Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաթափերից կվնասազերծեն

Հուլիս 30,2010 00:00

Երեկ կառավարությունը հաստատեց  Երեւան քաղաքի հողերի նպատակային նշանակությունը  փոխելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ Երեւանի Աջափնյակ համայնքի Տիչինայի փողոցին հարող տարածքի 59,37 հեկտար համայնքային  սեփականություն հանդիսացող  հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիան կփոխվի, եւ դրանք կդառնան համաքաղաքային նշանակության գործառույթներով օժտված կառուցապատման համար նախատեսված հողեր: Հետաքրքիր է, որ քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարությունները առարկել են այս որոշմանը, քանի որ ըստ քաղաքաշինության նախարարության՝ այդ տարածքը հանդիսանում է «Շահումյան-2» գործող գերեզմանատան սանիտարապաշտպանիչ գոտի, որի սահմաններում կառուցապատման իրականացումը հակասում է քաղաքաշինական նորմերին։ Իր հերթին, բնապահպանության նախարարությունը կառավարությանը տեղեկացրել էր, որ այդ տարածքը քաղաքի սակավ կանաչապատ տարածքներից է եւ պետք չէ փչացնել: Հիշեցնենք, որ այդ կողմերում «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը շինարարություն է անում, եւ ամենայն հավանականությամբ այդ 59,37 հա տարածքն էլ հատկացվի այդ ընկերությանը՝ կառուցապատման համար։ Ի դեպ, ըստ  Երեւանի քաղաքապետարանի, նշված հողատարածքների ֆունկցիոնալ նշանակությունը չի փոխվի, կառուցապատողը հոգ կտանի նաեւ կանաչ տարածքների ավելացման համար։
Երեկ գործադիրը հաստատեց նաեւ Հայաստանի շենքերին ու շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը: ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի խոսքով, վերջին քսան տարվա ընթացքում հանրապետությունում քարաթափության կանխարգելման ուղղությամբ ոչինչ չի արվել, ինչի պատճառով քարաթափերի վտանգն առկա է: ՀՀ 45 համայնքներում քարաթափերի լուրջ վտանգի գոտում է գտնվում մոտ  706 անհատական եւ 6 բազմաբնակարան շենք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 125 403քմ, որտեղ բնակվում է 4040 բնակիչ:
Կառավարությունը որոշում ընդունեց նաեւ, որ ՀՀ ազգային արխիվին կհատկացվի 79 միլիոն 309 հազար դրամ՝ արխիվապահոցները վերակառուցելու նպատակով: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը նիստի ժամանակ ասաց, թե արխիվապահոցները գերծանրաբեռնված են գործում, իսկ վերակառուցման դեպքում առաջիկա 10-15 տարիներին կլուծվի արխիվի համալրման հարցը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ, Հանրային խորհրդին հնարավորություն տրվեց կառավարությանը հարցեր ներկայացնելու եւ մասնակցելու դրանց քննարկմանը, ինչպես կառավարության ենթակա բոլոր մարմինները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել