֆորնիայի ժամանակով 21:00-ին:

«Ես միշտ խոր հիացմունք եմ ունեցել նրանց հանդեպ, ովքեր համբերատար հաղթահարել են անմարդկային փորձություններ, ինչպես օրինակ՝ Նելսոն Մանդելան, որն ի վերջո դուրս բերեց իր ժողովրդին խավարից», – ասաց Բլեքը: «Խիզախ մարդիկ, ինչպիսիք են Աբդուլհադի ալ-Խավաջան, Դենիս Մուկվեգեն եւ Նասրին Սոթուդեն, որոնք պատրաստ են իրենց կյանքը վտանգել հանուն ուրիշների, ինձ հույս են տալիս, որ բարին կհաղթի չարին»:

Հարավային Կալիֆորնիայում ծնված Բլեքը երաժշտությամբ է տարվել եւ սկսել երգեր գրել դեռ վաղ հասակում՝ դառնալով համաշխարհային հիթերի հեղինակ, ինչպիսիք են «I Need a Dollar» եւ «The Man» երգերը: Նա նաեւ Ավիչիի հետ համահեղինակել է եւ ապահովել «Wake Me Up» մեգահիթի վոկալը, որը 22 երկրում գլխավորել է երաժշտական աղյուսակները: Բլեքը երկար ժամանակ զբաղվում է բարեգործությամբ, այժմ, համագործակցելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ, նա ընդլայնում է իր հանձնառությունը սոցիալական խնդիրների հաղթահարման գործում:

«Երաժշտությունը ողջ մարդկությանը ոգեշնչելու եւ համախմբելու ուժ ունի: Մենք շնորհակալ ենք Ալոե Բլեքին՝ իր մեծ տաղանդի, «Ավրորայի» հետ համագործակցելու եւ «SHINE» երգի համար, որը կօգնի մեզ շարունակել ուշադրության կենտրոնում պահել մարդասերների կարեւոր առաքելությունն ամբողջ աշխարհում», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: «Մենք ողջունում ենք Ալոեին իր տաղանդը հանրությանն ի նպաստ բերելու համար եւ հուսով ենք, որ «SHINE» երգը լսելիս մարդիկ հաղորդակից կլինեն նրա խոսքի ուժին եւ հույսի ուղերձին»:

«Բոլոր մարդիկ իրավունք ունեն ուրախության, ապահովության, արժանապատվության եւ մարդկային վերաբերմունքի: Բոլորս այստեղ ենք, որպեսզի զգանք լավագույնը, որ կարող է տալ կյանքը»,- ասաց Բլեքը: ««SHINE»-ի հետ ես ձեզ եմ փոխանցում նաեւ կարեկցանքի եւ ոգեշնչման խոսքեր` նպաստելու սոցիալական դրական վերափոխմանը: Հուսով եմ, որ այս երգը կխրախուսի մյուսներին՝ միանալու «Ավրորայի» համաշխարհային մարդասիրական շարժմանը»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է աջակցել նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը՝ փրկելու հակամարտությունների կամ ոճրագործությունների հետեւանքով տուժածների կյանքը: «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան` շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն մարդկանց, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: 

Ալոե Բլեքի լուսանկարը՝ Զաք Բելլի:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930